Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով
«Արդեն բազմաթիվ ներդրումներ են արվել թե՛ դրսից, թե՛ ներսում. Հայաստանը պետք է զարգանա ներքին ներդրումների շնորհիվ, մենք որպես համակարգ, պետք է ինքնուրույն որոշում կայացնենք մեր երկիրը զարգացնելու համար: Ներքին ռեսուրսներով և ներքին խնայողություններով պետք է զարգանա մեր երկիրը. այսպիսին է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասել է վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը՝ հավելելով, որ ներքին խնայողություն ասելով՝ նկատի է առնվում նաև հայկական Սփյուռքը:
Վ. Կարապետյանի հավաստմամբ՝ ներդրումներ արդեն իսկ կան։ Մասնավորապես, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են:
Արդյո՞ք շինարարության տեմպերն աննախադեպ են։ Այո, եթե հունվար-սեպտեմբերին շինարարության ոլորտի 7.6% աճը համեմատենք վերջին տարիների տխուր ցուցանիշների հետ, ապա աճն աննախադեպ է։
Սակայն դինամիկան է շատ տխուր. տարվա սկզբի բարձր աճը գնալով դանդաղել է, ինչի մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը։
Այսպես, եթե այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել էր 23%-ով, ապա երկրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչև 9.1%։
Իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակում՝ 2017-ի նույն եռամսյակի համեմատ, շինարարության աճը կազմել է ընդամենը 2% (ծավալը՝ 118.1 մլրդ դրամ)։
Շինմոնտաժային աշխատանքների գծով դինամիկան ավելի տխուր է։ Առաջին եռամսյակի 14%-անոց աճը երկրորդ եռամսյակում նվազել է մինչև 6.8%, իսկ երրորդ եռամսյակում արձանագրվել է 0.2% անկում։
Այնպես որ, շինարարության աննախադեպ աճ կար տարվա սկզբին, սակայն այժմ, դատելով դինամիկայից, շինարարությունը վերադառնում է իր նախկին լճացած վիճակին։