Բաժիններ՝

«Անվճար պանիր միայն թակարդում կարող է լինել». «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ

ՀՀ պոլիկլինիկաներում ընթանում է 13 տարեկան աղջիկների արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները:

Թեմայի վեաբերյալ 168.am-ը զրուցել է «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահ և «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանի հետ

– Պարոն Պետրոսյան, ինչպիսի՞ գործունեություն եք ծավալել պատվաստումների ոլորտում:

– Այս ոլորտում ես աշխատել եմ: Բացի այդ, լինելով մասնագիտությամբ անասնաբույժ, կենդանիների տարբեր հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ իրականացրել եմ և պատվաստումներ և հետազոտություններ և իմ թեկնածուական թեզը պաշտպանելիս հենց այդ ուղղությամբ եմ աշխատել: Նեղ մասնագիտացմամբ իմունաբան, մանրէաբան եմ: Աշխատել եմ Հայաստանում դաբաղի վակցինայի կատարելագործման ուղղությամբ և այնպես չէ, որ այս ոլորտից բացարձակ անտեղյակ եմ: Շատ լավ հասկանում եմ՝ ինչ է պատվաստանյութը, վիրուսային պատվաստանյութը, և ինչ վտանգներ այն կարող է ունենալ:

– Պատվաստանյութերի հիմնական առանձնահատկությունները կամ անցանկալի հետևանքները որո՞նք են:

– Ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում: Պատվաստումներն ընդհուպ մարդուն կարող են հասցնել ցնցումների, ալերգիկ ռեակցիայի, շոգի և մահվան: Դեպքերը շատ տարբեր են՝ կախված օրգանիզմից և մարդու ֆիզիոլոգիական վիճակից:

– Ինչպիսի՞ տվյալներ են Ձեզ հայտնի «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ:

– Արդյունավետության մասին չեմ ուզում շատ խոսել, քանի որ այն ընդամենը 2006 թվականին է սկսվել արտադրվել Ամերիկայում և 10 տարվա ընթացքում որևէ կերպ հնարավոր չէր ապացուցել դրա արդյունավետությունը, քանի որ պատվաստված մարդիկ այդ հիվանդությամբ կարող են հիվանդանալ մոտավորապես դրանից 20-30 տարի հետո և դրա արդյունավետության արդյունքները միայն 20-30 տարի հետո կարելի է ստանալ: Հստակ ասել, թե այդ պատվաստանյութն արդյունավետ է կամ արդյունավետ չէ, ոչ ոք չի կարող ասել: Փոխարենը պետք է նայել վիճակագրությունը, որը գոյություն ունի:

– Կիսո՞ւմ եք ոմանց այն տեսակետը, ըստ որի ՀՀ ԱՆ-ն այս պատվաստանյութը Հայաստան բերելու հարցում շահագրգռվածություն ունի:

– Վիճակագրական տվյալները, երբ նայում ես, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության մակարդակը բարձր է: Բայց չեմ կարծում, որ պատվաստանյութով դրա կանխարգելումը բավականաչափ արդյունավետ է: Հաշվի առնելով այն առանձնահատկությունները, որոնք կան այստեղ՝ խոսքը մեր ազգային ավանդությունների մասին է, մեր կանայք անկանոն սեռական կյանք չեն վարում, սեռական կապերի մեջ չեն մտնում բազմաթիվ տղամարդկանց հետ, որի դեպքում վարակվելու հավանականությունը մեծանում է, այս դեպքում զույգերը կարող են մինչև ամուսնանալը կամ դրա ընթացքում ստուգվել կոնկրետ այդ հիվանդության դեմ և եթե իրենք հանդիսանում են այդ հիվանդության հարուցչի համապատասխան տիպերի կրողը նոր կարող են իրենց ցանկությամբ պատվաստվել: Սա այն հիվանդությունը չէ, որի դեպքում բոլորին պետք է պլանային պատվաստումների մեջ դնել:

– Պատվաստանյութեր կան նաև այլ հիվանդությունների, օրինակ գրիպի դեմ: Որքանո՞վ են մյուս հիվանդությունների դեմ ուղղված պատվաստումներն արդյունավետ: Փորձն ի՞նչ է ցույց տալիս:

– Պատվաստումներն իհարկե ահագին մեծ փոփոխություններ են մտցրել մարդկության պատմության մեջ, կանխարգելել շատ հիվանդություններ և մարդկանց ոչնչացումը: Դրանցից են ծաղիկը, որի դեմ պատվաստումները մեծ արդյունքներ են տվել: Ու կան այլ հիվանդություններ, որոնց դեպքում արդյունավետ է, բայց այսօր պատվաստանյութերը նաև շատ լուրջ գործիք են հանդիսանում և առողջապահական կազմակերպությունները դրանց միջոցով համաշխարհային մասշտաբով փորձում են նաև այլ խնդիրներ լուծել: Այդ խնդիրներից մեկն էլ այն է, որ մարդկանց քանակը կարգավորվի, չթողնվի, որ նրանց քանակն աճի: Ես ավելի շատ զարմանում եմ, որ մեր Առողջապահության նախարարությունը և առողջապահական համակարգն ազգային մակարդակում չեն փորձում այդ ամենը կանխել, որ պատվաստումները տեղին, անտեղին և հասունացման շրջանում գտնվող աղջիկների մոտ չիրականացվեն, որովհետև դրանք չստուգված են: Աշխարհի բազմաթիվ երկրներում բազմաթիվ խնդիրներ առաջացրած պատվաստանյութեր կան և Հայաստան դրանք բերելը սխալ է: ԱՄՆ-ում «Գարդասիլն» արտադրող «Մերկ» ընկերության դեմ հարյուրավոր հայցադիմումներ կան: Նույն Ռումինիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ղազախստանում այս պատվաստանյութի հետ կապված բազմաթիվ դատական գործեր կան և դատական գործերը շահած շատ դեպքեր կան, քանի որ ապացուցվել է, որ այն ընկերությունը, որն արտադրել է այդ վակցինան հավաստի տեղեկություններ չի տրամադրել պատվաստանյութում գտնվող նյութերի, դրա բաղադրության մասին: Այսինքն այսպիսի կասկածելի ընկերության արտադրանք վերցնել և ներդնել Հայաստանում, իմ կարծիքով բավական անզգուշավոր քայլ է:

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս