Վրաստանի պատրիարքարանի ունեցվածքը

Վրաստանի պատրիարքարանը, վայելելով բնակչության 83%-ի վստահությունը և համարվելով երկրում ամենաազդեցիկ կառույցը,  կրոնական ամենահարուստ կազմակերպությունն է: Ըստ aliq.ge-ի՝ գրում է «Ինդիգո» թերթը՝ առավել մանրամասն ներկայացնելով պատրիարքարանի ունեցվածքը։

Վրաստանի ուղղափառ եկեղեցուն է պատկանում ավելի քան 62.7 քառակուսի կիլոմետր հողատարածք, ինչը մոտավորապես հավասար է Բաթումիի տարածքին:

Տարածքի 96%-ը պատրիարքարանը ժամանակավոր գնել է պետությունից կամ մասնավոր սեփականությունից:

download

2002  թվականից մինչ օրս պատրիարքարանին կենտրոնական և տեղական բյուջեից փոխանցվել է 285 միլիոն լարի:

Կառավարության նվերները պատրիարքարանին, որոնց արժեքը հայտնի չէ, բազմազան են: Նվերների թվին են պատկանում  ինչպես սեղաններ, ավտոմեքենաներ, այնպես էլ հիվանդանոց:

Պատրիարքարանի բիզնես և կրթական գործունեությունում ներգրավված է Սինոդի 47 անդամից 41-ը: Նրանց թվում կան նաև խոշոր սեփականատերեր:

Անհայտ է, թե այս ունեցվածքից զատ Վրաստանի պատրիարքարանը և Սինոդի անդամներն ինչի են տնօրինում, քանի որ «Ինդիգո» թերթն այս տվյալները ձեռք է բերել միայն հանրայնացված փաստաթղթերից:

Պատրիարքարանի բիզնես գործունեությունը

Վրաստանի պատրիարքարանը բիզնես գործունեությամբ սկսել է զբաղվել 1997 թվականից։ Հանրային ռեեստրի տվյալներով, եկեղեցուն 44 կոմերցիոն և 105 ոչ կոմերցիոն կազմակերպություն է պատկանում: Այստեղից կեսը ուսումնական հաստատություններ, համալսարաններ և վարժարաններ են:

Պատրիարքարանին է պատկանում Քութայիսի «Բագրատ» ռեգբիի ակումբը, «Համերաշխություն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է վառելիքի ներմուծմամբ և վաճառքով, «Իբերիա Բուրջ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է շինարարության հետ, «MMB»-ՍՊԸ-ն, որը զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրմամբ և սնունդի ու պարենային ապրանքների (կաթ, մեղր, ձուկ, միրգ, բանջարեղեն) արտադրությամբ զբաղվող 7 այլ կազմակերպություն:

Սահմանադրական համաձայնությամբ, «Եկեղեցու կողմից պաշտամունքային առարկաների արտադրությունը, ներկրումը, մատակարարումը և նվիրատվությունը, ինչպես նաև ոչ տնտեսական նպատակով առկա գույքն ու հողատարածքն ազատված են հարկերից»: Հարկերում ենթադրվում է շահույթը, ԱԱՀ և գույքահարկը:

Եկամուտների ծառայությունը յուրաքանչյուր կազմակերպության կողմից պետությանը տրված հարկերի մասին տեղեկատվությունը համարում է գաղտնի: Եկամուտների ծառայությունում նաև չեն ասում՝ ստուգե՞լ են, թե ոչ պատրիարքարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպություններն ու արդյոք հայտնաբերել են որևԷ ֆինանսական խախտում:

Այնպես որ, դժվար է իմանալ, թե արդյոք «Համերաշխություն» ՍՊԸ-ն հարկ է մուծել (կազմակերպությունը զբաղվում է նավթամթերքի ներկրմամբ և վաճառքով) կամ արդյոք MMB կազմակերպությունը, որը զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, կարող է դասվել «Եկեղեցու համար անհրաժեշտ իրերի արտադրության» շարքին և սահմանադրական համաձայնությամբ հարկեր չմուծել:

Պետական ֆինանսավորում

Չնայած ուղղափառ եկեղեցուն հատկացված վնասի չափը հաշվարկած չէ՝ պետությունը պատրիարքարանին տարեկան կտրվածքով բյուջեից տասնյակ միլիոն լարի է հատկացնում:

Սահմանադրական համաձայնագրի կնքման օրվանից ուղղափառ եկեղեցին 285 միլիոն լարի է ստացել պետբյուջեից:

download (1)

 

Պատրիարքարանն իր հայտարարություններում ընդգծում է, որ պետությունից ստացած 25 միլիոն լարին Ռուսաստանի կայսրության և խորհրդային ռեժիմի վնասի փոխհատուցումն է և եկեղեցին այս գումարը օգտագործում է ուսումնական հաստատությունների և սոցիալական օգնության համար:

Եթե 2015 թվականին պետբյուջեից պատրիարքարանի հիմնադրած 16 ոչ կոմերցիոն ուսումնական կազմակերպություն է ֆինանսավորվել, ապա 2016 թվականին նրանց թիվը հասել է 57-ի:

Թե ինչպես է պատրիարքարանը ծախսում պետությունից ստացած գումարները՝ տվյալներ չկան: Պետությունը չի վերահսկում թե ինչ նպատակով է եկեղեցին ծախսում պետբյուջեից ստացած միլիոնները: Պետական աուդիտի ծառայությունը, իր իսկ օրենսդրության համաձայն, իրավունք չունի ստուգելու պատրարքարանի ֆինանսները:

Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի կողմից իրականացված վերջին հարցման համաձայն՝ 67% – ը գտնում է, որ պետությունը պետք է վերահսկի պատրիարքարանին հատկացված գումարները: Կազմակերպությունն այս ուսումնասիրությունը հրապարակել էր ընթացիկ տարվա մայիսին:

Պետությունը փոխհատուցում է չհաշվարկած վնասը

Կառավարության և պատրիարքարանի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններում նշվում են, որ բյուջեից ստացած գումարն այն վնասի փոխհատուցումն է, որը նախ 19-րդ և 20-րդ դարասկզբին պատճառել է Ռուսաստանի կայսրությունը, այնուհետև՝ Խորհրդային Միությունը:

Վնասի մասամբ փոխատուցման պատասխանատվությունը պետությունն իր վրա է վերցրել 2002 թվականին, երբ պատրիարքարանի հետ կնքվել է սահմանադրական համաձայնագիր, ըստ որի՝ պետք է ստեղծվեր հատուկ հանձնաժողով, որը կհաշվեր վնասի չափերը և կհստակեցներ փոխհատուցման չափն ու ժամկետը: Հանձնաժողովը մի քանի անգամ ժողով է գումարել, բայց չի հաշվել պատճառված վնասի չափը: Անհայտ է, թե ինչ հիմքով և որքան ժամանակով է կառավարությունը եկեղեցուն գումար փոխանցելու:

«Ինդիգո» թերթը մի քանի շաբաթ փորձել  է պատրիարքարանից ճշտել, թե կոնկրետ ինչ վնասի փոխհատուցման պահանջ ունի ուղղափառ եկեղեցին:

Եկեղեցու գույքը մինչև հարանվանության զրկելը

Ռուսաստանի կայսրությունը 1811 թվականին չեղյալ է հայտարարել վրաց ուղղափառ եկեղեցու հարանվանությունը, իսկ 1869 թվականին ավարտվել է գույքի առգրավման գործընթացը: Մինչ այդ, ամենաազդեցիկ և հարուստ ինստիտուտի ենթակայության տակ է եղել 7 հազար կիլոմետր տարածք:

Ռուսաստանի կայսրության փլուզումից հետո, առաջին հանրապետության հայտարարումից մեկ տարի առաջ՝ 1917 թվականի մարտի 12-ին, եկեղեցին միայն կարողացել է վերականգնել հարանվանությունը: Խորհրդայնացումից հետո իշխանությունները հետապնդել են կրոնական կազմակերպություններին, այդ պատճառով գույքի վերադարձման հարցը մինչև 80-ական թվականներ չի քննարկվել: 1990 թվականի ապրիլի 12-ին, Խորհրդային Վրաստանի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել և պատրիարքարանին վերադարձրել խորհրդային իշխանությունների կողմից առգրավված բոլոր կրոնական շինությունները:

90-ականների սկզբին՝ անկախությունից հետո, Վրաստանի ուղղափառ եկեղեցին արագորեն վերադարձնում է ազդեցությունը և գույքը: Վերջին 25 տարիների ընթացքում եկեղեցին ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական և տնտեսական կյանքին: Սոցիոլոգիական հարցումներից պարզ են դառնում, որ երկրի բնակչության մեծ մասը եղեկեցին համարում է ամենավստահելի ինստիտուտը:

Սինոդի ամենահարուստ անդամները

Հանրային փաստաթղթերի համաձայն՝ Սինոդի 47 անդամներից մի քանիսը մեծ քանակությամբ հող և բիզնես ունեն: Սինոդի ղեկավար, Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը, հանրային ռեեստրի տվյալների համաձայն՝ անշարժ գույք չունի: Միակ սեփականությունը, որը ունեցել է (հողատարածք Մցխեթայում) 2008 թվականին նվիրել է իր եղբոր որդուն՝ Բաթումիի և Լազեթիի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Դիմիտրիին:

Պատրիարք Իլիա երկրոդի եղբոր որդի միտրոպոլիտ Դիմիտրին ունի 1500 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողատարածք Մցխեթայում՝ Ծիլկանի գյուղում, որը նրան 2008 թվականին փոխանցվել է նախագահի հրամանագրով և 157.5 քառակուսի մետր տարածքով բնակարան Թբիլիսիում՝ Կղիփշիձե փողոցում, որը միտրոպոլիտը գնել է 2011 թվականին 266.862 լարիով:

Հանրային ռեեստրում միտրոպոլիտի անունով կազմակերպություններ չկան գրանցված, չնայած նա ղեկավարում է պատրիարքարանի կողմից հիմնադրված 6 կազմակերպություն՝ ուսումնական հաստատություններ և հիմնադրամներ:

Միտրոպոլիտ Անտոնը մասնաբաժին ունի 8 բիզնես կազմակերպություններում, որոնց գործունեությունը կապված է գինեգործության, հուշանվերների, սննդի արտադրության, շինարարության, զբոսաշրջության, եկեղեցիների և մենաստանների վերականգնողական աշխատանքների հետ:

Միտրոպոլիտի անշարժ գույքի ցուցակը.
Բնակարան (56 քառ. մետր) և 1500 քառ. մետր հողատարածք Աջարիայում:
157 քառակուսի մետր մակերեսով բնակարան Թբիլիսիի կենտրոնական՝ Ճավճավաձե փողոցում՝ ավտոտնակով, որի դիմաց վճարել է 244 հազար լարի։
16 քառակուսի մետր մակերեսով բնակարան Քութայիսիում՝ Մելիքիշվիլիի փողոցում։
Հողատարածքներ Ծակվիսիում, Վանում ու Բաղդադում:

Նրա անշարժ գույքի ընդհանուր մակերեսը կազմում է 8 հազար քառակուսի մետր:

Միտրոպոլիտ Անտոնը ղեկավարում է նաև պատրիարքարանի կողմից հիմնադրված 6 կազմակերպություններ, այդ թվում հիմնադրամներ և ուսումնական հաստատություններ:

Միտրոպոլիտ Կալիստրատեն տիրապետում է 138 հազար մետր քառակուսի հողատարածքի Քութայիսիում, Թելավիում, Թբիլիսիում, Ծկղալտուբոյում և Տկղիբուլիում, նաև բնակելի տներ Քութայիսիում և Թբիլիսիում:

Միտրոպոլիտ Կալիստրատեին է պատկանում «Գելաթի աղբյուրոմ» ՍՊԸ-ն: Նա ղեկավարում է նաև 6 կազմակերպություն՝ բարեգործական հիմնադրամներ և ուսումնական հաստատություններ:

Միտրոպոլիտ Իոսեբին է պատկանում 70 400 մետր քառակուսի գյուղատնտեսական հողատարածք Գուրջաանիի շրջանի Մելաան գյուղում: Այս հողատարածքը ձեռք է բերել 2014-2015 թվականներին՝ 2500 և 7 570 լարիով: Նրան է պատկանում նաև 12 023 մետր քառակուսի հողատարածք Չոխատաուրիի և Օզուրգեթիի շրջաններում, որի դիմաց նա վճարել է 13 600 լարի:

2008  թվականին Թբիլիսիի քաղաքապետարանը միտրոպոլիտին է փոխանցել 515 քառակուսի մետր մակերեսով հողատարածք Թբիլիսիում:

Միտրոպոլիտը ղեկավարում է 6 կազմակերպություն, այդ թվում հիմնադրամներ, ուսումնական հաստատություններ և պատրիարքարանի կողմից հիմնադրված «Վրացական մեղու» գործարանը, որը զբաղվում է մեղրի արտադրմամբ և վաճառքով:

Միտրոպոլիտ Դավիթի անունով հանրային ռեեստրում գրանցված է 15 053 քառակուսի մետր մակերեսով հողատարածք, այստեղից  8601՝ Թբիլիսիում, իսկ մնացածը Կախեթիում՝ Օժիո գյուղում: Միտրոպոլիտը նաև «Թափլիսկացի» ՍՊԸ-ի 55%-ի սեփականատերն է: Վերոնշյալ ՍՊԸ-ն զբաղվում է մեղրի արտադրությամբ:

Միտրոպոլիտը ղեկավարում է 9 կազմակերպություն, այդ թվում ոչ կոմերցիոն կազմակերպություններ, որոնց գործունեությունը կապված է ալկոհոլային խմիչքների հետ:

Միտրոպոլիտ Անդրիային երկու անշարժ գույք է պատկանում՝ 154 քառակուսի մետր  ընդհանուր մակերեսով: Երկուսն էլ գտնվում են Թբիլիսիում:

133 քառակուսի մետր մակերեսով  տարածք 2003-ին նա գնել է 5000 լարիով: Իսկ 2014 –ին Վրաստանի բռնագրավված տարածքներից բռնի տեղահանված անձանց և փախստականների նախարարությունից 1 լարիի դիմաց ստացել է 21 քառակուսի մետր մակերեսով բնակարան Թբիլիսիում՝ Աղմաշենեբերլիի պողոտայում:

Ղեկավարում է պատրիարքարանի կողմից հիմնադրված 11 կազմակերպություն:

Միտրոպոլիտ Գիորգին 1 լարիի դիմաց ձեռք է բերել Թբիլիսիի Նուցուբիձե թաղամասում գտնվող հողատարածք, որը գնահատված է եղել 27. 500  լարի: Միտրոպոլիտը նաև երկու տուն ունի Թբիլիսիում՝ 101 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, և 996 քառակուսի մետր հողատարածք Քութայիսիում:

Միտրոպոլիտին է պատկանում «Գիորգի 97» ՍՊԸ-ի 20%-ը: Կազմակերպության գործունեությունը կապված է գյուղատնտեսության և սննդի արտադրության հետ: Միևնույն ժամանակ նա ղեկավարում է պատրիարքարանի կողմից հիմնադրված երկու կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս