Գիտե՞ք, որ… Ամենազբաղ Լյուդովիկոս 14-րդը…

Իսկ գիտե՞ք, որ թագավոր լինելն այնքան էլ հեշտ գործ չէ, հատկապես՝ պատասխանատվության այնպիսի բարձր զգացում ունեցող արքայի համար, ինչպիսին Լյուդովիկոս 14-րդն էր: 15 տարեկանում ասելով իր ամենահայտնի նախադասություններից մեկը («Պետությունը ես եմ»)՝ նա մինչև 76 տարեկան հասակն իր ուսերին էր կրում տառացիորեն ամեն ինչի համար պատասխանատվությունը: Արև-արքայի յուրաքանչյուր օրն ու ժամը մանրամասն նշված էին նրա նոթատետրում:

Արքային արթնացնում էին առավոտյան 8:30-ին: Բազում մարդկանց ներկայությամբ արթնացման արարողությունից հետո նա գնում էր մասնակցելու իր Խորհրդի ստորաբաժանումներից որևէ մեկի նիստին, լիներ դա Պետական խորհրդի թե Նախարարների խորհրդի նիստը, ֆինանսների կամ եկեղեցու հարցերով խորհրդի նիստ կամ մեկ այլ բան: Այդ նիստերի ընթացքում պետական ծառայողները պարտավոր էին քննարկվող հարցի մասին իրենց կարծիքն ասել, ապա արքան, հաշվի առնելով մեծամասնության տեսակետը, որոշում էր կայացնում: Սա ամենօրյա արարողակարգ էր և տևում էր մինչև առավոտյան 12:30-ը, ինչից հետո արքան եկեղեցի էր գնում ու ողջ արքայական տան հետ միասին մասնակցում պատարագին:

Դրանից հետո կարճատև այց էր կատարում պաշտոնական սիրուհուն` մարքիզուհի դը Մոնթեսպանին, ապա ճաշում ընտանիքի հետ: Ճաշին հետևում էր զբոսանքը Վերսալի արքայական այգում, հետո նորից` պետական գործեր` բանակային և նավատորմի հետ կապված խնդիրների լուծում և այլ հարցեր:

Երեկոյան արքան զբաղվում էր իր պալատականների ազատ ժամանցի կազմակերպման հարցերով: Չէ՞ որ բոլորն իր տեսադաշտում պիտի լինեին: Երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին Վերսալի արքայական պալատի սրահներն ընդունելությունների համար բացվում էին ժամը 19:00-ին: Ներկայացումներ, դիմակահանդեսներ, պարեր… Լյուդովիկոս արքան իր պարտքն էր համարում մասնակցել համընդհանուր ուրախությանն ու խրախճանքին` դա մեկնաբանելով այսպես` չէ՞ որ մենք մասնավոր անձինք չենք, մենք ամբողջովին պատկանում ենք հասարակությանը:

Կարդացեք նաև

Գիշերվան մոտ արքան այցելում էր իր 2-րդ կինը դարձած մադամ դը Մենթենոնին, ապա կրկին բազմամարդ սրահում պատրաստվում քնելու ու ժամը 1-ին վերջապես քնում:

Սա դեռ ամենը չէր: Լյուդովիկոս 14-րդ արքան հասցնում էր ճարտարապետների և այգեպանների հետ քննարկել իր սիրելի Վերսալի կահավորանքի հարցը, անձամբ էր ընտրում դրանք ու գրում վերսալյան զբոսանքի ուղեցույցը, որպեսզի այցելուները հանկարծ որևէ գլուխգործոց բաց չթողնեն:

Լինելով չափազանց զգայուն` շատ էր սիրում բնություն և կարող էր ժամերով այգեգործությամբ զբաղվել, սակայն տանել չէր կարողանում թոշնած ծաղիկների տեսքը: Եվ որպեսզի միապետը չվշտանա, Վերսալի այգեգործները ողջ գիշեր պալատի հսկայական այգում ծաղիկներ էին տնկում, որպեսզի առավոտյան արքան որևէ թոշնած ծաղիկ չտեսնի:

Ահա այսպես էր ապրում արքան. Ոչ մի րոպե հանգիստ չուներ, իսկ առավոտյան կրկին լսում էր ծանոթ «Արթնացեք, արքա, Ձեզ մեծ գործեր են սպասում» արտահայտությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս