«Այստեղ որևէ խնդիր, Սահմանադրության խախտում չկա». Սահմանադրագետը՝ ՀՀ 4-րդ նախագահի ընտրության կարգի մասին
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը չի գտնում, որ Սահմանադրության դրույթ կխախտվի, եթե ՀՀ 4-րդ նախագահն ընտրվի Ազգային ժողովի կողմից:
Նշենք, որ օրերս փաստաբան Վահե Գրիգորյանը iLur.am-ին ասել է, որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե՝ ԱԺ պատգամավորների, այլ՝ քաղաքացիների քվեարկությամբ:
«Թե՛ ՀՀԿ նախագահի, թե՛ ՀՀԿ և իշխանական քարոզչամեքենայի և դրա արբանյակների դաշտ նետած «ակնհայտ ճշմարտության»՝ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից իրականացվելու սահմանադրականության մոտեցումը հիմնվում է 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 125 հոդվածի վրա: Նկատեք, որ այս հոդվածը ներառված է Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 5-րդ գլխում, որն ուժի մեջ չի մտել և չի մտնի, քանի դեռ Հանրապետության նորընտիր նախագահը, այսինքն՝ Հանրապետության 4-րդ նախագահը չի ստանձնել իր պաշտոնը, քանի որ համաձայն Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 209 հոդվածի 6-րդ մասի՝ այս, ինչպես և Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) բազմաթիվ այլ դրույթներ ուժի մեջ են մտնում միայն «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Ստուգեք համապատասխան հոդվածները, խնդրում եմ:
Ավելին, նույն այս մասի հաջորդ դրույթն ուղղակիորեն նախատեսում է, որ մինչ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը Սահմանադրության համապատասխան դրույթները շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով, և կրկին ստուգեք այս պնդումը, խնդրում եմ»,- նշել է Վ. Գրիգորյանը:
Մեզ հետ զրույցում Վ. Այվազյանը նկատեց, որ փաստաբանը մատնանշել է Սահմանադրության 209 հոդվածի 6-րդ կետը, որ Սահմանադրության մի շարք դրույթներ ուժի մեջ են մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, և մինչ այս շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:
«Հիմա, սրա հիման վրա կիսագրագետ կերպով ինտրիգ մտցնող փաստաբանը գոնե պետք է բարի լիներ, ընդամենը 2 հոդված առաջ գնար և 211-րդ հոդվածը մատնանշեր: Այն ասում է՝ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, ոչ ուշ, քան 30 օր առաջ: Այսինքն՝ մեր նոր Սահմանադրության 211-րդ հոդվածը վերապահում է անում իր ասած 209-րդ հոդվածից, որ այս գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ՝ քան 30 օր առաջ այդ 125-րդ հոդվածի կարգավորումներով տեղի է ունենում ՀՀ նախագահի ընտրությունը: Հստակ գրված է: Ասենք, այդ փաստաբանը, որ ասում է, մի հատ հաջորդ հոդվածն ինչո՞ւ չի ուզում կարդա և մատնանշի: Դա ի՞նչ անգրագիտություն է»,- նշեց մեր զրուցակիցը:
Մենք նկատեցինք, որ Վ. Գրիգորյանը մատնանշել է այդ հոդվածը՝ ասելով. «Ենթադրում եմ, որ իմ ընդդիմախոսների վերջին կռվանը մնալու է միայն Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 211 հոդվածը, որը, սակայն, ոչ թե հերքում, այլ հաստատում է իմ պնդումը: Ճշգրտության համար մեջբերեմ. «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն»:
Սահմանադրության իմ վկայակոչած հոդվածների հետ որևէ հակասություն չկա: Ավելին: Սրանով կարգավորվում է այն իրավիճակը, երբ Հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվելու է «Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված», որը, ինչպես տեսանք, կարող է տեղի ունենալ միայն «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից» հետո»:
Սահմանադրագետը, այնուամենայիվ, պնդեց իր ասածը. «Բայց, չէ՞ որ ասվում է՝ նախագահի առաջին ընտրությունը, և ոչ թե՝ ընդհանրապես ընտրությունը: Նախ, ոչ ոք իրավունք չունի Սահմանադրության հոդվածը մեկնաբանել, այն էլ՝ կամայականորեն: Այդ խնդիրը հստակ լուծված է Սահմանադրությամբ: Գուցե ձևակերպումն այնքան 100 տոկոսանոց հստակ չէ, նման խմբագրական բնույթի վրիպակներ՝ ինչպես գործող Սահմանադրությունում, այնպես էլ՝ մի շարք իրավական ակտերում շատ կան, բայց այս հոդվածը հստակ ասում է՝ այս մեր գործող նախագահի լիազորությունների ժամկետից 30-40 օր առաջ 125 հոդվածով նախատեսված կարգով տեղի է ունենալու նոր նախագահի ընտրությունը: Այնպես որ, այստեղ որևէ խնդիր, Սահմանադրության խախտում չկա»: