«Դա լինելու է արժանապատիվ որոշում». Նաիրա Զոհրաբյան

Ինչպես հայտնի է, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության» եթերում ասել էր, որ համաձայն է իրենց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիրքորոշմանն այն մասով, որ եթե իրենք վարչապետի ընտրության ժամանակ կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, չեն ընկալվի որպես ընդդիմություն:

168.am-ի հետ զրույցում Ն. Զոհրաբյանը վերահաստատեց, որ ինքը համաձայն է իր գործընկերոջ հետ. «Եթե մենք՝ լինելով ընդդիմություն, կողմ քվեարկենք իշխանության թեկնածուին, կողմ քվեարկենք իրենց ներկայացրած կառավարության ծրագրին, դուք՝ որպես լրագրող, առաջինը չե՞ք գրելու, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն չէ: Եվ ճի՛շտ եք լինելու, որովհետև մենք ընդդիմություն ենք»:

Հիշեցնենք, որ Ս. Բագրատյանն իր անձնական կարծիք էր հայտնել, որ եթե իրենք վարչապետի ընտրության ժամանակ կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, չեն ընկալվի որպես ընդդիմություն:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ եթե իրենք լինեին իշխանություն, ապա կարելի էր քննարկել ցանկացած այլ տարբերակ. «Սա իմ տեսակետն է, սա իմ գործընկերներից շատերի տեսակետն է, և սա հստակ քաղաքագիտական աքսիոմ է: Ընդդիմությունը չի կարող կողմ լինել իշխանության թեկնածուին, իշխանության ներկայացրած ծրագրերին: Այդուհանդերձ, ես այս պահին ներկայացնում եմ իմ անձնական տեսակետը, որովհետև խմբակցությունում քննարկումներ չեն եղել: Ապրիլի 17-ին մենք կգանք ԱԺ՝ ունենալով խմբակցության միասնական որոշում»:

Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե դաշինքի որոշ պատգամավորները առանձին են քվեարկելու, և դաշինքը չի քվեարկելու միատեսակ՝ Ն. Զոհրաբյանը հերքեց.

«Վստահաբար պնդում եմ՝ «Ծառուկյան» դաշինքի որոշումը պարտադիր է լինելու դաշինքի բոլոր պատգամավորների համար, սա քաղաքական դաշինք է, և ոչ թե՝ ազատ ստեղծագործողների միություն, որ ով՝ ինչպես ուզենա, քվեարկի: Եղել են դեպքեր, երբ քվեարկությունը թողել ենք ազատ, բայց սա քաղաքական քվեարկություն է լինելու»:

Մեր այն հարցին՝ եթե դաշինքը որոշի, որ կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, դուք՝ դեմ լինելով, կո՞ղմ եք քվեարկելու, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց.

«Ամենասխալ բանը «Կիկոսի մահը» սարքելն է շատ պարզ խնդրից, երբ պետք է 2 օր սպասել: 2 օր հետո խմբակցության որոշումը պարզ կլինի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա լինելու է արժանապատիվ որոշում՝ հարիր ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքին»:

Տեսանյութեր

Լրահոս