Երուսաղեմում ոստիկանների և հայ ուխտավորների միջև միջադեպի առնչությամբ Հայ Պատրիարքը բողոք է հղել Իսրայելի ԱԳՆ
Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին ոստիկանների եւ հայ ուխտավորների միջեւ միջադեպի առնչությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Նա գրել է, որ ապրիլի 7-ին, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունն` իր հոգևորականների, բազմաթիվ ուխտավորների եւ սաղիմահայերի հետ միասին Սուրբ Հարության Տաճարում նշեց Տիրոջ Հարությունը խորհրդանշող Լուսաւորեայի արարողությունը:
«Սուրբ Հարության Տաճարի դուռը, ինչպես սահմանված է Status Quo-ով, բացեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ավագ Թարգմանը: Միաբանությունը Սուրբ Հարության Տաճար մուտք գործեց երկու հանդիսավոր թափորներով: Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Հարությունը խորհրդանշող լույսը հանեց Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալեանը, ով Ս. Գերեզման մտավ Երուսաղեմի Հունաց պատրիարքի հետ: Ս. Հարության տաճարում արարողությունը ավարտվեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափորով: Վանք վերադարձին, թափորը շարունակվեց շուկայից մինչեւ Սրբ Հակոբյանց տաճար: Երուսաղեմում, Լուսաւորեայի արարողությունը կատարվեց ըստ Status Quo-ով սահմանված կարգի, առանց որեւէ խախտման: Ցավոք, պետք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցավ միջադեպ` ոստիկանության եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգևորականների միջև: Անհամաձայնությունը հարթվեց անմիջապես, սակայն ձերբակալվեց մեր հայրենակիցներից մեկը, ով մի ժամ հետո ազատ արձակվեց»,-գրել է Հովնան Բաղդասարյանը: