Ինչպես նիհարել՝ չհրաժարվելով մակարոնից

Մակարոնեղենի օգտագործումը չի հանգեցնում քաշի ավելացման եւ նույնիսկ կարող է թույլ տալ նիհարել:

Այս եզրակացությանն են եկել կանադացի բժիշկները. նրանց աշխատության մասին գրում է EurekaAlert-ը։ Գիտնականներն կատարել են 30 ուսումնասիրությունների մետաանալիզ, որոնց մասնակցել է 2,5 հազար մարդ, որոնք ածխաջրերի մեծ մասն ստացել են մակարոնից: Հետազոտվողներն ալյուրից պատրաստված արտադրանքի այս տեսակն օգտագործել են շաբաթը երեք անգամ, միջին չափաբաժինը կազմել է ստանդարտ չափի գավաթի մոտավորապես կեսը:

Երեք ամիս անց գիտափորձի մասնակիցները միջին հաշվով 500-ական գրամ քաշ են կորցրել: Բժիշկների խոսքով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մակարոնային արտադրանքը, հաշվեկշռված սննդակարգի զուգորդմամբ, չի նպաստում քաշի ավելացմանը եւ ճարպակալմանը: Գիտնականները դա բացատրում են այդ մթերքի ցածր գլիկեմիական ինդեքսով:

«Աշխատությունը ցույց է տվել, որ մարդը կարող է քաշի կորուստ ունենալ: Ուստի, հակառակ տարածված կարծիքի, մակարոնեղենը կարող է առողջ սննդակարգի մաս կազմել»,-ամփոփել է հետազոտության համահեղինակ դոկտոր Ջոն Սիվենփիփերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս