Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է նվեր ընդունում
Բաց նամակ Գարեգին Բ-ին
Վեհափառ տեր, Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:
Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից, քաջալերում եք նմանատիպ նվերները և Ձեր մտքով իսկ չի անցնում հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել կարիքավոր ուղղություններով: Դուք խրախուսում եք այս արատավոր մոտեցումները՝ Ձեզ նվերներ շռայլողներին «բարերար» կոչելով և խաղալով նրանց փառասիրության նուրբ զգայարանների հետ:
Հենց նման մոտեցումներով է, որ վանում եք հավատացյալներին Հայ առաքելական եկեղեցուց:
Արսեն Սարգսյան
Հայ առաքելական եկեղեցու հետևորդ
Երևան
Հ. Գ. Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ Զատկի տոնից առաջ Ռուսաստանից անհատ ոսկերիչ ու գործարար Գարուն Քոչարյանը Վեհափառ Հայրապետին նվիրաբերել է հայրապետական գավազան։
«Այդ մարդու ցանկությունն է, ու մենք որևէ կերպ իրավասու չենք այդ մարդուն թելադրել՝ ինչ անի: Եթե այդ մարդը ցանկություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին որևէ ընծա նվիրել, կարծում եմ, որևէ մեկն իրավունք չունի անձին թելադրել, թե ինքն ինչպես տնօրինի իր կարողություններն ու իր ցանկություններն ինչպես կատարի», – նշեց Տեր Վահրամը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենն ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ էլ գումարներ, միջոցներ նպատակաուղղել է և սոցիալական ծրագրերի, և «Հայաստան» հիմնադրամին, նաև՝ Արցախի Հանրապետությանը։
«Հետևաբար, կարծում եմ, անտեղի են բոլոր նման քննադատությունները, ի վերջո, այն, ինչ որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերվում է և պահվում է, դա ազգի հարստությունն է և ոչ թե անհատների: Այսօր այդպիսի գավազաններ, պատմական գավազաններ, տարբեր սրբություններ, որոնք որ իրականում շատ ավելին արժեն, քան այս ընծայաբերված գավազանը, ցուցադրվում են Էջմիածնի թանգարաններում ու բոլորն էլ այցելում ու տեսնում են:
Հետևաբար, ֆիքսվել ինչ-որ մի բանի վրա ու դա դարձնել շահարկման առիթ, կարծում եմ, ճիշտ ու բարոյական չէ»,- նշեց նա։
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը վստահեցրեց՝ «եթե հարկ լինի, այդ ոսկին էլ կծառայի մեր ժողովրդի կարիքներին»։