Բաժիններ՝

Խոստանում են սփյուռքի ներուժն այլ կերպ օգտագործել

Մեկնարկել  է «ներՈՒԺ» երիտասարդական ստարտափների ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվել է Երևանում, բայց առաջիկա օրերի ընթացքում այն կանցկացվի Դիլիջանում՝ UWC դպրոցում:

Ծրագիրն իրականցնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC), Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ ջանքերով:

Ինչպես 168.am-ը արդեն պատմել էր, «ներՈՒԺ»-ը 18-35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար նախատեսված ինտերակտիվ ծրագիր է՝ ուղղված նրանց ձեռնարկությունների առաջխաղացմանը՝ գիտելիքային բազայի հարստացման, կապերի ընդլայնման, ներդրողներին ու ժյուրիին ծրագրերը ներկայացնելուց հետո ֆինանսավորում ստանալու միջոցով։

Նշենք , որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում ծրագրին հնարավորություն են ստացել մասնակցել նաև հայաստանաբնակ երիտասարդ ստարտափերներ:

«Այս ձևաչափով «ներՈւժը» հետաքրքիր հնարավորություն է ընձեռում հայաստանաբնակ ստարտափերներին` իրականություն դարձնելու իրենց գործարար գաղափարներն ու ծրագրերը, ինչպես նաև դառնում է հայաստանյան ու սփյուռքյան ստարտափերների հաղորդակցման, փորձի փոխանակման և համագործակցության նոր տեսլականների ձևավորման հարթակ»,- նշում են Սփյուռքի նախարությունում:

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս ծրագիրն առանցքային նշանակություն է ունենալու Հայաստանի և Սփյուռքի միջև գործակցության համատեքստում:

«Մեր պատկերացմամբ՝ սա Հայաստան-Սփյուռք գործակցության փիլիսոփայության փոփոխության սկիզբն է, առաջին քայլը: Նախկինում Սփյուռքին մենք ուղարկում էինք հաղորդագրություն նման բովանդակությամբ՝ եթե դուք ունեք գումար և պատրաստ եք այն ծախսել Հայաստանում, եթե ունեք փող և ցանկանում եք կիսվել, ներդրումներ կատարել, բարեգործություն անել, ուրեմն դուք կարևոր եք…

Այս ամբողջը ներկայացնում էր հայաստանակենտրոն, միակողմանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետությունը տանում էր Սփյուռքի հետ հարաբերություններում:

Այսօր մենք ասում ենք՝ «ներՈՒԺ»-ի սիրելի մասնակիցներ, անկախ այն բանից՝ 10 դոլար, թե 10 հազար դոլարով  եք ժամանել  «Զվարթնոց» օդանավակայան, եթե դուք ունեք գաղափար և փայլուն միտք, նորարար, ստեղծարար և պատրաստակամ եք, ունեք ցանկություն այն իրականացնել Հայաստանում, ապա դուք մեզ համար կարևոր եք: Մենք ստեղծում ենք հնարավորություն հատկապես սփյուռքահայ այն երիտասարդների համար, ովքեր ունեն ստեղծարար և նորարարական մտքեր, բայց չունեն հնարավորություն դրանք իրականացնելու Հայաստանում:

Մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ մեր սփյուռքահայ երիտասարդները կարող են հաստատվել Հայաստանում, հաստատել մշտական բնակություն և իրականացնել իրենց բիզնես գաղափարները: Խոսքը միայն դրամաշնորհների մասին չէ: Ամբողջ տարվա ընթացքում ձեզ հետ աշխատելու են պրոֆեսիոնալները: Նրանց և մեր խնդիրն է՝ օգնել ձեզ հաջողությամբ իրականացնել ձեր բիզնես նախագծերը:  Այս ծրագիրը, որը պիլոտային է, մեզ հնարավորություն է տալիս հետագայում փոփոխություններ անել: Հայաստան-Սփյուռք գործակցության նոր փիլիսոփայությունը հիմնված է լինելու փոխշահավետության սկզբունքի վրա»,- նշում է Մխիթար Հայրապետյանը:

Նշենք նաև, որ ծրագրի մինչև 10 հաղթողները կստանան մինչև 15 միլիոն դրամ դրամաշնորհ: Ստարտափները, որոնք գրանցված են Հայաստանում կամ Արցախում, կստանան էկոհամակարգի հատուկ պարգևներ:

Հաղթողները կստանան նաև իրավական և հարկային անվճար խորհրդատվություն, FAST ստարտափ ստուդիային անդամակցություն 4 ամսով («քոուչինգ» և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորություն), Impact Hub-ում 8 ամսվա փորձառնության ծրագիր մենթորություն և «քոուչինգ» ոլորտի փորձագետների կողմից, աջակցություն գործընկեր կազմակերպությունների կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս