«Ներկայիս Ռուսաստանի ղեկավարությունը խորհրդային տարիների ղեկավարությունը չէ. նրանք ոչ մի դեպքում զիջումների չեն գնա»

Սիրիայի հարցով Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն ու դրա ձևաչափը Անկարայում սպասելի էր: Աֆրինում Թուրքիայի վերահսկողությունը դիմադրության չի արժանացել ոչ Իրանի, ոչ էլ Ռուսաստանի կողմից՝ միայն որոշակի հանգամանքներով պայմանավորված: Սակայն Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների խզումը վաղ թե ուշ կարող է լինել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:

«Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը Անկարայում սպասելի էր, քանի որ դրանք այն ռեգիոնալ պետություններն են, որոնք փորձում են որևէ ձևով մասնակցել Սիրիայում ընթացող իրադարձություններին: Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ, երբ Սիրիայում հարցերը փորձում են լուծել առանց ԱՄՆ-ի: Հանդիպումն ու դրա ձևաչափը սպասված էին: Հիմնական նպատակն էր ձգտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելուն»,-ասաց Հարությունյանը:

Աֆրինը Թուրքիայի վերահսկողության տակ է: Հարությունյանի կարծիքով, դա ինչ-որ չափով ձեռնտու է նաև Իրանին, քանի որ նա էլ ունի քրդական խնդիր: Բավականին չեզոք դիրքորոշում ունի նաև Ռուսաստանը: Զարմանալիորեն այդ գործողությանը դեմ չէ նաև Սիրիան: «Քրդական ինքնապաշտպանության ուժերը այլ երկրների կողմից սպասարկվող ուժերն են: Ցավոք, քրդերը տարածաշրջանում լինելով 30-40 մլն, միշտ գործիք են մնում այլ երկրների ձեռքում: Եվ սիրիացիները, մասնավորապես, Ասադը արդարացիորեն ենթադրում են, որ հետագայում գուցե Իրանի և Ռուսաստանի աջակցությամբ հասնեն նրան, ու թուրքերը լքեն Աֆրինը: Սակայն շատ ավելի դժվար կլիներ նրանց նոր ճակատ բացել քրդերի դեմ, եթե այդ գործողությունը չիրականացնեին թուրքերը»,-նշեց նա:

Ռուս-թուրքական համագործակցությունը պատմության մեջ Հայաստանի համար բերել է ծանր հետևանքների: Սակայն Հարությունյանի կարծիքով՝ ներկայիս Ռուսաստանի ղեկավարությունը խորհրդային տարիների ղեկավարությունը չէ: Եվ նրանք ոչ մի դեպքում զիջումների չեն գնա: Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ` կապված Ղրիմի հարցով: Թուրքերը չեն ընդունում Ղրիմի միացումը Թուրքիային:

«Կարծում եմ`վաղ թե ուշ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են խզվել: Դա կարող է լինել նաև Աֆրինի հետ կապված խնդիրներով»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս