«Գործարարները լինելու են կառավարության աջակցության կենտրոնում». Հովհաննես Ազիզյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կառավարության ծրագրի հիմնական նպատակադրումն է՝ ստեղծել այնպիսի տնտեսական պայմաններ, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում էապես ավելացնել ՀՀ-ում իրականացվող տնտեսական գործունեության ծավալները։
«Դա հնարավոր է այն դեպքում, եթե մեր ազգային տնտեսությունը լինի մրցունակ, ապահովված լինի դրան նպաստող ինստիտուցիոնալ հիմքերով և ունենա արտաքին աշխարհատնտեսական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարողություններ։ Նշվածին հասնելու համար կառավարությունը հետևողական է լինելու արտաքին շուկաներ ելքի և արտահանման ծավալների կտրուկ աճի համար անհրաժեշտ պայմանների զարգացման, գործարարությամբ զբաղվելու համար ներքին միջավայրի բարելավման, արտադրողների մրցունակության բարձրացման պայմաններում»,- իր դիմաց դրված տեքստից կարդաց փոխնախարարը։
Շարունակելով տեքստի ընթերցումը՝ նա նշեց, որ բոլոր գործարարները, որոնք կիրականացնեն նոր ներդրումներ, կարտադրեն և կարտահանեն մրցունակ արտադրանք, կստեղծեն նոր աշխատատեղեր, լինելու են կառավարության աջակցության կենտրոնում։
Նա ասաց, որ կառավարության առջև դրված կարևոր խնդիրներից մեկն արտահանման խթանումն է.
«Նպատակադրումը, որ կառավարությունը ֆիքսել է, ՀՆԱ-ի մեջ արտահանման 40-45% ծավալների ապահովումն է։ Իր մեջ այն ներառում է ինչպես՝ ապրանքների, այնպես էլ՝ ծառայությունների արտահանումը։ Որպեսզի առաջիկա տարիներին այս ցուցանիշը կարողանանք ապահովել՝ մեզ անհրաժեշտ կլինի մեր այսօրվա արտահանման ծավալներն առնվազն կրկնապատկել։ Եթե մենք խոսում ենք, որ 2016թ. համար ունեցել ենք մոտ 3.5 մլրդ դոլարի արտահանում՝ ապրանքների և ծառայությունների մասով, հաշվի առնելով ՀՆԱ-ի աճի պայմանները, որը նախատեսված է միջինում 5%, պետք է կարողանանք ապահովել 6.5-7 մլրդ դոլարի արտահանում՝ մինչև 2022թ.։ Դա բավականին հավակնոտ, բայց իրատեսական ցուցանիշ է, որն ապահովելու համար նախատեսված է հստակ միջոցառումների ծրագիր»։
Առանձին ուղղություններով ներկայացնելով այդ ծրագիրը՝ նա նշեց, որ առաջինը հնարավորություն ստեղծելն է, որպեսզի մեր արտահանողների համար թիրախային շուկաները լինեն մատչելի. «Այս տեսանկյունից խնդիրը դիտարկվում է ոչ միայն՝ մեծ արտահանողների համար մատչելիության ապահովում, այլև՝ փոքր ու միջին ձեռնարկությունների համար»։
Նա նշեց, որ ԵՄ-ի հետ իրականացվելիք ամենակարևոր միջողառումը 2018թ. հունվարի 1-ից նախատեսվող ինքնահայտարարագրման համակարգի ներդրումն է. «Դա հնարավորություն է ընձեռում արդեն իսկ մեկ անգամ ինքնահայտարարագրելով ԵՄ համապատասխան ներմուծման ընթացակարգերում, դրանից հետո առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու՝ մինչև 6 հազար դոլար եվրոյի արտահանումներ իրականացնել»։
Մյուս կարևոր քայլը, ըստ նրա՝ տարբեր երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացն է. «Դա իրականացվում է հիմնականում ԵՏՄ շրջանակներում, և հիմա բանակցություններ են ընթանում մի քանի երկրների, մասնավորապես՝ Իրանի, Հնդկաստանի, Իսրայելի և մի շարք այլ երկրների հետ։ Սա լրացուցիչ հնարավորություն է, որ մեր արտադրողները կարողանան նվազեցված կամ զրոյացված մաքսատուրքերով արտահանել տվյալ շուկաներ մեր արտադրանքը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում