«Ուզում եք՝ ոսկե պալատ առաջարկեք… մարդը, ով չի ուզում աշխատել՝ չի աշխատի». Բավրայում հնդկացորեն կարտադրվի

Հանրապետությունում ցածր է հնդկացորենի ինքնաբավության մակարդակը, ուստի ՀՀ գյուղնախարարությունը նախադրյալներ է ստեղծում հնդկացորենի արտադրության զարգացման ու ինքնաբավության մակարդակի էական բարձրացման համար:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի 34 համայնքում Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակներում 2016 թվականին գյուղացիական կոոպերատիվների կողմից իրականացվել է հնդկացորենի արտադրություն` կատարվել է 511 հեկտարի ցանք, արտադրվել է 615.3 տոննա հնդկացորեն, միջին բերքատվությունը՝ 12 ց/հա:

Ծրագրի շրջանակներում 2017թ. իրականացված աշխատանքների շրջանակներում հնդկացորենի ցանքային տարածությունները հասցվել են մինչև 1200 հեկտարի, նախատեսվել էր նաև մեկ վերամշակման գործարան կառուցել Սյունիքի մարզում:

Այժմ հնդկացորենի արտադրության զարգացման համար քայլեր են ձեռնարկվում Շիրակի մարզում:

Բավրայում հնդկացորենի արտադրության նոր սկիզբ է դրվելու:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոցք խոշորացված համայնքի Բավրա գյուղի գյուղապետ Կորյուն Սումբուլյանը, «Նոր հատիկ» անվանումը կրող արտադրամասն արդեն կառուցվել է, որտեղ հնդկացորեն է վերամշակվելու: Գործարանի կառուցման շնորհիվ՝ 10 աշխատատեղ է ստեղծվելու:

Բավրայի համայնքապետի խոսքով՝ ENPARD-ն («Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիր») ու ՄԱԿ-ը կառուցված արտադրամասի գործիքներն ու սարքավորումներն են տրամադրել, իսկ գործարանը կառուցվել է «Համահայկական հիմնադրամի» աջակցությամբ, արգենտինահայ գործընկերների շնորհիվ՝ արգենտինահայ բարերարներ Դևեճիէան, Էքզերճիան ընտանիքների և Քրիքոր Շիմշիրօղլուի ֆինանսավորմամբ:

Գործարանի շինարարությունն արժեցել է մոտ 200 միլիոն դրամ:

Պատասխանատուները վստահեցնում են՝ արտադրվող հնդկացորենն արտասահմանից ներկրված հնկացորենից որակով ավելի լավն է լինելու: Բացի այդ, արտադրվող կանաչ հնկացորենը որպես դիետիկ սնունդ կարող է ծառայել նաև շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար:

Կ.Սումբուլյանի վստահեցմամբ, իրենք արտադրությունը դեռ չեն սկսել, սովորելու փուլում են գտնվում:

«Գործարանը նախատեսված էր եվրոստանդարտների համար, բայց մեր սպառողը լրիվ ուրիշ պահանջարկ ուներ, ուստի ձգձգելով, հեղափոխություններով՝ եկանք-հասանք մինչև հիմա, սկսած այն տեխնոլոգիաներից, որի արտադրանքը մեզ դուր է գալիս: Նաև էներգախնայողության համար ենք փոփոխություններ իրականացրել: Հնդկացորենի արտադրությունը կամաց-կամաց սկսելու ենք, կարևոր է տնտեսապես ձեռնտու արտադրանք արտադրելը: Հիմա շուկա դուրս գալու խնդիր կա: Ես էլ՝ որպես փորձառու հնդկացորեն արտադրող, այժմ արդեն՝ նաև վերամշակող, այս գործով եմ զբաղվում: Նախաձեռնությունն ENPARD-ինն ու ՄԱԿ-ինն է:

«Համահայկական հիմնադրամի» ներդրմամբ (արգենտինահայերի ֆինանսավորմամբ) գործարանի շենք կառուցվեց, ուստի կարելի է շատ լավ արտադրություն սկսել, մնացած բաները՝ գործիքների, սարքավորումների տրամադրումը, ENPARD-ն է կազմակերպել: Այս կազմակերպության շնորհիվ նաև հնդկացորենի արտադրության դասընթացներ են կազմակերպվել»,- ասաց Կ.Սումբուլյանը:

Մենք Կ.Սումբուլյանից հետաքրքվեցինք, եթե ցանկանում են տնտեսապես շահավետ ապրանք արտադրել, որքա՞ն է լինելու իրենց արտադրած 1 կգ հնդկացորենի գինը:

«Այն, ինչ վաճառվում է շուկաներում՝ կարող է ընդհանրապես օրգանական բան չլինել, ներկրված լինի Չինաստանից կամ այլ երկրից: Դրա համար դրանք էժան են, լավերն այնքան էլ էժան չեն՝ 800, 900, 1000 դրամ: Այնպես որ, գինը չի էժանացել, էժանացել է անորակ ապրանքի գինը, լավ ապրանքի գինն էլի նույնն է: Մերը կլինի 1 կգ-ն՝ 500-600 դրամի սահմաններում»:

Կ.Սումբուլյանի խոսքով՝ Հայաստան ներկրվում է մոտ 9000 տոննա հնդկաձավար, մինչդեռ իրենք ընդամենը 400-500 տոննա են արտադրելու, այնպես որ, ներկրողներին ընդհանրապես չեն խանգարում:

«Մեր գործարանի հզորությունը մոտավորապես 500-600 կգ/ժամ պետք է լինի: Հիմա բավական փոփոխություններ ենք կատարել, տեսնենք, թե վերջնական ինչքան կլինի: Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա ամբողջ Հայաստանի համար էլ արտադրելու ենք, ոչ միայն Շիրակի մարզի համար: Որտեղ պահանջարկ կլինի, այնտեղ էլ կուղարկենք: Հնարավոր է՝ նաև Ռուսաստան ուղարկենք: Բացի այդ, նաև ալյուր ենք արտադրելու: Սերմերի վերաբերյալ նշեմ, որ ՄԱԿ-ն է տրամադրելու»:

Կ.Սումբուլյանի խոսքով՝ Բավրայում երկրագործությունը նոր է սկսել զարգանալ.

«Խնդիրներ կային՝ վառելիքի, թանկության հետ կապված, պայմաններն այնպիսին չէին, ինչպիսին պետք էին: Այժմ երկագործությունն ավելի է զարգանալու, կրկին սկսել ենք ցանել: Ընդեղեններ կան՝ ոլոռ, սիսեռ, ոսպ, կտավատ, որոնց սերմերը կրկին ՄԱԿ-ն է տրամադրել»:

Նշենք, որ Գյումրու շուկայում 1 կգ հնդկացորենը 400-1200 դրամով է վաճառվում, սակայն տեղական հնդկացորենի վաճառքը բացակայում է, ուստի Բավրայում հնդկացորենի արտադրությունը հատիկավորների տեղական արտադրության զարգացման նոր սկիզբ կհանդիսանա:

Հնարավոր է՝ հնդկացորենի արտադրության հարցում Հայաստանը դառնա ինքնաբավ երկիր, սակայն միայն այն դեպքում, երբ հնդկացորենի արտադրության և վերամշակման գործարանների թիվն ավելանա, ինչպես նաև՝ ավելացվեն դրանց արտադրության ծավալները՝ համապատասխան մեր բնակչության թվաքանակի:

Շիրակի մարզը նաև հացահատիկի արտադրության շտեմարան է հանդիսանում:

Ցորենի արտադրության ծավալներով մեր մարզն ամբողջ հանրապետությունում առաջատար դիրքեր է գրավում:

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը նվիրված լինելով իր աշխատանքին՝ քայլեր էր ձեռնարկում Շիրակում գյուղատնտեսությունը զարգացնելու, այդ նպատակով միջազգային կառույցներին ևս ներգրավելու համար:

«ENPARD»-ի ծրագրով ՀՀ 6 մարզում մշակվել է 510 հա հնդկացորեն, որից 240 հա-ն՝ Շիրակի մարզում: Հնդկացորենի ցանքատարածություններից ստացվել է միջինը 20-30 ցենտներ բերք:

Անդրադառնալով հանրապետությունում հնդկացորենի արտադրությանը, նշենք, որ ՀՀ-ում հնդկացորենի վերամշակման գործարան գործում է նաև Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այժմ քայլեր է ձեռնարկում հանրապետությունում հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան ցորենի, առվույտի, կորնգանի և այլ հատիկավորների արտադրության զարգացման համար:

Գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտն է: Ընդհանուր ռազմավարության մեջ այն ունի առանցքային դեր, և նպատակային քաղաքականության իրականացման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ՝ հնարավոր է որոշակիորեն լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

Ըստ ՀՀ գյուղնախարարության՝ ագրարային քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի արտադրության ծավալի աճին, ներմուծվող արտադրանքը տեղականով փոխարինելուն, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինչը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

Որոշ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիրը դրանց ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես՝ դա վերաբերում է գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին, ինչը կնպաստի անասնապահության ճյուղի վարման արդյունավետության բարձրացմանը:

Քանի որ հանրապետությունում ցածր է ընդեղենային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը, խիստ հրատապ է դրանց արտադրության կազմակերպումը` հաշվի առնելով գյուղատնտեսության գոտիականությունը:

Վերջում հավելենք, որ Շիրակի մարզում արտադրական ձեռնարկությունների ստեղծումը նպատակ ունի նաև աշխատատեղերով ապահովել տեղի բնակչությանը:

Շիրակի մարզում առկա գործազրկության վերաբերյալ Բավրայի գյուղապետն իր ուրույն պատկերացումներն ունի:

«Հենց ասում են՝ գործազրկություն՝ ինֆարկտի եմ հասնում: Աշխատող ժողովուրդ չենք: Չկա գործազրկություն, կա չուզենալ, չաշխատել: Մարդիկ գոհ են իրենց թերզբաղվածությունից: Մինչդեռ պարզվում է՝ պարապ ժամանակ անցկացնելու փոխարեն՝ կարող են այս փոսն էլ լցնել, այլ աշխատանք էլ կատարել: Ավելի հեշտ է պատի տակ կանգնել-խոսել, որ՝ էս թալանեցին, էն թալանեցին, քան՝ աշխատել:

Օրինակ, ես մեր գյուղից հազիվ երկու աշխատող կարողացա գտնել, բայց իրենք էլ թողեցին-գնացին: Ինչ պայման ուզում եք՝ առաջարկեք, ուզում եք՝ ոսկե պալատ առաջարկեք… մարդը, ով չի ուզում աշխատել, չի աշխատի, իսկ ով ուզում է, նա գտնում է աշխատանք: Հենց հիմա հաց թխողի կարիք կա, գիտե՞ք մարդ, թող գա, աշխատի»,- ասում է Կորյուն Սումբուլյանը:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս