ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Խորհրդարանի կողմից. Գագիկ Հարությունյան
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա չցանկացավ մանրամասն մեկնաբանել հարցը՝ արդյոք նախագահի ընտրությունը ժողովրդի, թե խորհրդարանի կողմից է կատարվում:
«Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետև դեռ խոսակցություններ կան Սահմանադրական դատարան դիմելու մասին, իսկ իմ լիազորություններն այնտեղ կավարտվեմ մարտի 23-ին: Բայց ես խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ Սահմանադրության 211-րդ հոդվածը՝ անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կան նաև անցումային դրույթներ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում շատ հստակ սահմանված է, որ 125 հոդվածով սահմանված նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով: Այսինքն՝ հստակ սահմանված է, իմ կարծիքով, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ պետք է կատարվի 125 հոդվածով՝ Ազգային ժողովի միջոցով»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Դիտարկմանը, որ Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ ներառված է 125 հոդվածը, ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի ընտրությունից հետո, նա արձագանքեց. «Եթե փորձենք Սահմանադրության տարբեր գլուխներ ուսումնասիրել, կտեսնենք, որ անցումային դրույթները վերաբերում են տարբեր գլուխների:
Նույնը վերաբերում է 7-րդ գլխին, որը դեռ ուժի մեջ չի մտել, բայց անգամ այդ գլխով հստակեցված են դատական իշխանության հետ կապված շատ հարցեր, որոնք անցումային դրույթներով այդ ժամանակի համար այլ կերպ պետք է լուծվեն: Այսինքն` անցումային փուլում լուծումները տրվում են անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար: Մենք Սահմանադրության վրա սկսեցինք աշխատել 2013թ. սեպտեմբերից: Հոկտեմբերին մշակեցինք հայեցակարգը, որից հետո փոփոխությունները: Հանրաքվեն եղավ 2015-ին, 2018 թվականն է՝ մենք դեռ անցումային փուլում ենք, որի նպատակը այս անցումը ներդաշնակ, դինամիկ ապահովելը, իշխանության մեջ վակուում չառաջացնելն է»:
Փետրվարի 22-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։
«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում: Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,-ասված էր պատգամավորի հայտարարության մեջ»,- գրել է Փաշինյանը: