Բաժիններ՝

12 պատճառ, թե ինչու կարող են տարբերվել Հայաստանի և գործընկեր երկրների ցուցանիշները՝ արտաքին առևտրի գծով

Ինչպես արդեն գրել ենք, հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած այն թվի հետ, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով աճել է 23.5 տոկոսով։ ՌԴ վարչապետն ասաց, որ իր տվյալներով՝ 2017 թվականի հունվարից օգոստոս հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և առաջարկեց հետագայի համար օգտագործել այդ ցուցանիշը: Կարեն Կարապետյանը համաձայնեց՝ ավելացնելով, որ առանց այն էլ կասկածներ կան, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը նվազեցնում է որոշակի ցուցանիշներ։

Լրագրողները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին խնդրել էին պարզաբանել, թե ինչով են պայմանավորված արտաքին առևտրի տվյալների տարբերությունները։ Մնացականյանը 3 գործոն էր նշել. մեթոդաբանական (պայմանավորված FOB և CIF գներով) և տեխնիկական (օրինակ՝ ապրանքների առաքման ժամանակային գործոնը և առաքված ապրանքը ճանապարհի կեսից այլ հասցեատիրոջ ուղարկելու դեպքերը)։

Սակայն ԱՎԾ-ն այդքանով չի բավարարվել։ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2016 թվականին» զեկույցի մեջ ԱՎԾ-ն մի առանձին բաժին նվիրել է արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջացած տարբերությունների պատճառներին։

Ընդհանուր առմամբ՝ ԱՎԾ-ն նշել է 12 պատճառ (մեթոդաբանական, տեխնիկական և տվյալների դիտավորման աղավաղման), որոնցով կարող է բացատրվել տվյալների տարբերությունը։

Ներկայացնում ենք ԱՎԾ-ի պարզաբանումներն ամբողջությամբ:

Արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջացած տարբերությունների պատճառները 

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների արտահանման և ներմուծման արժեքային և ծավալային ցուցանիշներում հիմնականում առաջանում են տարբերություններ: Հայելային վիճակագրության վարման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած բոլոր երկրները կիրառում են ՄԱԿ-ի կողմից առաջարկվող («Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ», 2010թ. հրապարակում) արտաքին առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությունը, այնուհանդերձ գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջանում են որոշակի տարբերություններ, որոնք պայմանավորված են որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Արտաքին առևտրի վիճակագրության վարման պրակտիկայում վիճակագրական տվյալների շեղումներն ըստ առաջացման բնույթի բաժանվում են 3 հիմնական խմբերի.

ա) Մեթոդաբանական.

– համաձայն միջազգային չափանիշների, գործընկեր-երկրները ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը սահմանում են ՍԻՖ գներով, իսկ արտահանվող ապրանքների արժեքը՝ ՖՕԲ գներով: Ի տարբերություն ՖՕԲ գնի, ՍԻՖ գինը ներառում է նաև տվյալ ապրանքի փոխադրման համար կատարված տրանսպորտային ծախսերը և ապահովագրական վճարները, ինչով պայմանավորված էլ, երկու համեմատվող երկրների համար նույն ապրանքի արտահանման և ներմուծման արժեքային ծավալները դիտարկելու պարագայում,
դրանք չեն կարող նույնությամբ համապատասխանել միմյանց և ունենալ միևնույն մեծությունը,

– գործընկեր-երկրների կողմից արտաքին առևտրի բնագավառում կիրառվող ընդհանուր և հատուկ համակարգերի առանձնահատկություններ, որի համաձայն ընդհանուր համակարգի դեպքում երկրի մաքսային տարածքը համապատասխանում է տնտեսական տարածքին, իսկ հատուկի դեպքում՝ ոչ (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երկուսն ել կիրառելի են),

– հնարավոր են շեղումներ արտաքին առևտրի գործառնությունների ձևակերպման հետ կապված, պայմանավորված ապրանքի ծագման/նշանակման երկրի սխալ գրանցման հետ,

– մի շարք ապրանքների (թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրաէներգիա, բունկերային վառելիք, բաց ծովից որսած ձկներ և վերանորոգման նպատակով տեղափոխված ապրանքներ) առանձնահատկություններով պայմանավորված, դժվարություններ են առաջանում տարբեր երկրների մաքսային մարմինների մաքսային ձևակերպումների միասնական մոտեցումները օգտագործելիս,

– հնարավոր են տարբերություններ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող մաքսային հսկողության ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների մոտեցումներում,

– ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդների տարբերություններ (գործարքի գին, շուկայական գին և այլն):

բ) Տեխնիկական.

– ծագման երկրում ապրանքների արտահանման առաքման գրանցման ամսաթվի և ընդունող երկրի գրանցման ամսաթվի միջև առաջանում է ժամանակային տարբերություն, որը միջազգային առևտրում միջինում կազմում է 3-4 շաբաթ և տատանվում է կախված երկրի աշխարհագրական դիրքից, օգտագործվող փոխադրամիջոցի տեսակից, տեղափոխվող ապրանքների բնույթից,

– գործընկեր-երկրի բնորոշման (առևտուր անող երկիր, պայմանագիր կնքող երկիր, ապրանքի ծագման երկիր) հատկանիշի տարբերություն: Օրինակ, «պայմանագիր կնքող երկրի» հատկանիշի դեպքում, հնարավոր է, որ տվյալ ապրանքը տվյալ երկրից առաքվի մեկ այլ երկիր, և ըստ այդմ, առաքող (արտահանող) երկրի կողմից այն ձևակերպվի որպես «արտահանում», իսկ պայմանագրի մյուս կողմ հանդիսացող երկրի կողմից տվյալ ապրանքը չգրանցվի: Կամ, օրինակ, ապրանքը՝ վերջնական նշանակման երկիր տեղափոխելու (հասցնելու) հետ կապված այն արտահանող կողմը, հընթացս, կարող է փոխել դրա նախօրոք ձևակերպված վերջնական նշանակման երկիրը և արտահանել մեկ այլ՝ երրորդ երկիր (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երեքն ել կիրառելի են),

– որոշ դեպքերում արտահանող երկրի կողմից առաքված ապրանքը չի հասնում նշանակման երկիր՝ ապրանքի վնասվելու կամ տարանցիկ երկրներից մեկում վերաձևակերպվելու պատճառով,

– շատ երկրներում կան սահմանափակումներ առանձին ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման հետ կապված, օրինակ, ազգային սահմանները հատելիս գործընկեր-երկիրը կարող է միտումնավոր չգրանցել արտահանվող կամ ներմուծվող ապրանքը, մինչդեռ մյուս գործընկեր-երկրում տվյալ ապրանքը գրանցվում է:

գ) Վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղում.

– ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաև միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը, մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: Արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը և արժեքը վերադարձվող ԱԱՀ-ի ավելացման նպատակով,

– առևտրային հարաբերությունների մեջ գտնվող կողմերը կարող են դիտավորյալ սխալ նշել գործընկեր-երկրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս