
«Ծռության» և քաղաքականության երկընտրանքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռերն», իհարկե, հանդես եկավ հրապարակային կոլեկտիվ հայտարարությամբ, որտեղ փակված համարեց զինված ապստամբության էջը: Սակայն այս՝ միանգամայն ռացիոնալ հայտարարության քաղաքական նշանակությունը խամրում է, երբ ազատ արձակվող «ծռերից» յուրաքանչյուրն իր պարտքն է համարում հայտարարել, թե չի փոշմանել, պայքարը ավարտված չէ և նման այլ ձևակերպումներ: Նման հայտարարությունները, եթե նույնիսկ հատուկ ենթատեքստ չունեն, թիկունքից հարված են
Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն այն իմաստով, որ նա փաստորեն հանդուրժողականություն է ցուցաբերել մարդկանց նկատմամբ, որոնք չեն ափսոսում մարդկային զոհերի պատճառ դարձած գործողությունների համար: Ժիրայր Սեֆիլյանի խումբն, անշուշտ, Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք ունի, սակայն զինված ապստամբությունից հրաժարվելու հայտարարությունը պետք է կիրառական դրսևորում ունենա: Ռացիոնալ կլինի, եթե Սեֆիլյանի կողմնակիցները հրաժարվեն կազմակերպչական այն կառույցներից, նույնիսկ անվանումներից, որոնք հասարակության զգալի մասի մոտ նույնանում են քաղաքական բռնությունների հետ:
Եթե Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա դրա դասական գործիքը կուսակցությունն է, մանավանդ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են: Քաղաքական կազմակերպման այս ձևը ցանկացած խմբի գործունեություն ավելի հրապարակային և ինստիտուցիոնալ է դարձնում՝ հասարակությանն ընձեռելով վերահսկելու և ընտրությունների միջոցով վերաբերմունք արտահայտելու հնարավորություն»:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: