«Տնտեսական աճը այս տարի կլինի 4%-ի շրջակայքում». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2017 թվականի առաջին կիսամյակի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ հունվար-հունիսին ունենք 6.1% տնտեսական աճ։
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը B4B.am-ի հետ զրույցում նշում է, որ ընթացիկ տարին կեզրափակենք տնտեսական աճի շատ ավելի բարձր ցուցանիշով, քան ի սկզբանե կանխատեսվում էր։ «Մի քանի գործոններ կան, որոնք իսկապես լավատեսություն են ներշնչում։ Կիսամյակի կտրվածքով ունենք 6%-ից բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ, և կարծում եմ՝ տարին կեզրափակենք շատ ավելի լավ, քան ի սկզբանե կանխատեսվում էր։ 3.2%-ի փոխարեն տնտեսական աճը այս տարի կլինի 4%-ի շրջակայքում»,- ասում է Հայկ Սարգսյանը։
Տնտեսագիտության դոկտորը նշում է, որ տնտեսական աճի աղբյուրը ներդրումներն են լինելու և կարծում է, որ դրանք հայտարարված չափով կլինեն՝ 830-840 միլիոն դոլար այս տարվա համար և 3.4 միլիարդ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում։
Հայկ Սարգսյանն ասում է, որ բարձր աճի նախադրյալները կային, և դրանց թվում առանձնացնում է առաջին հերթին վստահության մթնոլորտը. «Ես կուզենայի, որ այն թափ առներ և շարունակական լիներ»։
Խոսելով կառավարության ծրագրի մասին՝ տնտեսագետը համոզված է, որ մեխանիզմների, ձեռնարկումների առումով կառավարության ծրագիրն իսկապես ընձեռում է բարձր աճի հնարավորություններ։ Նա առանձնացնում է, օրինակ, ծրագրում տեղ գտած ներդրումային հիմադրամի գաղափարը և ընդգծում, որ դա չպետք է միայն հռչակվի, այլ պետք է դառնա ռեալ գործընթաց: «Որովհետև ներդրումային հիմնադրամը հնարավորություն է տալիս բացարձակապես այլ մեխանիզմներով միջոցներ ակումուլացնել ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրից` նաև շատ փոքր նաև գումարներով, հստակ ծրագրերի տակ: Դա կարող է լուրջ շարժիչ ուժ հանդիսանալ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ հիմնադրամը գործում է բանկային համակարգից տարբերվող մեխանիզմներով, ինչը ավելի շահեկան է»։
Հայկ Սարգսյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ շուտով։