«Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել գյուղերի վրա կրակելու Ադրբեջանի հանցագործ գործելաոճին». Շարմազանով

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է և ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերի գնդակոծմանը:

«Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,-ընդգծեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հուլիսի 20-ին գնդակոծել էր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը՝ պատճառելով նյութական հսկա վնաս: Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ՝ շուրջ 3 հազար հակ անասնակեր: Գնդակոծության հետևանքով վառվել է գյուղի ջրաղացը:

12 միլիոն դրամի վնաս է հասցվել գյուղացուն: Գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել: Պատանին հասցրել էր ապահով տեղում թաքնվել: Հուլիսի 21-ի երեկոյան կրակի տակ է եղել նաև սահմանամերձ Բարեկամավանը: Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնվ․ 1976թ․)։ Ադրբեջանը պարբերաբար կրակի տակ է պահում գյուղերը՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքներին:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս