«ՆերՈՒԺ». Սփյուռքահայ ձեռներեցները կստանան մրցանակները Հայաստան, կամ՝ Արցախ տեղափոխվելուց հետո
Դեկտեմբերի 16-21-ը UWC Դիլիջան քոլեջում կանցկացվի«ներՈՒԺ» երիտասարդական ստարտափների ծրագիրը:
Սփյուռքի նախարարությունում նշում են, որ «ներՈՒԺ»-ը18-35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար նախատեսված ինտերակտիվ ծրագիր է՝ ուղղված նրանց ձեռնարկությունների առաջխաղացմանը՝ գիտելիքային բազայի հարստացման, կապերի ընդլայնման,ներդրողներին ու ժյուրիին ծրագրերը ներկայացնելուց հետո ֆինանսավորում ստանալու միջոցով։
Ծրագրի նպատակն է՝ Սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել ստարտափները բերել Հայաստան և բարելավել երկրում ստարտափների էկոհամակարգը։
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել 18-35 տարեկան հայազգի այն ստարտափերները, ովքեր մշտապես ապրել են Հայաստանից դուրս, կամ՝ վերջին 6 ամիսների ընթացքում են տեղափոխվել Հայաստան:
Սփյուռքի նախարարությունում մեկնաբանում են, որ ընտրվել է տարիքային այն խումբը, որի հետ մինչ այս Սփյուռքի նախարարությունը չի աշխատել կամ պասիվ է աշխատել:
«Մենք գնահատում ենք մեր ունեցածամուր հարաբերությունները մյուս տարիքային խմբերի ներկայացուցիչների հետ ու տանում ենք ամենօրյա աշխատանքներ այդ կապերն ամրապնդելու համար:
«ՆերՈւԺ» ծրագրում սահմանած տարիքային շեմով մենք խտրականություն չենք դնում, հակառակը, պարզապես ցանկանում ենք նպաստել նաև մինչ օրս նախարարության հետ ավելի քիչ կապ ունեցող շերտի ակտիվացմանը»,- նշում են նախարարությունում:
Այս տարի ծրագրիթիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և նորարար տեխնոլոգիաները։
ՀՀ Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ նշում է, որ 2018-ը պիլոտային է «ներՈՒԺ»-ի համար, և կան չափանիշեր, որոնք նախատեսված են հենց պիլոտային տարվա համար:
«Այդ չափանիշերից էոլորտային սահմանափակումը, որը, շատ հնարավոր է, հանվի մյուս տարիների համար։ Իսկ թե ինչո՞ւ են այս տարի հենց այդ երեքը ընտրվել,մեր կարծիքով՝ սրանք հենց այն երեք ոլորտներն են, որոնք Հայաստանում զարգացման կարիք և հնարավորություն ունեն հենց ստարտափ էկոհամակարգի միջոցով»:
Նախնական փուլն անցած ստարտափներից 2-ական մասնակից կհրավիրվի Հայաստան՝ մանակցելու ծրագրին: Հանձնաժողովի կողմից կընտրվեն մինչև հարյուր լավագույն գաղափարներ:
Ծրագրի մինչև 10 հաղթողները կստանան մինչև 15 միլիոն դրամ դրամաշնորհ: Հաղթողները կստանան մրցանակներն այն բանից հետո, երբ կտեղափոխվեն Հայաստան կամ Արցախ:
«Ըստ էության ծրագիրն իրականացվում է Սփյուռքի նախարարության «հայրենադարձություն» կոնցեպտի շրջանակներում, ինչն իրենից ենթադրում է անձի ապրելու վայրի տեղափոխություն հայրենիք։ Այս ծրագրի իմաստն այն է, որ դա իրականացվի ֆինանսական հնարավոր ցնցումների ռիսկից ապահովված»,- նշում է Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը:
Ստարտափները, որոնք գրանցված են Հայաստանում կամ Արցախում, կստանան էկոհամակարգի հատուկ պարգևներ:Հաղթողները կստանան նաև իրավական և հարկային անվճար խորհրդատվություն, FAST ստարտափ ստուդիային անդամակցություն 4 ամսով («քոուչինգ» և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորություն), Impact Hub-ում 8 ամսվա փորձառնության ծրագիր, մենթորություն և «քոուչինգ» ոլորտի փորձագետների կողմից, աջակցություն գործընկեր կազմակերպությունների կողմից:
Ըստ Արամայիս Գրիգորյանի՝ նախագծի մասին կարծիքները հիմնականում դրական են:
«Ծրագրի մասին կարծիքները տարբեր չեն։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ գրեթե բոլորը դրական են տրամադրված և գաղափարը «հրաշալի» են գնահատում։ Սակայն նաև պետք է նշեմ, որ նմանատիպ ծրագրերի մասին ողջ սփյուռքահայությանը տեղեկացնելը տևական գործընթաց է, և այժմ ոչ բոլորն են տեղյակ ծրագրի մասին։ Գուցե դա մինչ այժ հավաքագրված տվյալների բազային ստրուկտուրայից է»:
Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC), Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ ջանքերով:
Սիրարփի Աղաբաբյան