«Երկուսով միաժամանակ ծեծում էին. ոստիկանները չէին միջամտում». Տիրայր Մուրադյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին։
Միջադեպից հետո 168.am-ը կապ էր հաստատել լրագրողի հետ, ով պատմել էր, թե միջադեպն ինչպես է տեղի ունեցել, նաև նշել էր, որ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։ Մենք այցելեցինք Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ մեր գործընկերոջ առողջական վիճակի մասին նախ զրուցեցինք նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուդոլֆ Վարոսյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ Տիրայր Մուրադյանը միջադեպի հետևանքով ստացել է վնասվածք՝ ձախ ծոծրակային շրջանի այտուց. «Նյարդաբանական որևէ խնդիր, բարեբախտաբար, չի առաջացել»։
168.am-ը զրուցեց նաև Տիրայր Մուրադյանի հետ։ «Մենք երեկվանից ֆիքսում ենք, թե հավաքի մասնակիցների մեջ ովքեր են այն մարդիկ, որոնց վարքագիծը տարբերվում է հավաքի մասնակիցների վարքագծից։ Այդ մարդիկ շատ չեն, մենք նրանց նկարում ենք։ Այսօր առավոտ ժամը 8։30-ի սահմաններում, երբ Հանրապետության հրապարակից ցուցարարները շարժվեցին դեպի Կառավարական 3-րդ տուն, ես հեռվից նկարում էի։
Իմ և հավաքի մասնակիցների մեջտեղում սովորաբար լինում են այդ կասկածելի մարդիկ։ Նրանց հագուստն ակնհայտ տարբեր է, հիմնականում «կեպի» են դնում, մուգ ապակիներով ակնոց, հավաքի մասնակիցներից լինում են որոշակի հեռավորության վրա և անընդհատ խոսում են հեռախոսով։ Հիմա դա կարող ես դիտարկել, որ օպեր-լիազոր է, սադրիչ է, ԱԱԾ աշխատակից է, կամ այլմոլորակային է։ Այսօր մոտ 10 հոգու նկարել եմ, որոնցից 2-ը նրանք էին, ովքեր հարձակվել են վրաս»,- ասաց նա։
Լրագրողն ընդգծեց՝ երբ այդ երկուսը նկատում են, որ իրենց է նկարում, փորձում են հեռանալ. «Ես իրենց գնալը ֆիքսում եմ, հրապարակված նկարներում իրենց տեղաշարժը կա։ Հետո արդեն Կառավարական 3-րդ տան մուտքից մի 30 մետր դեպի Հանրապետության փողոց միայնակ կանգնած եմ, ու հայտնվում են դրանք։
Դրանցից մեկը, ում դեմքն ավելի պարզ երևում է նկարներում, ասում է՝ ինչո՞ւ ես նկարում, ու սկսում է հարվածել։ Հետո ընկերն է միանում ու ոտքով-ձեռքով հարվածում են։ Երկուսով միաժամանակ ծեծում են։ Հետո գնում են Նժդեհի արձանի կողմ, որ փախչեն։ Ես ուզում եմ գնալ նկարել, ու այդ ժամանակ մի հոգին հետ ընկած է լինում, նորից փորձում է ինձ հարվածել։ Այդ ժամանակ այնպես է ստացվում, որ մենք երկուսով ընկնում ենք գետնին, ու ես այդ ամբողջ ընթացքում գոռում եմ՝ ես լրագրող եմ։
Մինչև Նժդեհի արձան հասնելը կանգնած է լինում մի «Գազել», որի մեջ ոստիկաններ էին, որոնք չէին միջամտում։ Հետո իրենք գնում են դեպի Մելիք-Ադամյան։ Ես մոտենում եմ հրեշտակների գումարտակի մի մայորի, պատմում եմ՝ ինչ է պատահել, ասում եմ՝ լրագրող եմ, ասում է՝ հա, գիտեմ, որ լրագրող ես, ու ձեռքով հրում է։ Դե, այն երկուսն էլ փախչում են»։
Երբ միանում է գործընկերներին, նրանք խորհուրդ են տալիս շտապօգնություն կանչել. «Շտապօգնությունը գալիս է, արդեն պետք է գնամ, տեսնեմ՝ այս երկուսը ևս երեք հոգու հետ Երգի պետական թատրոնի կողմից գալիս են։ Դե, արագ նստեցի Շտապօգնության մեքենան ու եկա այստեղ»։
Լրագրողը նկատում է՝ եթե գլխի այտուցվածությունը չլիներ, ոչ ոք չէր իմանալու այս բռնության պրոցեսի մասին. «Դե արի ապացուցի, որ հարվածել են, չնայած ընկերներս նկարել էին հագուստիս վրայի ոտնահետքերը»։ Գործընկերներին նա խորհուրդ է տալիս այս օրերին միայնակ չշրջել, անպայման լինել գոնե 2-3 հոգով։ Մեր այցելության ժամանակ նա արդեն դուրս էր գրվում հիվանդանոցից։
«Հիմա ինձ լավ եմ զգում, կգնամ տուն, կհանգստանամ, հետո նորից կգնամ սադրիչներին նկարելու»,- եզրափակեց լրագրողը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ միջադեպի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով։
ՄԻՊ գրասենյակն էլ դատապարտել է լրագրողի նկատմամբ գործադրված բռնությունը։ Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը ևս միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ ասվում է, որ սա երկրորդ նման միջադեպն է՝ նախօրեին Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագրի նկատմամբ կիրառված բռնությունից հետո։
«Հայաստանի Ժուռնալիստների միությունը հետամուտ է լինելու լրագրողների նկատմամբ կիրառված բռնության և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողություններին՝ դրանց բոլոր իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարության տեքստում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսնյութում