Գագիկ Հարությունյանը պաշտոնանկ կարվի՞
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի ընտրությանը, ասել է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից։
Ուշագրավ է, սակայն, որ 2014թ., երբ լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե որքանով են պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում արված փոփոխությունները համապատասխանում ՍԴ-ի ավելի վաղ կայացրած որոշմանը՝ հաշվի առելով, որ տարբերություն է դրվել պետական մարմիններում և մասնավոր ընկերություններում աշխատողների միջև, նա պատասխանել էր.
«Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտածել նման հարց տալով, համենայնդեպս, ես շատ անլուրջ կերևամ, եթե փորձեմ այսօր կարծիք հայտնել մի օրենքի վերաբերյալ, որը ՍԴ-ում քննության առարկա չի դարձել: Շատ լավ գիտեք, որ ՍԴ նախագահը, եթե որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ քննության առարկա դառնալ, նախապես կարծիք է արտահայտում, դա նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ, այնպես որ, եթե դուք ինձ համար դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչ-որ բան ասել»։
Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պատրաստվում է դիմել ՍԴ՝ 4-րդ նախագահի ընտրության հարցի հետ կապված: Այսինքն՝ այդ հարցը դառնալու է ՍԴ քննության առարկա։
168.am-ը փաստաբան Գևորգ Գյոզալյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում Գ. Հարությունյանն ասում է, որ իր պատասխանը կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ, մեկ այլ դեպքում պատասխանում է նմանատիպ հարցադրմանը։
– Պարոն Գյոզալյան, այս հարցն իրավական հարթությունում ինչպե՞ս է կարգավորվում, Գ. Հարությունյանը հիմա պետք է պաշտոնա՞նկ արվի, ինչպես ինքն էր նշել։
– Պարոն Հարությունյանի առաջին ասածն ունի իրավական հիմք, ինչ վերաբերում է երկրորդ ասածին, ապա չգիտեմ՝ ինչու է նման դիրքորոշում արտահայտել։ Իհարկե, ես չեմ կարծում, որ դա անվերապահ հիմք է, որպեսզի նա պաշտոնանկ արվի, բայց դա անվերապահ հիմք է, որ նա այդ գործով քննությանը չմասնակցի։ Անգամ, եթե մասնակցի, ապա դիմող կողմը, լինի «Ելքը» թե այլ անձ, պետք է այդ հարցը միանշանակ բարձրացնի՝ բացարկ հայտնի տվյալ դատավորին: Խոսքը միայն պարոն Հարությունյանի մասին չէ։
Մենք գիտենք, որ պարոն Թովմասյանն է շուտով գնում ՍԴ, և չի բացառվում, որ այդ դիմումի քննության ժամանակ արդեն նա էլ ՍԴ անդամ լինի։ Բոլոր այն անձինք, ովքեր անմիջականորեն կամ անուղղակի ձևով ներգրավված են եղել նոր Սահմանադրության փոփոխման հարցերին, միանշանակորեն չպետք է մասնակցեն այդ դիմումի քննությանը։ Գագիկ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, Գևորգ Դանիելյանը, որն ի պաշտոնե Հարությունյանի օգնականն է, ընդհանրապես չպետք է մասնակցեն այդ դիմումի քննությանը, և ոչ միայն՝ նրա համար, որ նրանք հրապարակային կարծիք են հայտնել, այլև այն փաստի ուժով, որ նրանք անմիջականորեն ներգրավված են եղել նոր Սահմանադրության անցկացմանը։
Նրանց անաչառությունն այստեղ խիստ հարվածի տակ է, որևէ մեկը չի կասկածում, որ նրանք չեն կարող անաչառ լինել, որովհետև նրանք ամեն ինչ անում էին, որ նոր Սահմանադրություն ընդունվի, քարոզում էին, թե մարդակենտրոն Սահմանադրություն է սա, քվեարկեք, այո ասեք, և այլն։ Ուստի, նրանց մասով ես միանշանակորեն վերապահում ունեմ, և եթե նրանցից մեկն էլ մասնակցեց այս գործի քննությանը, ապա ինձ համար այդ որոշումը հեղինակավոր չի լինի։
– Իսկ բուն քննարկվող հարցի վերաբերյալ Ձեր կարծիքը ո՞րն է. մի մասը պնդում է, որ ՀՀ 4-րդ նախագահին ԱԺ-ն պետք է ընտրի, մյուս մասն էլ պնդում է՝ ժողովուրդը։ Ի վերջո, ո՞ր կողմն է ճիշտ։
– Երբ ես նժարին եմ դնում Վահե Գրիգորյանի կողմից արված ուսումնասիրությունը, և իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հրապարակված հիմնավորումները, միանշանակորեն կարծում եմ, որ Վահե Գրիգորյանի ասածն անվերապահ ստվերում է իշխանական ներկայացուցիչների ասածը։ (Հիշեցնենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանը iLur.am-ին ասել է, որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ պատգամավորների, այլ քաղաքացիների քվեարկությամբ): Այստեղ ավելացնելու բան չունեմ, քան այն, ինչ ասել է Վ. Գրիգորյանը, այստեղ երկու կարծիք չկա։ Իրավական առումով Վ. Գրիգորյանի ասածը միանշանակորեն ճիշտ է։ Բնականաբար, տեղի է ունեցել անփույթ վերաբերմունք, սխալ, և քաղաքական առումով պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ սխալը ծածկեն։
– Այսինքն՝ «Ելք» դաշինքը ՍԴ դիմելու դեպքում որևէ բան չի՞ փոխի։
– Անկեղծ ասած՝ կարծում եմ՝ ոչ։ Ակնհայտ է իրավական հակասությունը, այստեղ պետք չէ մեծ իրավաբան լինել՝ դա հասկանալու համար․ բավական է ընթերցել Սահմանադրության 209-րդ հոդվածի 5-րդ մասը, 211-րդ, 125-րդ հոդվածները, և արդեն ամեն ինչ պարզ է դառնում։ Բայց քաղաքական առումով ակնհայտ է, որ նրանք քարոզարշավը սկսեցին հենց այդ թեզով, որ նախագահը պետք է ընտրվի ԱԺ-ի կողմից։ Իմ դիրքորոշումը մի փոքր այստեղ տարբերվում է պարոն Գրիգորյանի դիրքորոշումից, որովհետև, թեպետ Սահմանադրությունը փնթի են գրել, բայց նրանք ամբողջ քարոզարշավը դրան են տարել, և ժողովրդի մոտ, ով պետք է ընդուներ այդ Սահմանադրությունը, համենայնդեպս, չկար այն ընկալումը, որ իրենք պետք է ևս մեկ անգամ նախագահ ընտրեն, այնուհետև պետք է ընտրի ԱԺ-ն։
Ուստի, ես կարծում եմ, որ նրանք սա առաջ կտանեն։ Ակնհայտ է, որ փաստաթուղթը թերի է, ակնհայտ է, որ հակասում է գործող 2005 թվականի Սահմանադրությանը, բայց նրանք քարոզարշավը կազմակերպում էին՝ հենվելով նրա վրա, որ նախագահը չի ընտրվելու ժողովրդի կողմից։ Այս առումով քաղաքական կոմպոնենտը բավականին բարձր է, և ՍԴ-ն եթե անաչառ լինի, կասի՝ այո, այստեղ թերություններ կան, ճիշտ չի գրվել։ Բայց նկատի ունենալով, որ ամբողջ քարոզարշավն այդ ուղղությամբ է տարվել, կնայեն ամբողջի մեջ և կասեն, որ ժողովուրդը չէր ընկալում, թե պետք է նորից նախագահ ընտրի, հետո նոր ԱԺ-ն ընտրի։ Նման ճանապարհով չգնալը, ակնհայտորեն, սահմանադրական ճգնաժամի կբերի։