Բեռլինում սինագոգ, մզկիթ և եկեղեցի կկառուցեն մեկ շենքում
Բեռլինի կենտրոնում կկառուցեն տաճար, որն իր մեջ կմիավորի եկեղեցի, մզկիթ եւ սինագոգ: Այդ մասին հաղորդվում է House of One (Միասնականի տուն) կայքում: Կայքի տեղեկատվության համաձայն՝ միացյալ տաճարի շինարարությունը կսկսվի 2019 թվականին եւ, ըստ պլանի, կտեւի երկու տարի:
Շենքը կկանգնեցվի Գերմանիայի մայրաքաղաքի «հենց սրտում»՝ Ձկնորսական կղզում: Նախագծի հիմնական գաղափարը «տարբեր կրոնների ներկայացուցիչների միջեւ գաղափարների եւ կարծիքների փոխանակումն է»: Երկխոսության են հրավիրում նույնիսկ աթեիստներին: Այդ ժողովները պլանավորում են անցկացնել տաճարի կենտրոնական դահլիճում:
Ըստ որում շենքում հաշվի կառնվեն տարբեր կրոնների տաճարների կառուցվածքի բոլոր առանձնահատկությունները, չնայած այն բանին, որ դրանք բոլորը կգտնվեն մեկ տանիքի տակ: Այսպես, թե՛ սինագոգը եւ թե՛ մզկիթը շրջված կլինեն դեպի արեւելք: Շինարարությունը գնահատվում է 43 միլիոն եվրո: Այս պահին նվիրատվություններով հանգանակվել է 8,6 միլիոն եվրո, ներառյալ 3,4 միլիոնը ֆեդերալ եւ տարածաշրջանային կառավարություններից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: