«Եթե դուք ինձ համար դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչ-որ բան ասել». Գագիկ Հարությունյանը՝ կենսաթոշակային օրենքի մասին

Լրագրողներն այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ որքանով են պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում արված փոփոխությունները համապատասխանում սահմանադրական դատարանի ավելի վաղ կայացրած որոշմանը՝ հաշվի առելով, որ տարբերություն է դրվել պետական մարմիններում և մասնավոր ընկերություններում աշխատողների միջև:

«Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտածել նման հարց տալով, համենայնդեպս, ես շատ անլուրջ կերևամ, եթե փորձեմ այսօր կարծիք հայտնել մի օրենքի վերաբերյալ, որը ՍԴ-ում քննության առարկա չի դարձել: Շատ լավ գիտեք, որ ՍԴ նախագահը, եթե որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ քննության առարկա դառնալ, նախապես կարծիք է արտահայտում, դա նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ, այնպես որ եթե դուք ինձ համար դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչ-որ բան ասել: Բայց իրականում ես չեմ բացառում, որ այդ հարցով նորից դիմում կլինի, որովհետև քաղաքական ուժերը խոսում են.. մենք կուսումնասիրենք և համպատասխան արձագանքը կլինի՝ դատարանի արձագանքը, դատարանի նախագահն առանց հարցի ուսումնասիրման ու քննության որևէ կարծիք չի արտահայտել, այդ թեմայի վերաբերյալ ընդհանրապես ես որևէ հարցի այսօր չեմ պատասխանի»,- ի պատասխան ասաց Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ որոշումն անհրաժեշտ է առնվազն երեք անգամ կարդալ, որովհետև շատ հաճախ մարդն, ով փորձում է ստվերել որոշումը, հաջորդ օրն այդ որոշումը դրոշակ դարձած գնում է պայքարելու այդ որոշման իրականացման համար: Գ. Հարությունյանն ասաց, որ այդ որոշումը բազմաշերտ ու շատ խորն է. «Խելամիտ իրացնելու պարագայում ես վստահ եմ, որ խնդրի արդյունավետ լուծումները կգտնվեն»:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ անկախ նրանից՝ կդիմեն ՍԴ, թե ոչ, իրենք կանդրադառնան որոշման կատարմանը: Նրա խոսքով՝ ինքը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ, որը նախապատրաստական աշխատանք է տանում, և իրենց տարեկան հաղորդման մեջ կանդրադառնան ապրիլի 2-ի որոշման կատարման վիճակին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս