«Ես ինձ համար հայտնաբերել եմ, թե ի՞նչ են որոնում արվեստի մեջ բոլոր արվեստագետները». Մովսես Հերկելյան
Արվեստի ստեղծագործությունների վաճառքն այսօր աշխարհում տարածված, շահութաբեր ու հեղինակավոր ոլորտներից է հանդիսանում։ Այն միանգամից մի քանի խնդրի լուծում է առաջարկում։ Նախ, արվեստի առևտուրը տվյալ երկրի մշակույթի տարածման լավագույն միջոցներից է, հետո այն ապահովում է տաղանդավոր արվեստագետների նյութական կայունությունը, շնորհիվ գալերեաներում կազմակերպվող ցուցահանդեսների աշխուժանում է նաև խոշոր քաղաքների հասարակական ժամանցի մտավոր ոլորտը։
Եթե ազնիվ և համեստ գտնվենք, ապա պետք է փաստենք, որ արվեստի բիզնեսը Հայաստանում բավական սահմանափակ և մասնավոր բնույթ է կրում և չունի ձևավորված գործելաոճ ու կանոնակարգ։ Ցանկացած ստեղծագործող արվեստագետի համար կայացած գալերիստի հետ համագործակցելը երազանք է, քանզի դա և՛ ճանաչում է, և՛ թե ապահովություն։
Բարեբախտաբար, վերջերս կրկին հայրենիքում է լիբանանահայ արվեստաբան գալերիստ, Բեյրութի «Նոազ արք» արվեստի գալերեայի համահիմնադիր տնօրեն, արվեստի 36 միջազգային փառատոնների մասնակից Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի) սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին։ Պարոն Հերկելյանը զրույցի ընթացքում ներկայացնեց իր բազմամյա մասնագիտական փորձառությունը։
Որքան էլ զարմանալի է՝ ծնունդով լիբանանահայ Մովսես Հերկելյանն իր երկու մասնագիտություններն էլ ստացել է հայրենիքում։ Առաջին կրթությամբ գրականագետը չի բավարարվում միայն մեկ մասնագիտության պաշարներով և կրթությունը շարունակում է արվեստաբանական բաժնում։ Ավաղ, հայրենիքում ստացած գիտելիքներն երկար տարիներ չեն ծառայում հայրենիքին, որովհետև 1981թ-ին վերջինս, իբրև այլախոհ արտաքսվում է խորհրդային իշխանությունների կողմից և հեռանում Բեյրութ։ Միայն 2000թ-ին նա կրկին վերադառնում է Հայաստան և այս անգամ թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Ազգային Ակադեմիայում ՝ « 80-ականների ամերիկահայ կերպարվեստը» թեմայով պաշտպանում իր թեկնածուական թեզը։
Մեր զրույցի հիմնական բովանդակությունը արվեստի գալերեաների կայացման հաջողության բանաձևի շուրջ է ծավալվել և հույս ունենք, որ այն օգտակար խորհրդատվություն կլինի այս ոլորտի կայացման համար սրտացավ մասնագետների համար։
-Պարոն Հերկելյան, գաղտնիք չէ, որ արվեստի առևտուրը բավական բարդ ոլորտ է, ինչպես՞ ձեզ հաջողվեց այն նվաճել և այդչափ հաջողել։
– 1995թ-ին Հենրիկ Իգիթյանը եկավ Բեյրութ և ինձ առաջարկեց Երևանում նոր հիմնված «Նոյյան Տապան» ընկերության չորրորդ անդամը դառնալ։ Սկզբում որոշել էինք, որ «Նոյյան Տապանը» պատկերասրահ պետք է լինի, հետո իրերի բերումով գրախանութի վերածվեց։ Ընկերության չորս անդամներով որոշեցինք նաև «Նոազ Արք» (անգլերենից թարգմանաբար՝ «Նոյյան Տապանը») անվանումով մի պատկերասրահ հիմնել Բեյրութում․ վերջինս կյանքի կոչվեց 1996-ին, այդ թվականին բացվեց նաև ցուցասրահի առաջին ցուցահանդեսը, որի հիմնական մասնակիցները՝ աբսուրդ սյուռեալիզմի ներկայացուցիչ ռուս և հայ գեղանկարիչներ էին։
– «Նոազ Արքը» ե՞րբ արձանագրեց իր առաջին խոշոր հաջողությունը։
-1999թ-ին Բեյրութ եկավ PAL expo-ի տնօրեն Պատրիկ Բարերը, այդ օրերին 2000թ-ի առիթով հոբելյանական շատ մեծ ցուցահանդես էր կազմակերպվում Ժնևում։ Պատրիկ Բարերը Միջին Արևելքից մասնակից ընտրել էր միայն «Նոազ Արք»-ը։ Երբ Բարերին հարցրի՝ ինչո՞ւ է միայն «Նոազ Արքն» ընտրվել, ասաց՝ միայն այս գալերեան է, որ պրոֆեսիոնալ գործելակերպ ունի, արվեստը տարբերվող է և ինչ-որ թարմություն ու նոր երանգ կհաղորդի այդ ցուցահանդեսին։ Այսինքն, հետխորհրդային շրջանի աբսուրդ սյուռեալիստների արվեստը նորույթ էր արևմուտքում։
– Ի՞նչ հաջողություններ կարողացաք արձանագրել և ի՞նչ գնահատականի արժանացաք Ժնևի այդ հոբելյանական ցուցադրությանը։
– Ժյուրին ընտրեց աշխարհի լավագույն 40 նկարիչներին և այդ ցանկում ներառվեց իմ ներկայացրած հեղինակներից Վահրամ Դավթյանը։ Այնուհետև, Գրուերի(«L” ART Fantastique») ժամանակակից թանգարանի տնօրենը և հոգաբարձությունը, իբրև 40-ից լավագույնը Վահրամ Դավթյանի «Կեսգիշերային խաղ» գործը կախեց թանգարանում։ Իմ առջև բացվեցին աշխարհի արվեստի գրեթե բոլոր դռները։
– Կրկին անդրադառնանք ձեր հաջողության գաղտնիքներին, կան արդյո՞ք մանրամասներ, որոնց դեռ չեք անդրադարձել։
-Այս մասին ասելիք իհարկե շատ ունեմ, փորձեմ նշել կարևորները․
Առաջինը՝ ներկայացվող արվեստի որակն է, որ պահանջում է արտահայտչականություն և ինքնատիպություն, այսինքն, շատ կարևոր է, որ արվեստագետն ինչ-որ հատկանշական նորություն ներմուծի արվեստ,
երկրորդը՝ մատուցած նյութի գնի, որակի և հռչակի համապատասխանությունը․ չի կարելի արվեստը վերածել ապրանքի,
երրորդը՝ գնորդին վստահություն ներշնչելն է․ իմ գնորդը գիտի, որ ես ցանկացած իրավիճակում պատրաստ եմ ետ վերցնել նկարը և պատասխանատվություն կրել ամեն տեսակ խնդրի պարագայում, նա ստեղծագործության հետ ստանում է նաև այդ գործի ինքնությունը հաստատող վկայական,
չորրորդը՝ արվեստը խնայել չի սիրում, ամեն ինչ պետք է լինի շքեղ և բարձրորակ, շատ կարևոր է պատկերագրքի և բրոշյուրի բարձրորակ տպագրությունը, որոնց ձևավորումը պետք է լինի լուրջ և առանց ավելորդությունների։
Գալերեաների հաջողության մեջ կարևոր է կուրատորի մասնագետ լինելը։ Արվեստ վաճառողը պետք է չզլանա և գնորդին ներկայացնի գործը, խոսի արվեստի մասին, մեկնաբանի, հարկավոր է նվաճել արվեստասերի վստահությունը։ Երբ գնորդը սկսում է հասկանալ, նա ավելի է հետաքրքրվում արվեստով։ Գալերեան տաճար է՝ մշակույթի տուն և ոչ խանութ, այստեղ միայն վաճառքով չէ որ հարկավոր է զբաղվել։
-Իսկ ի՞նչ կասեիք ձեր հոդվածների մասին, ինչով են դրանք յուրահատուկ, ինչու՞ են ձեզ ընդունում և բարձր գնահատում միջազգային ասպարեզում։
– Ներկայիս այլ արվեստաբանների համեմատ նախ տարբեր է հոդվածներիս մոտեցումը, հետո շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ես առաջին կրթությամբ գրականագետ եմ, զբաղվել եմ նաև հնագիտությամբ (նախնադարի արվեստում առկա են արվեստի գրեթե բոլոր գլխավոր ուղղությունները)։
Իմ հոդվածներում ես երբեք չեմ գովաբանում, ներկայացնում եմ այնպես, որ կարդալու ժամանակ ընթերցողը սկսում է տեսնել հեղինակի արժանիքները։
Կարծում եմ, էական նշանակություն ունի նաև այն, որ ես ինձ համար հայտնաբերել եմ, թե ի՞նչ են որոնում արվեստի մեջ բոլոր արվեստագետները։ Ստեղծագործական երկունք ապրելիս նրանք փնտրում են մարդկային այն արժեքը, այն էությունը, որ կախված չէ արտաքին ոչնչից՝ դա իր էությունն է, իր ես-ը, բանական մարդու արժեքը։ Երբ վերլուծում եմ արվեստը, իմ կիզակետը սա է, այս եմ փնտրում։
– Ի՞նչ եք կարծում, ինչու՞ են Հայաստանում ցուցասրահները քիչ և պասիվ։
– Պատճառներից մեկը մեր մեծահարուստների կոլեկցիոներ չլինելն է, իսկ նրանք, ովքեր նկար են գնում նախընտրում են դասականներին, քանի որ դրանք ընդունված են, իսկ երիտասարդներին չեն վստահում չճանաչելու պատճառով։ Հաջորդ պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք քարոզում մեր արվեստը, օտարամոլ ենք, օտարի գործը գնում են, մերը՝ ոչ։
Մենք դրսում կայացած մասնագետներ ունենք, հարկավոր է նրանց հրավիրել Հայաստան ու ներգրավել արվեստի զարգացման գործընթացին, պետք է կիրառել նրանց կուտակած միջազգային փորձը։
-Զրույցի վերջում կցանկանայի նշեիք այն միջազգային թերթերն ու ամսագրերը, որտեղ դուք տպագրվում եք, կարծում եմ շատերը կցանկանան ծանոթանալ ձեր հոդվածներին։
– Fine Art (Նյու Յորք), Luxe Immmo (Մոնակո), Mandy Morning (Բեյրութ), L.I. ARTC (անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով տպագրվում է հինգ քաղաքներում՝ Փարիզ, Մոնակո, Մոսկվա, Լոնդոն, Նյու Յորք)։
Պատրաստեց
Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ