«Ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ ավելի ուժեղացել է՝ շուրջ 16,6 տոկոսով»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի ներդրումային գրավչության և արտահանման հնարավորությունների մասին՝ փորձագետ Արտակ Մանուկյանն ասաց, որ որքան փոքր է լինում տնտեսությունը, այդքան արտահանման հեռանկաներն ավելի կարևոր են դառնում։
«Այս առումով Հայաստանի համար երկարաժամկետ հեռանկարային զարգացումը, արտահանման խթանումը կարծես թե աներկբա է, այսինքն՝ մենք այս առումով պետք է քայլեր ձեռնարկենք»,- նկատեց Ա. Մանուկյանը։
Ըստ բանախոսի՝ եթե մենք ուսումնասիրում ենք վիճակագրությունը, առաջին հայացքից՝ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման առումով ապրանքաշրջանառության աճ ունենք, բայց եթե ավելի խորանանք թվային ցուցանիշների մեջ, կտեսնենք, որ հիմնականում աճի միտումները պայմանավորված են՝ ՌԴ-ի՝ շուկա մուտք գործելով։
«Հունվար-մայիսի վիճակագրական ցուցանիշներով՝ Հայաստանը մոտ 24 տոկոս աճ է գրանցել ԵԱՏՄ երկրների շրջանակում։ Բելառուսում, Ղազախստանում անկում է, իսկ Ղրղըզստանի համեմատ՝ կա աճ, բայց այստեղ պետք է ասել, որ համեմատության բազան բավականաչափ փոքր է. այդ պատճառով շուրջ 240 տոկոսով աճ է գրանցվել»,- հավելեց բանախոսը։
Վերջինիս գնահատմամբ՝ այս կառավարությունն ավելի լուրջ է վերաբերվում արտահանման խթանման գործիքակազմին.
«Մշտապես բոլոր կառավարությունները եկել են, ասել՝ արտահանումը խթանում ենք, բայց կոնկրետ ծրագրեր, գործիքակազմ չի եղել։ Կարելի է ասել, որ առնվազն կայքերի կամ տեղեկատվական ծածկույթի առումով կան էական առաջընթացներ»։
Փորձագետը նկատեց նաև, որ ՌԴ-ն որոշակի գնողունակ պահանջարկ է ավելացնում շուկայում, և ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ ավելի ուժեղացել է՝ շուրջ 16,6 տոկոսով, որն այլ հավասար պայմաններում՝ այսպես թե այնպես, նպաստելու էր, որպեսզի շուրջ 16 տոկոսով աճ գրանցվեր։
«Մենք շատ ենք խոսում զբոսաշրջության ոլորտի խթանման մասին, բայց եթե դուք ուսումնասիրեք՝ որքան զբոսաշրջիկ է Հայաստան գալիս և որքանն է մեկնում, կտեսնեք, որ, եթե ժամանակին կար դրական ուղղության, ապա այդ դրականությունը գնալով նվազում է»,- նշեց Ա. Մանուկյանը՝ խոսելով զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին։
Նա նկատեց, որ զբոսաշրջային ինդեքսով մոտ 800 դոլարի չափով եկամուտ ենք ունենում, և խնդիրն այն է, որ մենք առաջին հերթին՝ պետք է Հայաստան այցելած զբոսաշրջիկի՝ այստեղ մնալու օրերի քանակը շատացնենք և կարողանանք նրան մատակարարել հավելյալ ռեսուրսներ։
Ըստ փորձագետի՝ ներդրումների առումով ակնհայտ է, որ շուկան դեռ դրական ազդակները չի ստացել.
«Օրինակ՝ բանկային համակարգում մոտ 5 մլրդ դոլարի չափով մենք այս պահին ավանդային ռեսուրսներ ունենք, և դա միակ բանն է, որ արագ աճում է տնտեսությունում։ Եթե մենք համեմատենք 2015- 2016 թթ.-ն, ապա այսօր մոտ 23 տոկոսով ավանդների ծավալն աճում է այն ֆոնի վրա, որ տոկոսադրույքները նվազում են»,- ասաց նա։
Ռոզա Հակոբյան