Բաժիններ՝

«Պատերազմ էր, տանկը կրակում էր, ծիծաղում էի, որ մաման չլսի…»

Asparez.am-ը գրում է. Ապրիլյան պատերազմի մասնակից Ավետիս Զարգարյանը հավատում է` կկարողանա քայլել:

Շուտով կլրանա երկրորդ տարին, ինչ ապրիլյան պատերազմի մասնակից, դիպուկահար Ավետիս Զարգարյանը պայքարում է ոտքի կանգնելու համար: Ավետիսը երկու տարի է չի քայլում, միայն վերջերս է հաջողվել շարժել ձեռքերն ու ոտքերը:

22-ամյա Ավետիս Զարգարյանն արմատներով Գետաշենից է: 1991 թվականին, երբ Գետաշենը գրավել է թշնամին, Ավետիսի ծնողները եկել են Հայաստան եւ բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Երբ Ավետիսն ավարտել է միջնակարգ կրթությունը, ընտանիքը սոցիալական խնդիրների պատճառով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Զորակոչային տարիքից մի քանի ամիս առաջ Ավետիսը ծնողներին հրաժեշտ է տվել, եկել Հայաստան, որ մեկնի պարտադիր զինվորական ծառայության:

«Ռուսաստանից եկել եմ, որ ծառայեմ, նորից ետ գնամ, բայց այսպես ստացվեց, չգնացի: 2014 թվականի նոյեմբերին եկա, որ 2015 թվականի հունվարին գնամ բանակ, հունվարի 21-ին զորակոչվել եմ»,-հիշում է Ավետիսը եւ ավելացնում, որ ծառայության ուսումնական փուլն անցկացրել է Մատաղիսում, իսկ բուն ծառայությունը՝ Թալիշում, ապրիլյան պատերազմին հենց Թալիշում է եղել:

Հայրենասիրությունն Ավետիսի մեջ դեռ մանկական տարիքում է ձեւավորվել, նրա հայրը մասնակցել է Արցախի ազատագրական մարտերին:

«Ապրիլի 1-ին, որ կռիվը սկսվեց, դիրքերից 2 ժամ առաջ էինք իջել, գումարտակում էինք եւ միանգամից տագնապ տվեցին, չկարողացանք նույնիսկ հանգստանալ, բայց գումարտակից չէինք կարողանում դուրս գալ, որովհետեւ ռմբակոծությունը շատ ուժեղ էր: Հաջորդ առավոտ նոր միայն կարողացանք բարձրանալ պոստեր»,- պատմում է պատերազմի մասնակիցը:

Ավետիս Զարգարյանը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին՝ առավոտյան 8-ին: Հիշում է, որ հրամանատարի՝ Արգիշտի Գաբոյանի հետ գնացել են Հրաչ Գալստյանի եւ Գեւորգ Վարդանյանի դիերի հետեւից, որտեղ էլ ստացել է հրազենային վիրավորումը:

«Նրանց դիակները մնացել էր կողքի պոստում՝ չեզոք դիրքում: Վեց հոգով՝ Արգիշտի Գաբոյանի գլխավորությամբ գնացինք, որ տղեքին ու զենքերը բերենք: Տեսանք,որ հակառակորդից մարդիկ կային՝ մոտ 100 հոգով անցնում էին դիմացի ձորով: Դիմացից Գաբոյանն էր գնում, ասել էր չկրակենք՝ մինչեւ ինքը հրաման չտա, բայց չանցած մեկ րոպե նա սկսեց կրակել: Անցանք մարտի եւ ես մարտի մեջ վիրավորվեցի»,-ասում է Ավետիսը եւ պատմում, որ գնդակը մտել է ծնոտից, գնացել դեպի ողնաշար, անցել վեց ողերով եւ ողնուղեղով, իսկ ձախ ձեռքին էլ վնասվել է արկի բեկորից:

«Ողնաշարս լրիվ ջնջխվել է, երկու վիրավորումն էլ միանգամից եմ ստացել: Որ ինձ խփեցին, ընկերս՝ Լիպարիտ Աբրահամյանը, գնաց օգնություն կանչելու: Ես դեռ մի 10 րոպե գիտակից վիճակում էի: Մենակ ուզում էի տեսնել՝ ընկերս կարողանո՞ւմ է գնալ, թե՞ խփում են: Երբ տեսա, որ անցավ, արդեն աչքերս փակվեցին, էլ ոչ մի բան չեմ հիշում: Աչքերս բացել եմ ամսի 5-ին` Երեւանի զինվորական հոսպիտալում»,-հիշում է Ավետիսը, իսկ մայրն ավելացնում է, որ Ավետիսը կամավոր է գնացել մարտական ընկերների դիերի ետեւից եւ գիտակցել, որ կարող է ողջ չվերադառնալ:

Ավետիսը 3 ամիս բուժօգնություն ստացել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության օժանդակությամբ:

Դրական տեղաշարժը նկատելի է, սկզբնական օրերին նույնիսկ աչքերս չէի կարողանում բացել: Հիմա քիչ-քիչ ձեռքերս ու ոտքերս եմ շարժում: Հուսամ, որ մի օր էլ կքայլեմ»,-ասում է Ավետիսը: Նա յոթ ամիս ստացիոնար բժշկական օգնություն է ստացել միայն վերակենդանացման բաժանմունքում, ընդհանուր առմամբ ենթարկվել է հինգ վիրահատության, առջեւում դեռ երեք վիրահատություն պետք է իրականացվի վերականգնողական բուժումներն ավարտելուց հետո:

Ավետիսը ծնողների հետ մինչեւ վիրավորվելը վերջին անգամ խոսել է 2016-ի ապրիլի 3-ին, իսկ արդեն 4-ին վիրավորվել է, ապրիլի 5-ից ծնողները սկսել են տղայի որոնողական աշխատանքները: Երբ իմացել են վիրավորվելու մասին, ՌԴ-ից միանգամից եկել են Հայաստան: Մինչեւ վիրավորվելն Ավետիսը ծնողներից թաքցրել է պատերազմի մասին տեղեկությունները: Մայրը հիշում է, թե ինչպես ապրիլի 3-ին որդու հետ խոսելու ժամանակ հարցրել է՝ պատերա՞զմ է, Ավետիսը բարձր ծիծաղել է, իսկ երբ հայրը վերակենդանացման բաժանմունքում պառկած որդուն հարցրել է, թե ինչու էր ծիծաղում, Ավետիսն ասել է. «Պատերազմ էր, տանկը կրակում էր, ծիծաղում էի, որ մաման չլսի»:

Ավետիսը մինչեւ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը որոշել էր, որ ծառայությունից հետո կարճ ժամանակով վերադառնալու էր Ռուսաստան՝ ընտանիքից կարոտն առնելու եւ կրկին վերադառնալու Հայաստան, որ ատամնաբույժի մասնագիտություն ձեռք բերեր:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս