Ինչի՞ մասին պետք է խոսեն Թրամփն ու Փաշինյանը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը:

«Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու, և ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին Կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին: Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, և մենք հավաստեցինք, որ քննարկվում է, հնարավոր է հանդիպումը»,- նշել է նա:

Ավելի վաղ, սակայն, լուրեր էին տարածվել, որ հանդիպման կազմակերպման հորդորով կոնգրեսականներին դիմել է հենց Արարատ Միրզոյանը:

Փաշինյան-Թրամփ հանդիպման և հայ-ամերիկյան օրակարգի այլ հարցերի մասին 168.am-ը զրուցեց The National Interest, Forbes, The Hill, American Thinker պարբերականների փորձագետ, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ։

– Պարոն Գալստյան, դիվանագիտական տեսանկյունից ճի՞շտ է, որ կոնգրեսականներն են դիմում ԱՄՆ նախագահին ՀՀ վարչապետի հետ հանդիպման համար։

– Տեսականորեն՝ կա նման մեխանիզմ, որ այլ պետության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով ԱՄՆ նախագահին դիմելու համար կոնգրեսականների կողմից ստորագրահավաք կազմակերպվի։ Սակայն գործնականում դա շատ հազվադեպ է կիրառվում, քանի որ քաղաքականապես որոշակի հարված է հասցվում տվյալ պետության հեղինակությանը։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե ԱՄՆ նախագահի հանդիպումը որևէ այլ պետության ներկայացուցչի հետ կրում է կարևոր բնույթ, այսինքն՝ ինքնին կարևոր է, ունի լուրջ պետական օրակարգ, ապա այդ հարցը կարգավորվում է անմիջապես ԱՄՆ-ի և տվյալ պետության վարչակազմերի կողմից՝ առանց ներգրավելու որևէ երրորդ ինստիտուտների, այդ թվում՝ Կոնգրեսի։ Այսինքն՝ եթե ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները, կոպիտ ասած, հավաքում են ստորագրություններ և խնդրում են Թրամփին հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետի հետ, վարկի տեսակետից դա նշանակում է՝ մի՞թե Հայաստան պետության ղեկավարն այդքան անհետաքրքիր է Միացյալ Նահանգների առաջնորդին, որ անհրաժեշտ է կոնգրեսականների ստորագրություններ հավաքել, որպեսզի այդ հանդիպումը կայանա։

Այսինքն՝ տեսականորեն ոչ մի վատ բան դրանում չկա, կարելի է ստորագրահավաք կազմակերպել, դրանք ուղարկել Թրամփին, բայց կա մեդալի մյուս կողմը՝ իսկ ո՞վ է ասել, որ այդ ստորագրահավաքը անպատճառ կբերի նրան, որ Թրամփն ականջալուր կլինի, և այդ հանդիպումը կկայանա։ Իսկ եթե այդ ստորագրահավաքը հակառակ արդյունքի՞ հանգեցնի։

Չէ՞ որ մենք չգիտենք, թե ովքեր են լինելու այդ խնդրանքի տակ ստորագրողները։ Կարծում եմ՝ դրան անհրաժեշտ է ավելի ուշադիր վերաբերվել, որովհետև, եթե ստորագրողների մեջ լինեն մարդիկ, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցությունից, որոնք խիստ բացասական են տրամադրված Թրամփի հանդեպ, և որոնց Թրամփն ընկալում է՝ որպես իր հակառակորդների, որոնք նախաձեռնել էին, այդ թվում՝ իր իմպիչմենտի գործընթացը, ապա դեռ հարց է՝ դա նախագահի մոտ դրակա՞ն արձագանք կառաջացնի, թե՞ բացասական։

Այսպես թե այնպես, եթե կա պետական օրակարգ, որի հիմքում ընկած է պետական քաղաքական երկխոսություն պետությունների միջև, ապա ոչ մի անհրաժեշտություն չկա զբաղվել այդ ստորագրահավաքով։ Չէ՞ որ, երբ ԱՄՆ են մեկնում Իսրայելի նախագահ Նեթանյահուն կամ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ապա ոչ մեկը երբևէ գործնականում ստորագրություններ չի հավաքում։ Ասյինքն՝ եթե այցը պետական բնույթ ունի, եթե կան հարցեր, որոնք ունեն պետական կարևոր նշանակություն երկու կողմերի համար, ապա այդ ստորագրությունների հավաքը բոլորովին անտեղի և անպետք տարր է լինում։ Հանդիպման հարցը համաձայնեցվում է շատ հեշտ, աշխատանքային ձևաչափով՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի, և, տվյալ դեպքում՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի ապարատի միջև, և կազմակերպվում է կա՛մ երկկողմ հանդիպում, կա՛մ ՄԱԿ գագաթաժողովի շրջանակներում։ Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե այդ ստորագրահավաքը նախաձեռնվել է այդ հանդիպմանը լրացուցիչ էֆեկտ հաղորդելու նպատակով, ապա դա կարելի է միայն ողջունել։ Բայց եթե խնդիր կա՝ ստորագրահավաք կազմակերպել՝ ցույց տալու համար Թրամփին Փաշինյանի հետ հանդիպման անհրաժեշտությունը, ապա ես այդտեղ որևէ քաղաքական արժեք չեմ տեսնում։ Ինչո՞ւ անցկացնել հանդիպում, որը, կոպիտ ասած, տեղի է ունենում կոնգրեսականների ցուցումով։

– Իսկ Ձեր կարծիքով՝ ստորագրահավաքի նախաձեռնությունն ո՞ւմն է։

– Ես դա չգիտեմ, պետք է նրանց դիմել։ Շատ հնարավոր է, որ Վաշինգտոնում հայկական լոբբիստական կառույցներն են որոշել որոշակի էֆեկտ տալ և ուժեղացնել հնարավոր երկկողմ հանդիպումը։ Իրականում ո՞րն է նպատակը՝ ես չգիտեմ, կարելի է միայն գուշակություն անել։

– Իսկ ընդհանրապես կոնգրեսականներն իրենք նման նախաձեռնությամբ հանդես կգայի՞ն։

– Չգիտեմ, չեմ կարող պատասխանել։ Նախ, պետք է հասկանալ՝ ո՞վ է այդ ստորագրահավաքի նախաձեռնողը, ո՞վ է հովանավորը, ո՞վ է համահովանավորը, որ պալատներն ու որ հանձնաժողովները կներգրավվեն, Սենատին կներառե՞ն, թե՞ ոչ։ Այսինքն՝ պետք է նախ ստանալ այդ հարցերի պատասխանը, ապա գնահատել այդ ամենի արդյունավետությունը։

– Իսկ Թրամփն ու Փաշինյանն ինչի՞ մասին պետք է խոսեն։

– Քննարկելու հարցեր միշտ կան։ Կարծում եմ՝ առաջին հանդիպումը կկրի ծանոթության բնույթ, նրանք մի քիչ շփվել են Բրյուսելում, բայց դժվար թե բովանդակային զրույց է եղել, որովհետև և՛ ձևաչափն էր լիովին այլ, և՛ Թրամփի ժամանակը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ էր՝ հաշվի առնելով նրա հագեցած գրաֆիկը։ Տվյալ դեպքում ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում, անխոս, օգտակար կլինի հանդիպել, խոսել, հնարավոր է՝ հայկական կողմն ինչ-որ առաջարկներ ունի, թե ինչպես բարելավել Երևանի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը, եթե, իհարկե, կա նման օրակարգ։ Բայց, ես կարծում եմ, եթե ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում դա կայանա, կունենա սահմանափակ ձևաչափ և, ըստ էության, արարողակարգն ԱՄՆ նախագահին սկզբունքորեն չի թույլատրում քննարկել երկկողմ հարցերի լայն շրջանակ ՄԱԿ-ի ձևաչափում, ինչպես նաև՝ մյուս նախագահներին։ Դրա համար անհրաժեշտ է երկկողմ բնույթի աշխատանքային այց Վաշինգտոն։ Հաշվի առնելով հայ-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրների ծավալը, կարիք կլինի ոչ թե մեկ այցելության, այլ՝ մի քանի։ Ընդ որում՝ ոչ միայն պետության ղեկավարների մակարդակում, այլև արտաքին, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների, և այլն։ Այսինքն՝ լուրջ, երկարատև աշխատանք պետք է արվի։

– Իսկ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի վերսկսման հարցը պետությունների ղեկավարները կքննարկե՞ն։

– Ես չեմ կարող դա ասել, բայց զուտ տեխնիկապես ամերիկացիները կարող են պատճառաբանություն գտնել ծրագրում Հայաստանին չներառելու համար, միշտ կարելի է ինչ-որ պատճառ գտնել, բայց հասկանալի է, որ, քանի որ «Հազարամյակի մարտահրավերները» ֆինանսավորվում է ամերիկյան հարկատուների կողմից, գործում և վերահսկվում է Պետդեպի կողմից, դա առաջին հերթին՝ քաղաքական որոշում է։ Կարծում եմ՝ ամերիկացիները կարող են Հայաստանում այդ հիմնադրամի աշխատանքի վերսկսման մասին որոշում ընդունել միայն նրանից հետո, երբ Հայաստանը կհանձնի առաջին «քաղաքական ստուգարքը»։ Դա արտահերթ ընտրություններն են։ Այսինքն՝ ինչպես կանցկացվեն արտահերթ ընտրությունները, որքան դրանք թափանցիկ, արդար, ազատ կլինեն, որքանով կհաջողվի դրանց արդյունքում խուսափել քաղաքական ճգնաժամից, և կլինի որոշակի հստակ աշխատանքի արդյունք, կայացած ժողովրդավարություն, կփոխակերպվի որոշակի ինստիտուցիոնալ արդյունքի, ապա այդ ժամանակ կարելի կլինի այդ արդյունքներով գնալ ամերիկացիների մոտ և ասել, որ կան ձեռքբերումներ և կան ծրագրեր, որոնց համար փողեր են պետք։ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը չի գալիս զուտ այն պատճառով, որ դու ուզում ես, որ այն գա, կամ, որ ժողովրդավարություն ես հաստատել։ Դա այդպես չի աշխատում։ Կոնկրետ գումարներ են հատկացվում կոնկրետ ծրագրերի և կոնկրետ ժամանակահատվածի համար։ Եվ երբ պատրաստ կլինի այդ ծրագիրը, որը մաս կլինի քաղաքական օրակարգի, ապա լիովին հնարավոր է, որ որոշակի ժամանակաշրջան հետո հիմնադրամը վերադառնա Հայաստան։

Իհարկե, կա նաև օբյեկտիվ խոչընդոտ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Դա նույնպես որոշակի սահմանափակող գործոն և խոչընդոտ է «Հազարամյակի մարտահրավերների» գալու համար։ Որքան էլ դրան վերաբերվենք՝ որպես զուտ տնտեսական ծրագրի, այն նաև քաղաքական է։ Այն փաստը, որ այնտեղ կա Պետդեպարտամենտի, նախագահի ապարատի, արտաքին հատկացումների հարցերով Սենատի հանձնաժողովի գործոնը, այդ ինստիտուտը փաստացի քաղաքականացված է։ Այդ պատճառով պետք է հաշվի առնել այս հանգամանքները ևս. իսկ ընդհանրապես ներկայիս պահին պե՞տք է, որ «Հազարամյակի մարտահրավերները» գա Հայաստան։ Կարծում եմ՝ ՀՀ ազգային շահերի տեսանկյունից այս պահին կարիք չկա, որ «Հազարամյակի մարտահրավերները» վերադառնա Հայաստան։ Եվ այն գումարը, որ ՀՀ-ն խնդրում է այդ ծրագրի շրջանակներում, բավականին փոքր է։ Ի՞նչ է 140 մլն կամ 200 մլն դոլարը՝ հաշվի առնելով, որ միայն Հայաստանի արտաքին պարտքը 5 մլրդ է, իսկ ամբողջ պետական պարտքը՝ 7 մլրդ դոլար է։ Այսինքն՝ տվյալ դեպքում անհրաժեշտ է ավելի շատ աշխատել միջազգային ֆինանսական կառույցների հետ, ձևավորել ներդրումային միջավայր, փոխել Հարկային օրենսգիրքը և ամեն ինչ անել, որ Հայաստան ներդրումներ գան։ Որովհետև միայն «Հազարամյակի մարտահրավերները» պարզապես չի կարող լուծել այն խնդիրները, որ կուտակվել են։ Դրա համար շատ ավելի լայն տնտեսական ծրագիր է հարկավոր, և ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում է պետք սկսել ավելի ակտիվորեն առաջ մղել սեփական շահը և փորձել օգուտ ստանալ առաջին հերթին այդ միության անդամ պետություններից, փոքր երկրների տնտեսությունում ներդրողներից, այդ թվում՝ Ռուսաստանից, որից ներդրումների ծավալը կտրուկ ընկել է վերջին 3 տարիներին։

Ներդրումներ պետք է ներգրավել ոչ միայն՝ հայերից, այլև՝ Հայաստան բերել խոշոր բիզնեսին։ Հայաստանի տնտեսական մարտահրավերների լուծման համար լուրջ ներդրումներ են պետք, և միայն «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամն ի վիճակի չէ դա անել։ Եվ ես կարծում եմ, որ դա դեռ չպետք է առաջնահերթ լինի հայ-ամերիկյան հարաբերություններում, այնտեղ կան շատ այլ հարցեր, որոնք կարիք ունեն վերանայման։

Տեսանյութեր

Լրահոս