«Չարժե այսպես անհույս կերպով անձնատուր լինել՝ անգամ պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններում». Արման Մելիքյան

«Ես ուշագրավ եմ համարում հարցազրույցում տեղ գտած մի շարք շեշտադրումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին:

Նրա խոսքով՝ կարևոր շեշտադրումների շարքում է այն պնդումը, ըստ որի՝ Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման հիմնական հուսալի երաշխավորը մեր մշտապես հզորացող բանակն է.

«Պարոն Սարգսյանն ասաց նաև, որ իրավիճակի բարելավման դիմաց հայկական կողմերն Ադրբեջանին ընդառաջ միակողմանի զիջումներ երբևէ չեն անի: Մյուս կողմից՝ նա նաև ընդգծեց, որ ՀՀ քաղաքական մոտեցումները չեն փոխվել՝ մնացել են նույնը, այսինքն՝ նա շարունակում է մնալ Մադրիդյան սկզբունքներով առաջարկվող՝ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» կարգավորման բանաձևի կողմնակիցը, հակառակ այն հանգամանքի, որ այդ բանաձևի կիրառմամբ՝ հակամարտության խաղաղ կարգավորում ակնկալելն անհեռանկար մի բան է, և դա բոլորի համար տեսանելի է: Ըստ էության, պարոն Սարգսյանի ասածներից բխում է, որ ՀՀ գործող իշխանությունները սեփական քաղաքական մոտեցումների վերանայման ու նոր նախաձեռնություններ հանդես բերելու միջոցով իրավիճակը փոխելու նպատակ չունեն և, դրա փոխարեն՝ շեշտը դնում են բացառապես ռազմական միջոցների կիրառմամբ ստատուս-քվոն պահպանելու նպատակադրման վրա»:

Հիշեցնենք, որ խոսելով Մինսկի խմբի համանախագահների գնահատականների մասին՝ Սերժ Սարգսյանը չկիսեց այն տեսակետը, որ նրանք հավասարության նշան են դնում կողմերի գործողությունների միջև:

Կարդացեք նաև

Ա. Մելիքյանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, որ համանախագահները փայլուն գիտեն, թե հակամարտ կողմերից որ մեկն է սահմանային միջադեպեր հրահրում, և այդ միջադեպերի կապակցությամբ արված նրանց հայտարարություններից քանիսն են ուղղված բոլոր կողմերին, իսկ քանիսը խիստ հասցեական են, փաստ է, որ այդ միջադեպերը չեն դադարում և անընդհատ մեզանից նորանոր զոհեր են խլում.

«Ընդ որում, շնորհիվ բանակցային գործընթացում Ադրբեջանի ջանքերով ստեղծված իրավիճակի, հենց պաշտոնական Բաքուն է ռազմական նախաձեռնությանը տիրապետում ու որոշում, թե որտեղ ու երբ է մեր զինուժին հերթական հարվածը հասցնելու: Ճակատային գծում լարվածության զրոյացման բանաձևը ոչ թե ռազմական հակահարվածների, այլ քաղաքական նոր լուծումների տիրույթում է գտնվում: Ցավում եմ, որ այս հարցում ՀՀ գործող իշխանությունները շարունակում են մնալ իրենց ոչ արդյունավետ ու արդեն իսկ բազում զոհեր խլած մոտեցումների գերին»:

Հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը նշում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է, սակայն նաև ասում է, որ դեռևս որևէ լուրջ բան չի պատահել.

«Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»։

Հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում նախագահի այս մոտեցումը, թե՞ կարելի է կանխարգելել այդ հետևանքները, և արդյոք մենք կարո՞ղ ենք որևէ բան անել այս պարագայում մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում, Ա. Մելիքյանն այսպես պատասխանեց.

«Այս պնդումը, անշուշտ, որոշակի անօգնականության արդյունք է: Ի վերջո, եթե իր ասածի համատեքստում մի ինչ-որ լուրջ բան պատահի, ապա շատ հնարավոր է, որ այլևս որևէ միջոցով այդ պատահածը շտկել մեզ չի հաջողվի: Այսինքն՝ գործը կարող է հասնել մի նոր համազգային աղետի, մինչդեռ մեր պատասխանատուներն անօգնական վիճակում են ու պատրաստ են հույսը դնել պատահականության վրա՝ պատրաստ են իրենք իրենց ու մեզ բոլորիս էլ այն միտքը ներշնչել, որ, եթե մինչև հիմա դեռ ոչ մի վատ բան չի պատահել, ապա դա կարող ենք բավարար երաշխիք համարել, որ նաև ապագայում ռուսների այսօրինակ պահվածքը մեր գլխին պատուհաս չի դառնալու: Բախտի քմահաճույքին հանձնված մարդու խոսք է սա: Չարժե այսպես անհույս կերպով անձնատուր լինել՝ անգամ պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերություններում. ՀՀ անգամ ներկայիս իշխանությունների համար մեր ազգային շահերի տեսանկյունից կենսական, բայց անլուծելի խնդիրներ գոյություն չունեն»:

Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին Ս. Սարգսյանը պատասխանել է, որ «դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել».

«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք՝ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորը գրկաբաց կանգնած՝ սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ»։

Ա. Մելիքյանը գտնում է՝ Ս. Սարգսյանը ստեղծված իրավիճակում ձգտում է անել իրենից կախված առավելագույնը. «Այլ հարց է, որ որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով՝ նրա գործելու ազատությունը, իմ համոզմամբ, էապես սահմանափակ է»:

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարարը նաև համաձայն է Ս. Սարգսյանի այն կարծիքի հետ, որ աշնանը սպասվելիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հատուկ ակնկալիքներ պետք չէ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս