Բաժիններ՝

Կոռուպցիոն նոր հնարավորություն

Կառավարության վերջին նիստում ընդունված «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությանը պատկանող գույքը վաճառելու մասին որոշումը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Ինչո՞ւ է ընկերության գույքը վաճառվում նորաստեղծ, ընդամենը 1 շաբաթ առաջ գնացված ինչ-որ ընկերության` «Ա-Ս Ինվեսթմենթսին», որի հիմնադիրն ու տնօրենը գործարար շրջանակներում անհայտ 25-ամյա երիտասարդ է` Գևորգ Արմենի Հակոբյանը:

Ինչո՞ւ է այդ գույքը վաճառվում ուղիղ ձևով` առանց մրցույթի: Ինչպե՞ս է այդ ահռելի գույքը` Արտաշատի խճուղի 5/1 հասցեում գտնվող շենք-շինությունները և 10.3 հեկտար հողատարածքը, գնահատվել ընդամենը 626.9 մլն դրամ: Ի՞նչ է անելու «Նաիրիտ 2»-ն առանց գույքի, և ի՞նչ է լինելու հայ-չինական «Շանսի Նաիրիտ» ընկերության հետ, որի բաժնետոմսերի 40%-ը` մոտ 14 մլն դոլար արժողությամբ, պատկանում է «Նաիրիտ 2»-ին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Կարեն Ղահրամանյանը կառավարության նիստում այս հարցերին չանդրադարձավ և միայն ներկայացեց վաճառքի մասին նախագիծը:

«Ա-Ս Ինվեսթմենթսին» և Գևորգ Արմենի Հակոբյանին 168.am-ն առաջիկայում կանդրադառնա:

«Նաիրիտ 2» ընկերությունը, մեր տեղեկություններով, դեռևս շարունակելու է պահպանել իր գոյությունը, և դրա 100% բաժնետոմսերը մնալու են պետական: Կառավարությունը ոչ մի դեպքում չի հրաժարվի դրանցից: Խնդիրն այն է, որ թեև «Նաիրիտ 2»-ը վաղուց պարապուրդի էր մատնված և ոչ մի բանով, ըստ էության, չէր զբաղվում, բացի, թերևս, սեփական գույքը, հատկապես` ալյումինը վաճառելուց, սակայն վերջին շրջանում այն բավականին մեծ եկամուտներ ունի: Խոսքը «Շանսի Նաիրիտի» մասին է, որը վերջին 4-5 ամիսներին արդեն շահույթով է աշխատում` ամսական շուրջ 1 մլն դոլար:

Դեռևս 2.5 տարի առաջ «Շանսի Նաիրիտ» գործարանի այն ժամանակվա համանախագահ Իոսիֆ Իսայանը հայտարարել էր, որ կաուչուկի հայ-չինական գործարանն աշխատում է վնասով և Հայաստանի Հանրապետության համար շահույթ կարող է ապահովել միայն, եթե փակվի գոյացած 150 միլիոն դոլար վնասը: 2010 թվականից աշխատող ընկերությունը ոչ մի տարի չէր աշխատել շահույթով: Եվ ահա այժմ իրավիճակը փոխվել է, և միլիոնը տնօրինել է պետք:

Ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանը, որն արդեն երկար տարիներ է այն ղեկավարում, հրաժարվեց պատասխանել մեր հարցին, թե ընկերությունն ինչո՞վ է զբաղվում. «Հեռախոսով ես չեմ կարող բացատրել, թե ինչ ենք անում, և ցանկություն էլ չունեմ»: Հակոբյանը նաև հրաժարվեց նշել, թե քանի՞ աշխատակից ունի: Նա միայն հավաստիացրեց, որ «Նաիրիտ 2»-ը չի լուծարվի:

Մեր տեղեկություններով` ընկերությունում մինչև 15 աշխատակից կա, սակայն գույքի վաճառքից հետո պահակներին կկրճատեն, և մոտ 7 աշխատակից կմնա` տնօրենն` իրեն սպասարկող անձնակազմով` քարտուղարուհի, վարորդ, հաշվապահ և այլն: «Նաիրիտ 2»-ի անունն ակտիվորեն շրջանառվեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերի խառը պատմության հետ կապված:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընկերությունն այս տարիների ընթացքում պահպանության համար Էներգետիկայի նախարարությունից ամսական առնվազն 3 մլն դրամ է ստացել: Սակայն անհասկանալի է, թե այսքան տարի հարկատուների հաշվին պահվող ու ոչ մի արդյունք չտվող ընկերությունն ինչո՞ւ չի լուծարվում: Կառավարությունը կարող էր դրա բաժնետոմսերը հանձնել Պետգույքի կառավարման վարչությանը կամ այլ գերատեսչության և ավելորդ գումարներ չծախսեր այդ «մահացած» կառույցում կյանքի նշույլներ պահելու համար:

Անհասկանալի է նաև, թե ո՞ւր է գնալու և ինչպե՞ս է ծախսվելու «Շանսի Նաիրիտից» ստացված եկամուտը: Հնարավոր է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն այն որպես իր ձեռքբերում ներկայացնի, հնարավոր է նաև, որ չինովնիկները գերադասեն լռել այդ փողերի մասին: Չէ՞ որ վերահսկողության բացակայության դեպքում սա ոմանց համար կրկին «ձեռքերը տաքացնելու» լավ հնարավորություն կարող է լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս