«Այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է աշխատավարձերի աճ»․Աշոտ Թևիկյան
«2017թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6.4% տնտեսական ակտիվություն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թևիկյանը։
Ըստ նրա՝ այդ ցուցանիշի վրա ազդել են մի քանի գործոններ․ «2015թ. սկսած արդյունաբերության ոլորտում գրանցվող ակտիվությունը, որը կազմել է 14.4%, առևտրաշրջանառության աճը, որը կազմել է 12.8%, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11%։ Այստեղ մեծ նշանակություն ունեն տրանսֆերտային մուտքերը։ Մեր տրանսֆերտները գալիս են հիմնականում Ռուսաստանից, և դրանց աճն ակնհայտ է։ 2017թ, մայիսին, համեմատած 2016թ. մայիսի հետ, տրանսֆերտների աճը կազմել է 41.5%: Երկրորդ կիսամյակում ևս սպասվում է նման բարձր մուտք, քանի որ Ռուսաստանում, չնայած գործող սանկցիաներին, նկատվում է տնտեսական աճ»,- պարզաբանեց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ կան նաև բացթողումներ՝ կապված գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի արտադրության, շինարարության ոլորտների հետ․ «2017թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, գյուղատնտեսությունում արձանագրվել է 3.3% անկում։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.9%-ով։ Շինարարությունում դեռ շարունակվում է երկնիշ անկման փուլը՝ 12.1%»։
Նա ընդգծեց, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է աշխատավարձերի աճ՝ 1.9%-ով. «Աշխատավարձերի աճը գրանցվել է հիմնականում մասնավոր ոլորտում, պետական ոլորտում անկում է գրանցվել՝ 0.4%-ով»։
Իսկ հիմնական խնդիրը, ըստ տնտեսագետի՝ վերաբերում է արտաքին պետական պարտքին. «2016թ. ճշգրտված տվյալներով՝ ՀՀ համախառն արտաքին պարտքը կազմել 5.9 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 56.7%-ը։ Դա մտահոգիչ է, բայց ըստ պաշտոնական հայտարարությունների՝ պայմանները դարձել են ավելի ձեռնտու, քանի որ ավելացել է ներքին պարտքը և փաստացի չի փոփոխվել արտաքին պարտքը կազմող տոկոսը։ 2018թ. կսկսվի այն փուլը, որը կառավարությունն անվանում է զարգացման փուլ»։