Ինչո՞ւ իշխանությունն ու «հեղափոխական» ընդդիմությունը դուրս եկան Մարուքյանի դեմ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» հոդվածը քննարկվեց հիմնականում «Ելք» դաշինքում ստեղծված ներքին հարաբերությունների համատեքստում: Հոդվածի առիթը հիմնականում, իհարկե, դա էր, սակայն դրանում բարձրացված հարցերը շատ ավելի գլոբալ էին ու միտված են ռացիոնալ քաղաքական օրակարգի ձեւավորմանը, իշխանության պատասխանատվության եւ ընդդիմության վերահսկողության ինստիտուտի կայացմանը:
Քաղաքական կոնյուկտուրան թույլ չտվեց, որ այս հարցերը լուրջ քննարկման առարկա դառնան, բայց իշխանության եւ, այսպես կոչված, «հեղափոխական» ընդդիմության թեկուզեւ լատենտ արձագանքի որակը բացահայտում է մեր քաղաքական համակարգի ցածր նշաձողը:
Էդմոն Մարուքյանը կարողացավ իր հոդվածի դեմ միավորել բոլորին` իշխանության ներկայացուցիչներին, նրանց դեմ պայքարող եւ «հեղափոխական» ընդդիմությանը, «լայթ» ընդդիմությանը եւ «ծռությանը»:
Նման «համերաշխությունն» արտաքուստ պարադոքսալ է թվում, սակայն միանգամայն տրամաբանական է քաղաքական համակարգի «բարիկադային» մտածողության համատեքստում:
Ասենք, իշխանությանը միշտ ձեռնտու է գործ ունենալ հեղափոխական կոչեր անող ընդդիմության հետ, որը, որպես կանոն, առաջնորդվում է կարճաժամկետ օրակարգով` շեշտը դնելով «կրիտիկական զանգվածի» հավաքման, արագ իշխանափոխության ծրագրի վրա:
Նման վարքագիծը ենթադրում է իշխանության հետ ռեսուրսային պայքար, որտեղ ընդդիմության հաղթելու հնարավորությունը զրոյական է: Ընդդիմության յուրաքանչյուր պարտությունից հետո իշխանությունը դարձել է ավելի ավտորիտար եւ սանձարձակ` առնվազն մինչեւ հաջորդ ընտրական ցիկլը երկարաձգելով ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման հնարավորությունը:
Մարուքյանն առաջարկում է ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման փշոտ ճանապարհը, ինչը ենթադրում է վերահսկողական լիազորությունների «նվաճում» իշխանությունից:
Ավտորիտար իշխանությունը քաղաքական տոլերանտությունը համարում է թուլության դրսեւորում եւ պատահական չէ, որ Մարուքյանի առաջարկների մեջ ՀՀԿ ներկայացուցիչները տեսան «սահմանադրական հեղաշրջման» էլեմենտներ:
Հայաստանի իրար հաջորդող ընդդիմությունները գործել են նույն «բարիկադային» տրամաբանության շրջանակներում` ակնկալելով ամբողջը` փոքր, բայց ինստիտուցիոնալ հաղթանակների փոխարեն:
Որպես կանոն, ընդդիմությունը երբեք ամբողջը չի ստացել, սակայն ձախողման ֆոնին կորցրել է իր միակ ռեսուրսը` հասարակության վստահության պաշարը: Ըստ ամենայնի` դասեր չեն քաղվել, որովհետեւ այսօր դարձյալ լյումպենն է թեստավորում ընդդիմությանը:
Ինստիտուցիոնալ ընդդիմության նախագիծը համարվում է «ՀՅԴ»-ացում եւ «ՕԵԿ»-ացում, որովհետեւ դրանում չկա հայհոյանք Սերժ Սարգսյանի հասցեին կամ Լինչի դատաստանի խոստում:
Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետն ավելի ավտորիտար է լինելու, որովհետեւ կայանալու է ընդդիմության ձախողման եւ հասարակության ապատիկ տրամադրությունների ֆոնին: Երբ հասարակության գործոնը չեզոքացվում է, ինստիտուցիոնալ ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը չեն կարող իրականացնել իշխանության գործունեության պատշաճ վերահսկողություն:
Այս իմաստով` ավտորիտար իշխանությունն ու «հեղափոխական» ընդդիմությունը դաշնակիցներ են. բարիկադները բացառում են կրեատիվ եւ ստեղծագործական մոտեցումները` ստեղծելով թամաշաներ, որոնք սպանում են քաղաքականությունը, նրա բովանդակությունը:
Էդմոն Մարուքյանը առաջարկել է էվոլյուցիոն զարգացման ծրագիր, որը հեռանկարի իմաստով բացառում է ավտորիտար իշխանության եւ նրան տապալելու ցանկություն ունեցող «ծռության» գոյությունը: Քաղաքական հարաբերությունների բնականոնությունը բացառելու դաշտում ավտորիտար իշխանությունը եւ «ծռությունը» դաշնակիցներ են, որովհետեւ վայրենի իշխանությունը քաղաքակիրթ կարող է երեւալ միայն «մաուզերիստների» ֆոնին, իսկ վերջիններիս կրակոցների միակ մոտիվը «քարանձավային» իշխանությունն է:
Ինստիտուցիոնալ հիմքեր ունեցող համակարգային ընդդիմության ձեւավորումը կտրում է նաեւ, այսպես կոչված, կառուցողական ընդդիմության հացը. իրական այլընտրանքի ձեւավորման պարագայում իշխանությանը չի կարող ապահովագրել ոչ մի բուֆեր կամ` «ազգային համերաշխության» պոտենցիալ սուբյեկտ, որը համակարգային կարգավիճակ եւ «արտոնություններ» է ստանում լյումպենի վարքագիծը կառավարելի դարձնելու դիմաց:
Բոլորը քննադատեցին Էդմոն Մարուքյանի հոդվածը եւ սա հայաստանյան այսօրվա իրականության օրինաչափությունն է, երբ հիմնական դերակատարները կոնսենսուս ունեն` ռացիոնալ քաղաքականության դեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: