Թուրքիայի Մարդին նահանգի հայկական եկեղեցին մնացել է մուսուլման կնոջ խնամքին
Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանի միակ հայկական եկեղեցին մնացել է հարևանությամբ ապրող Հաթուն Չաչուր անունով մի մուսուլման կնոջ (ազգությամբ քուրդ-խմբ.) խնամքին:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ 1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին մնացել է առանց հոտի, երբ 1980-ականներին հեռացել են Դերիքում ապրող վերջին հայերը: Անցած տասնամյակներում եկեղեցու մասին հոգ է տարել այստեղ մնացած միակ հայկական ընտանիքը՝ Յուրշալին և Նաիֆ Դեմիրջի զույգը: Բայց հիմա արդեն այդ տարեց զույգը վատառողջության պատճառով դժվարանում է տանից դուրս գալ՝ չկարողանալով հոգալ եկեղեցու մասին:
Այժմ մահմեդական կինն է ստանձնել հայկական եկեղեցու խնամքը: Նա նույնպես տարեց է և 8 երեխաների մայր: Նա իր մոտ է պահում եկեղեցու բանալին, մաքրում է եկեղեցու ներսը և բակը, ջրում 1500 ք/մ ընդհանուր մակերեսով այգու ծառերը:
«Պետությունը ինձ որևէ աշխատավարձ չի տալիս, ոչ մեկ չի օգնում: Ես էլ տարիքով մեծ եմ, հիվանդ եմ, բայց չեմ ուզում, որ այս եկեղեցին մնա բախտի քմահաճույքին»,- ասել է Չաչուրը: