Արցախի Նոր Կարմիրավանում հնագետները կշարունակեն այնտեղ հայտնաբերված մարդակերպ կոթողների ուսումնասիրությունը

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018 թվականի պեղումները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը նշեց, որ այս տարվա Նոր Կարմիրավանի պեղումները 2016 թվականի հետախուզական պեղումների շարունակությունն են: «Այս կոթողները հայտնաբերվել են 2016 թվականին, ինչից հետո տեղում սկսվել են հետախուզական պեղումներ, պարզելու` արդյոք կոթողները գտնվո՞ւմ են իրենց կանգնեցման նախնական վայրում, թե ոչ»,-ասաց նա:

Նժդեհ Երանյանի խոսքով` մարդակերպ կոթողների գիտական հետազոտությունն Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի ուսումնասիրության մասն է կազմում: Արցախում ներկայումս հայտնի են շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթողներ: Վերջինները, սակայն, գտնվում են տեղաշարժված վիճակում: «Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կպատասխանեն այս կոթողների վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի: Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես և Կովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար: Հետևաբար, նրանց ուսումնասիրությունը և ներկայացումը Արցախի վրա կգրավի տարածաշրջանով հետաքրքրվող այլ մասնագետների և լայն շրջանակների հետաքրքրությունը ևս»,-հավելեց նա:

Նոր Կարմիրավանում պեղումները կշարունակվեն մինչև ապրիլի վերջը:

Տեսանյութեր

Լրահոս