Բաժիններ՝

«Մենք փորձում ենք բացառիկ թափանցիկությամբ և արդար ձևով այն անցկացնել մրցույթը»

Գեղարքունիքի մարզում 55 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված մրցույթը կառանձնանա թափանցիկությամբ ու արդար ձևաչափով: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գարնանն ամփոփվելիք մրցույթի նախամրցութային համաժողովի ժամանակ: «Այս միջոցառումը չափազանց կարևոր է, քանի որ մենք սկսում ենք տնտեսական մի այլ տեսակի գործունեություն էներգետիկ ոլորտում, ինչը մի կողմից ընդգրկում է ֆոտովոլտային արևային արտադրությունը, մյուս կողմից` ձեռք է բերել մրցույթի ձևաչափ: Ես կցանկանայի հատուկ ընդգծել մրցույթի տեսակը, որը հիմնված է արժեքի, գնի վրա:

Մենք փորձում ենք բացառիկ թափանցիկությամբ և արդար ձևով այն անցկացնել: Յուրաքանչյուր մասնակից պետք է համոզված լինի, որ արդար պայմաններում է գնահատական տրվել իր առաջարկին, և միայն լավագույն առաջարկն է ընդունվել»,-ասաց Վաչե Գաբրիելյանը: Նա շեշտեց կառավարության հանձնառությունը` ստեղծելու անհրաժեշտ պայմաններ, որ հաղթողն ունենա մեծ հնարավորություններ ծրագիրն առանց խոչընդոտների իրականացնելու համար:

Փոխվարչապետի դիտարկմամբ` ծրագրի կարևորությունը ոչ միայն դեպի Հայաստան ներդրումների խրախուսումն է, այլ նաև նոր տեխնոլոգիաների մուտքը ոլորտ: «Արևային ֆոտովոլտային արտադրությունը հանդիսանում է ոլորտի առավել կարևոր ու արագ զարգացող ճյուղերից մեկը: Մենք առաջընթաց ենք նկատում այս ոլորտում ամեն օր, արևային էներգետիկան գնալով ավելի մեծ մասնաբաժին է սկսում զբաղեցնել էներգետիկ արտադրության ընդհանուր ոլորտում: Համոզված եմ՝ Հայաստանի բնական պայմանները շատ բարենպաստ են դրական արդյունքներ արձանագրելու համար»,-նշեց պաշտոնյան:

Վաչե Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց Համաշխարհային բանկի գործընկերներին տեխնիկական և խորհրդատվական օժանդակության համար` նշելով, որ նախաձեռնությունը պահանջում է նոր հմտություններ, նոր գիտելիք՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար:

Ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայան: Այս նպատակով հայտարարվել է մրցույթ` կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով: Հաղթող կճանաչվի ամենացածր սակագին առաջարկող մասնակիցը: Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018-ի գարնանը և ընտրել այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը իրավունք կստանա իրականացնել ծրագիրը:

Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, որը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս