
Իսրայելը Սիրիայի իշխանություններին մեղադրել է քիմիական զենքի կիրառման մեջ

Իսրայելը միացել է արեւմտյան այն երկրներին, որոնք Սիրիայի իշխանություններին մեղադրում են քիմիական զենքի կիրառման մեջ: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարության մեջ ասված է, որ անցած շաբաթ իբր տեղ գտած գրոհը վկայում է Դամասկոսի տրամադրության տակ թունավոր նյութերի առկայության եւ երկրի իշխանությունների կողմից դրանց արտադրության շարունակման մասին։
«Սիրիական ռեժիմը շարունակում է հանցագործություններ կատարել մարդկության դեմ՝ օգտագործելով այդ արգելված զենքերը… Սիրիան կոպտորեն խախտում է իր պարտավորությունները եւ միջազգային հանրակցության համապատասխան որոշումները»,-հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը: Արեւմտյան երկրների վարկածով՝ քիմիական գրոհը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում:
Ռուսաստանը հանդես է եկել քլոր պարունակող ռումբի վերաբերյալ տեղեկատվության հերքմամբ, որն իբր նետվել է կառավարական ուժերի կողմից: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդօրինակ պնդումների նպատակը ահաբեկիչներին պաշտպանելն է եւ դրսից հնարավոր ուժային գործողություններն արդարացնելը: Իր հերթին Դամասկոսը քանիցս ընդգծել է, որ երկրում եղած ամբողջ քիմիական զենքը դուրս է բերվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հսկողության ներքո: