«Սա որոշիչ գործոններից մեկն է վարչապետի հարցում». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանում ամբողջ քաղաքական գործընթացը կառուցվում է պարզ առևտրային, գործարքային տրամաբանության վրա։ Նա պատահական չի համարում այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական մեղադրանքների սլաքն ուղղվեց հենց հասարակության կողմը.

«Հասարակությունը դարձավ այդ գործարքի կողմ, և քաղաքական ուժերի մոտ առաջացավ խանդ, այսինքն՝ այդ գործարքի տերը մենք պետք է լինեինք, մենք պետք է պայմանավորվեինք իշխանության հետ, իսկ դուք գնում, ավելի էժան գնով եք պայմանավորվում։ Սա է ամբողջ խնդիրը»։

Բադալյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում արմատականությունը խնդրի լուծում չէ, այլ խնդիրներ է առաջացնում, այն էլ՝ ոչ այնքան իշխանության, որքան՝ պետության համար.

«Մենք տեսանք, որ նախորդ տարվա հուլիսի դեպքերից ամենաշահածը և ամենաքիչ տուժածը դուրս եկավ իշխանությունը։ Այսինքն՝ եթե նույնիսկ մեխանիկորեն նայենք, ապա, իհարկե, արմատական տրամադրությունների ռիսկը մեծանում է, բայց չեմ կարծում, որ հասարակությունն այս ուղղությամբ ինչ-որ բաներ պետք է փնտրի, որովհետև լուծումներն ամենևին այստեղ չեն։

Դրանից կարելի է հասնել լարված իրավիճակի, որից դարձյալ իշխանությունն է շահած դուրս գալու, որովհետև ռեսուրսներն ամբողջությամբ իշխանության ձեռքին են։ Այս իմաստով՝ մենք գործ ունենք քաղաքական ճգնաժամի հետ, որը պետք է հաղթահարվի, իսկ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մենք մոտ չենք այդ ճգնաժամը հաղթահարելուն»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին ՀՀԿ-ից հնչող հայտարարություններին, ապա, ըստ նրա՝ կան հայտարարություներ, որոնք ամենևին էլ դրա մասին չեն.

«ՀՀԿ-ի ներսում ակնհայտ է տարբեր խմբերի և տարբեր թևերի պայքարը, և այստեղ այդ պայքարի արտացոլումն ենք ավելի շատ տեսնում։ Հիմնականում երիտասարդ սեգմենտն է խոսում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, որոնք իրենց քաղաքական դիրքը, հետագա քաղաքական ընթացքն ավելի շատ պայմանավորում են հենց Սերժ Սարգսյանով։

Մնացյալ հատվածը, որը տնտեսական գործընթացներում ներգրավված հատվածն է, համարում է, որ կարող են առանց Սերժ Սարգսյանի իրականացնել այդ գործընթացները։ Կարեն Կարապետյանը նրանց համար շատ ավելի ընդունելի ֆիգուր է, որովհետև իրենք կարող են շատ հանգիստ խոսել միևնույն լեզվով։

Սերժ Սարգսյանն իր նախագահության տասնամյակի ընթացքում նաև այդ խնդիրն ուներ՝ նույն այդ օլիգարխների հետ խոսել բիզնեսի լեզվով, և գաղտնիք չէ, որ նրանք մշտապես դժգոհություն ունեին տնտեսական իրավիճակից, տնտեսական զարգացումների տրամաբանությունից, կանոններից։ Սա որոշիչ գործոններից մեկն է վարչապետի հարցում»։

Ըստ նրա՝ տնտեսական հենքի վրա ձևավորված թևերը չեն ուզում ստանձնել քաղաքական պատասխանատվություն, այլ ուզում են ազատ լինել, որոշել բիզնեսի, տնտեսության կանոնները.

«Այստեղ առանցքային նշանակություն կունենա այն, թե ինչպիսին կլինի արտաքին իրավիճակը և անվտանգության իրավիճակը՝ մարտահրավերների առումով։ Առայժմ այդ իրավիճակը բավական հանդարտվել է, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը որոշակի գիծ էր, որը հանգիստ իրավիճակի է բերել, և, եթե այս իրավիճակը շարունակվի ապրիլին, ապա Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ։

Եթե իրավիճակը փոխվի, ապա որոշ ժամանակ անց կառաջանա Սերժ Սարգսյանի վերադարձի հնարավորությունը։ Մյուս կողմից՝ Սարգսյանի համար տնտեսական խնդիրը շատ կարևոր է, և լինելով վարչապետ՝ պետք է տնտեսական վիճակի ահռելի պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Հիմա չի լինելու նախագահ, որը գոլորշին բաց կթողնի վարչապետի միջոցով, և այս տեսանկյունից վարչապետի պաշտոնը շարունակելու է լինել գոլորշին բաց թողնելու ենթակա պաշտոն։ Երբ Սերժ Սարգսյանն է զբաղեցնում այդ պաշտոնը, այդ հանգամանքը չափազանց դժվար է լինում։ Սա ևս կարևոր գործոն է․կլինի՞ նա 2018թ. ապրիլին  վարչապետ, թե՞ կթողնի այնպիսի վարչապետի, որին անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հեռացնել»։

Բադալյանի խոսքով՝ կարևոր է նաև արտաքին ուժերի կարծիքն այս հարցում. «Հայաստանը չի կարող հաշվի չառնել, թե Մոսկվայում, Վաշինգտոնում կամ նույնիսկ՝ Թեհրանում ինչպես կընկալվի տվյալ թեկնածուն։ Եվ այս ամբողջը համագումարի բերելով՝ կարծում եմ, որ դեռ հստակ որոշում չկա այդ հարցում։ Կան մի քանի սցենարային պլաններ»։

Տեսանյութեր

Լրահոս