Բաժիններ՝

Ինչպե՞ս պաշտպանել լուսանկարներն ապօրինի օգտագործումից. Ադամ Կաց-Սինդինգի առաջարկը

Հայտնի ամերիկացի լուսանկարիչ, լրագրող, Vogue և W-magazine ամսագրերի մշտական հեղինակ Ադամ Կաց-Սինդինգն այս օրերին Հայաստանում էր: Հայտնի լուսանկարիչը հրավիրված ասուլիսի ընթացքում խոսում էր լուսանկարների ապօրինի օգտագործման մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք պայքարել դրա դեմ:

Հայտնի լուսանկարիչը Հայաստանում է առաջին անգամ: Նա այստեղ մասնակցում էր նորաձևության շաբաթին, որի շրջանակներում ունեցել է հանդիպումներ և դասախոսություն:

Լուսանկարչի ուղին Ադամը սկսել է 2007 թվականից՝ սովորական հեռախոսով նկարներ անելով: 2011 թվականից նրա կյանքում համադրվել են նորաձևությունն ու լուսանկարչությունը, քանի որ նա սկսել է նկարել նորաձևության շաբաթներ:

Ադամ Կաց-Սինդինգը պատմում է, որ միշտ բախվել է այն խնդրին, որ իր լուսանկարներն օգտագործվել են՝ առանց պահպանելու հեղինակային իրավունքը:

«Կար ժամանակ, երբ մենք այս անօրինականությունները համարում էինք նորմալ և ընդունում էինք այն՝ որպես չարիք, որից ազատվել հնարավոր չէ»,- նշեց Ադամ Սինդինգը:

2017 թվականի սեպտեմբերին Ադամ Կաց-Սինդինգը և իր գործընկերները որոշում են, որ պետք է ելքեր գտնել և չհամակերպվել իրողության հետ:

«Մենք որոշեցինք, որ պետք է արգելենք հրապարակել մեր լուսանկարները բոլոր այն մարդկանց, ովքեր ապօրինաբար են օգտագործում դրանք: Խոսքը հիմնականում բլոգերների և այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ազդեցություն ունեն սոցիալական ցանցերում և ազդում են նաև մեդիայի աշխատանքի վրա: Քանի որ բլոգերներն ու մեդիայի վրա ազդեցություն ունեցող մարդիկ աշխատում են տարբեր բրենդերի և ընկերությունների հետ, նրանք իրենց էջերում հրապարակում են լուսանկարներ՝ առանց նշելու դրանց հեղինակներին: Ստացվում է, որ այդ մարդիկ ստանում են վարձատրություն բրենդերից՝ օտագործելով այն մարդկանց լուսանկարները, ում իրենք չեն վարձատրել: Որպես հնարավոր լուծում՝ մենք դիմեցինք նորաձևության ոլորտում գտնվող տարբեր հեղինակավոր ամսագրերի, կազմեցինք մամուլի հաղորդագրության նման փաստաթուղթ, բողոք, որտեղ նշված էր, որ, եթե մենք որևէ բլոգերի մոտ տեսնենք մեր լուսանկարը, որի համար նա չի վճարել, կամ չի նշել լուսանկարչի անունը, ապա մենք մտնելու ենք այդ լուսանկարի մեկնաբանությունների բաժին և հեշթեգերով նշելու ենք, որ այլևս չի լինելու ոչ մի անվճար լուսանկար»:

Լուսանկարիչների այս հայտարարությանն ի պատասխան՝ բլոգերները նշել են, որ առանց իրենց՝ լուսանկարները լայն տարածում չեն ունենա, և կլինի անիմաստ զբաղմունք.

«Իրականում դա այդպես չէ, քանի որ բլոգերները երբեք առանցքային չեն եղել նորաձևության ոլորտում: Հիմա գուցե նրանք շատացել են, բայց լուսանկարչությունը միշտ եղել է նորաձևության ակունքներում, ինչպես, օրինակ՝ մոդելները: Բլոգերներն ուղղակի հավելյալ տարր են այս ոլորտում և իրավունք չունեն բողոքելու»:

Որպես լուծում՝ լուսանկարիչները որոշել են դիմել խորամանկության և լուսանկարներում չնշել բրենդի անվանումը: Նրանք նշել են մոդելի անվանումը, լուսանկարման վայրը, բայց ոչ բրենդը, անգամ, եթե լուսանկարիչներին դա շատ ձեռնտու էր:

«Բացի այդ, ես կազմեցի հայտարարություն և ուղարկեցի այն բոլոր գործընկերներիս: Երբ մեզնից յուրաքանչյուրը ցանցում տեսնում էր լուսանկար, որտեղ նշված էր բրենդը, մոդելի անունը, բայց ոչ՝ լուսանկարչի անունը, մենք ուղարկում էինք այդ հաղորդագրությունը լուսանկարը հրապարակողին: Շատ ազդեցիկ է, որ բոլոր լուսանկարիչների ձեռքի տակ նույն նամակն է։ Այդ միջոցով լուսանկարն ապօրինաբար օգտագործողները հասկանում են, որ լուսանկարիչները միասնաբար են գործում, և դա շատ ազդեցիկ է»,- ասաց լուսանկարիչը:

Ադամ Կաց-Սինդինգը նշեց, որ այս քայլերից հետո հեղափոխություն չեղավ ու գլոբալ մասշտաբով շատ բան չփոխվեց, բայց դա առաջին քայլն էր փոփոխություններ անելու համար, և լուսանկարիչները, չնայած մասնագիտական անհամաձայնություններին, առաջին անգամ գործեցին միասնական:

Ադամ Կաց-Սինդինգը նշեց նաև, որ փոքր երկրների, օրինակ՝ Հայաստանի լուսանկարիչները, որ հեռու են նորաձևության ինդուստրիայի կենտրոններից, պետք է շատ ճանապարհորդեն և աշխատեն լուսանկարել ամեն ինչ իրենց ճանապարհին: Հայտնի լուսանկարիչը բերում է իր օրինակը՝ նշելով, որ ինքը եղել է փոքր քաղաքից և անգամ գումար չի ունեցել ճանապարհորդության տոմսեր գնելու համար;

Լուսանկարիչը, որ առաջին անգամ էր այցելում Հայաստան, ասաց, որ մտադիր է վերադառնալ Հայաստան, գտնել այստեղ իր սիրելի ուտեստը և իր մարմնի վրա դաջել դրա անունը: Ի դեպ, Ադամն իր մարմնի վրա դաջել է «խաչապուրի» բառը վրացերենով, քանի որ շատ է հավանել դրա համը Վրաստանում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս