Air France-ի աշխատակիցները երկօրյա գործադուլ են սկսել
Air France ավիաընկերության աշխատակիցներն ապրիլի 10-ին ձեռնամուխ են եղել երկօրյա գործադուլի անցկացմանը, որը հերթականն է գործադուլների այն մեծ շարքում, որոնք սկսվել են դեռ անցյալ տարի: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Գործադուլն անցկացվում է 11 արհմիությունների կոչով, որոնք ներկայացված են ձեռնարկությունում: Դրան մասնակցում են բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները՝ թռիչքային անձնակազմից մինչեւ գրասենյակային աշխատողներ:
Աշխատավորները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 6 տոկոսով, սակայն Ֆրանսիայի գլխավոր ավիափոխադրողի տնօրենությունը համաձայն է աշխատավարձի միայն 1 տոկոսով բարձրացմանը եւ օդաչուների պարգեւավճարների որոշակի ավելացմանը՝ անձնական ցուցանիշների հաշվառմամբ:
Ինչպես ապրիլի 10-ին ընդգծել է ընկերությունը, այս տարի, սկսած փետրվարի կեսից, անցկացված գործադուլների նախորդ յոթ օրերն արդեն «170 մլն եվրոյի վնաս են հասցրել իրեն»: Արհմիությունները նախազգուշացրել են, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, իրենք համանման երկօրյա գործադուլները կշարունակեն ապրիլի 17-18-ին եւ ապրիլի 23-24-ին:
Ներկայիս գործադուլի ընթացքում ընդհանուր առմամբ կչեղարկվի չվերթների մոտավորապես քառորդ մասը: Air France-ը հայտնել է, որ մտադիր է ապահովել հեռավոր չվերթների առնվազն 65 տոկոսը եւ միջինմայրուղային ու մերձավոր չվերթների 80 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: