Այսօրվա դասարանը վաղվա տնտեսությունն է
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 350 և 800 հազար մարդկանց մասին՝ բուռն քննարկումների առիթ դարձան։ Իհարկե, ընդունելի չեն հասարակությունը սպիտակների և սևերի, «ճռռացողների» և «ճռռացողների հաշվին ապրողների» բաժանելու մոտեցումները։ Նման բաժանումները պառակտում են հասարակությունները՝ անհնարին դարձնելով համակարգային խնդիրների լուծումը։ Կարևոր է հասկանալ, որ Հայաստանում առկա խնդիրների հիմնարար լուծումը հնարավոր է միայն համախմբման միջոցով։
Այդուհանդերձ, վարչապետի հայտարարությունները խնդրի արմատների մասին մտորելու տեղիք են տալիս։ Փորձենք հասկանալ նման իրավիճակի կրթական պատճառները։ Հայաստանի կրթական համակարգի օպերացիոն տրամաբանությունն այնպիսին է, որ վաղ տարիքից երեխաները բաժանվում են երկու խմբի։ Առաջին խմբում այն երեխաներն են, ովքեր վաղ տարիքից ստանում են բարձրակարգ կրթական ծառայություններ, զարգացնում են իրենց ներուժը և, ի վերջո, գտնում են բարձր վճարվող աշխատանք Հայաստանում կամ արտերկրում։ Երկրորդ խմբում այն երեխաներն են, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ, պետությունից և ընտանիքից էական աջակցություն չեն ստանում։
Այս երեխաները չեն ստանում բավարար գիտելիքներ և հմտություններ, ինչի արդյունքում դժվարությամբ են աշխատանք գտնում, եթե, իհարկե, հարազատներից մեկը նրանց աշխատանքի չի տեղավորում։ Այսպիսով, մեր կրթական համակարգը հենց սկզբից երեխաներին բաժանում է։ Նման իրավիճակներ առաջանում են նաև զարգացած երկրներում։ Բայց այդ երկրները հասկանում են, որ նման բաժանումը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։
Ի վերջո, այսօրվա դպրոցական դասարանում առկա իրավիճակը կանխորոշում է մեր վաղվա տնտեսական վիճակը։ Այդ պատճառով շատ երկրներում կարևորում են վաղ մանկության կրթությունը։ Աշխարհի շուրջ 50 երկրներում նախադպրոցական կրթությունը պարտադիր է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ վերջերս հայտարարեց, որ երկրի բոլոր երեխաների համար կրթությունը 3 տարեկանից դառնում է պարտադիր։
Կան հաշվարկներ, որ վաղ մանկության տարիքում ներդրված յուրաքանչյուր դոլարը տարիներ անց տասնապատկվում է և նպաստում է տնտեսության զարգացմանը։ Ցավոք, Հայաստանում նախադպրոցական կրթությունը և կրտսեր դպրոցը չեն կարևորվում։
Երեխաների բաժանումն էլ ավելի է խորանում 5-6-րդ դասարաններում։ Բազմաթիվ աշակերտներ կրտսեր դպրոցն ավարտում են ընթերցելու, հաշվելու, գրելու շատ թույլ մակարդակով, ինչի արդյունքում այդ երեխաները որևէ շանս չունեն սովորելու «Բնագիտություն», «Հայրենագիտություն» և նմանատիպ այլ առարկաներ։ 5-րդ դասարանում դասավանդող ուսուցիչը չգիտի՝ ինչ պետք է անի այդ երեխաների հետ։ Շատ երկրներ նման իրավիճակների համար ունեն լուծումներ։
Օրինակ՝ Գերմանիան, Հոլանդիան 6-րդ դասարանում անցկացնում են քննություններ։ Այդ քննությունների արդյունքների հիման վրա երեխաները կարող են իրենց ուսումը շարունակել երեք մակարդակի դպրոցներում։ Բարձր առաջադիմությամբ աշակերտները շարունակում են սովորել ակադեմիական ուղղվածությամբ դպրոցներում, մյուսները՝ ակադեմիական ավելի ցածր մակարդակի դպրոցներում։ Այս ձևով պետությունը երեխաներին առաջարկում է կրթության տարբեր ուղիներ, որոնց արդյունքում երկիրն ունենում է՝ ինչպես ակադեմիական մասնագետներ, այնպես էլ՝ արհեստավորներ, տեխնիկական աշխատանք կատարողներ։ Շատ ավելի հումանիստական մոտեցում ունի Ֆինլանդիան։ Այստեղ կարծում են, որ վաղ տարիքում երեխաներին տարբեր դպրոցներ ուղարկելը ճիշտ չէ։
Հետևաբար՝ այստեղ հետ մնացող աշակերտներն անվճար լրացուցիչ աջակցություն են ստանում պետության կողմից։ Հայաստանում հետ մնացած երեխաները ստիպված են սպասել մինչև 9-րդ դասարանի ավարտը։ Այդ ընթացքում այս երեխաները պարզապես ժամանակ են վատնում։ Նրանք գրեթե ոչինչ չեն սովորում, քանի որ հետ են մնացել և նոր նյութը չեն ընկալում։ Արդյունքում՝ նրանց մոտ խորանում են ծուլանալու, չաշխատելու, ոչինչ չանելու հակումները։ Նման մի աշակերտ ինձ ասաց, որ ամեն օր գալիս է դպրոց և 7 ժամ սպասում է 7-րդ դասաժամի զանգին։ Ինքը դաս չի սովորում, իրեն դաս չեն հարցնում։ Հենց այսպես բազմաթիվ երեխաներ սկսում են երազել այն մասին, թե երբ են մեծանալու ու արտագնա աշխատանքի մեկնելու։
Հայաստանում խնդիրն արմատական լուծում չի ստանում նաև 9-րդ դասարանից հետո։ Քանի որ Հայաստանում պարտադիր է 12-ամյա կրթությունը, այս երեխաները պետք է գնան կամ քոլեջներ, կամ էլ ուսումը շարունակեն ավագ դասարաններում։ Հայաստանի մի շարք գյուղերում ավագ դասարաններ չկան։ Հետևաբար՝ այս երեխաները պետք է գնան հարևան գյուղեր կամ քաղաքներ։ Բայց աստեղ էլ տրանսպորտի բացակայությունը և/կամ չսովորելու ցանկությունն են դեր խաղում։ Հետևաբար՝ բազմաթիվ աշակերտներ կամ նորմալ դասի չեն հաճախում, կամ էլ ձևական գնում են դպրոց ու ևս երեք տարի վատնում իրենց կյանքից։
Խնդիրները շարունակում են խորանալ նաև բարձրագույն կրթության աստիճանում։ Այստեղ էլ ուսումնական ծրագրերը ժամանակակից չեն, դասախոսների զգալի մասը չի տիրապետում դասավանդման հմտությունների, ուսանողների զգալի մասը չունեն գիտելիքների և հմտությունների բավարար պաշար, շատերի մոտ բացակայում է սովորելու ցանկությունը։ Արդյունքում՝ ևս 4 կամ 6 տարի անցնում է անարդյունավետ։ Նման կրթական համակարգ ունեցող երկիրը դեռ լավ է, որ 350 հազար «ճռռացողներ» ունի։ Ու եթե շարունակենք անտեսել կրթության խնդիրները, մտածենք միայն քաղաքական ու տնտեսական հարցերի մասին, մասնակցենք միայն քննիչների ու դատախազների մասնագիտական տոներին՝ անտեսելով Ուսուցչի տոնը, ապա իրավիճակն էլ ավելի կվատանա։
Որպեսզի իրավիճակ փոխվի, պետությունն իր աշխատուժի մասին պետք է մտածի նախօրոք։ Պետք է ներդրում անես քո ապագա աշխատուժի վրա, որպեսզի ավելի որակյալ աշխատուժ ունենաս։ Եթե բեռը թողնում ես ընտանիքների վրա, որոնց 30%-ն աղքատ է, եթե ուսուցիչներին ու դասախոսներին նորմալ չես վարձատրում, ապա երկիրդ չի կարող ունենալ բարձրակարգ աշխատուժ։