«Չի կարող Ռուսաստանը սպառազինության բալանսը չպահպանել, մի քիչ սպասեք»
Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ
– Պարոն Բաբայան, այսօր երեկոյան Ավստրիայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, բայց դեռ 1 տարի առաջ հայ պաշտոնյաները բարձրաձայնում էին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, սակայն մինչ այժմ տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն դրան ընդառաջ քայլ չի անում, այլև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները չի կատարում։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել։
– Այս իրավիճակն արդեն վաղուց է ստեղծված, և սա հենց Ադրբեջանի մեղքն է։ Բայց կարծում եմ, որ նման իրավիճակը հավերժ չի կարող շարունակվել, ուշ թե շուտ պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը, հատկապես, որ կա լիարժեք ձևաչափի գոյության և այդ տարիներին արդյունավետ աշխատանքի փորձ, որը մինչև 1997-98 թթ. ընթացքի մեջ էր, գործարկվում էր։ Եվ այն, որ դա ուշ թե շուտ լինելու է, երևում է նաև միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ կարծես թե որոշ տեղաշարժերից։ Քննադատությունն ավելի հասցեական է դարձել, ուղղակի, անուղղակի, արդեն մատնանշում են, պարզ է ԵԱՀԿ ՄԽ հայտնի հասցեական հայտարարությունը, դրանից հետո հայտարարությունը մի քիչ ավելի փափուկ էր, բայց կրկին հասցեականություն կար։
Այնուհետև հուլիսի 4-ի սրացումների դեպքում նրանք, փաստորեն, նշել են, որ հայկական կողմը կրակ է բացել՝ ի պատասխան ադրբեջանական կողմից այդ բնակավայրերում տեղակայված ստորաբաժանումների կողմից կրակի բացման, ոչ մի տեղ նշված չէ, որ այդ երեխայի մահը հայկական կողմի մեղքն է։ Անուղղակի ձևով տեսնում ենք, որ նույն Ռուսաստանը քննադատում է, որ Ադրբեջանը խտրականություն է ցուցաբերում ՌԴ-ի՝ ծագումով հայ քաղաքացիների նկատմամբ։ Ընդհանրապես՝ այսպիսի բան երբևիցե չի եղել։ Ֆրանսիական ընտրությունների ժամանակ բոլոր նախագահի թեկնածուները խոսել են Արցախի ճանաչման, կամ նրա՝ մայր Հայաստանի հետ վերամիավորման կարևորության մասին։
Այս բոլորն արդեն իսկ ցույց են տալիս այդ զարգացումները, որ արդեն ինչ-որ նոր փուլ է սկսվում։ Սպասենք, տեսնենք։ Բայց կարծում եմ՝ այլընտրանք չկա լիարժեք ձևաչափի վերականգնմանը։ Դա պարզապես ժամանակի խնդիր է։
– Բայց ի՞նչ զարգացում եք կանխատեսում այսօրվա հանդիպումից՝ հաշվի առնելով, որ, եթե Ադրբեջանը նախկին պայմանավորվածությունները չի կատարում, ի՞նչ նոր հարցի մասին կարող են պայմանավորվել։
– Մենք ցանկացած նման հանդիպում կարևորում ենք։ Նախ և առաջ՝ այս հանդիպումները խաղաղ գործընթացի բաղադրամաս են, սա ցույց է տալիս, որ խաղաղ գործընթացը շարունակական է։ Երկրորդ՝ նման հանդիպումների ժամանակ ոչ միայն կողմերն են իրար հանդիպում, հարցեր քննարկում, մոտեցումներ կիսում, այլ նաև սա միջազգային հանրության կարծիքը տեսանելի և լսելի դարձնելու մի ձև է, որովհետև այս հանդիպումները տեղի են ունենում եռանախագահների մասնակցությամբ։ Իսկ եռանախագահները երկրագնդի ամենահզոր պետություններն են, ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդմաներից 3-ը։ Իհարկե, նաև իրենք են իրենց տեսակետը հայտնում, և սա շատ կարևոր է կայունության ու խաղաղության պահպանման առումով։
Ակնկալել, որ լինելու է բեկում, իհարկե, վաղաժամ է, որովհետև Բաքվի աննորմալ, հայատյաց, ահաբեկչական քաղաքականությունը դրա հիմքերը չի տալիս, բայց այն, որ լինելու են կարևոր մեսիջներ, հատկապես՝ միջազգային հանրության կողմից, հատկապես՝ խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված, սա միանշանակ է։
– Բաքուն ամեն անգամ ցուցադրաբար ներկայացնում է Ռուսաստանից ստացված արդիական զինատեսակները, օրերս Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացրեց «Սոլնցեպյոկ» կայանի համար նախատեսված հրթիռներ, և այլն։ Ընդ որում՝ Ռուսաստանը ոչ միայն զինում է Ադրբեջանին, այլև ռազմական փորձագետներ ուղարկում և ուսուցանում նրանց։
– Մենք միշտ ասել ենք, որ դեմ ենք այսպիսի զարգացումներին, բացասական ենք գնահատում դա։ Բայց պետք է սառնասրտորեն մոտենալ ցանկացած զարգացման, առանց էմոցիաների, հիստերիկ պահվածքի։ Որոշ մարդիկ գիտեն, թե ինչքան ուժեղ բղավեն կամ ինչ-որ մեկին քննադատեն, դրանից ավելի հայրենասեր են։ Այդպիսի բան չկա։ Նախ և առաջ պետք է հասկանանք աշխարհաքաղաքական իրավիճակը, տեսնենք՝ ումով ենք շրջապատված, ովքեր են մեր հարևանները՝ Թուրքիա, Ադրբեջան և այլն, այդ աննորմալ պետությունները, թշնամաբար տրամադրված։ Ադրբեջանին զենք է մատակարարում ոչ միայն Ռուսաստանը, բայց կարծես միայն Ռուսաստանի վրա է այդ բողոքը բարձրաձայնվում։ Ե՛վ Իսրայելն է մատակարարում, և՛ Պակիստանը, արևմտյան տարբեր երկրներ, Ուկրաինան, և այլն։
– Բայց նրանք ՄԽ համանախագահ չեն։
– Համանախագահ երկրներից ևս ինչ-որ բաներ ստանում են այս կամ այն ձևով։ Պարտադիր չէ, որ զենք տան։ Հիմա Արևմուտքն այնտեղ անցկացնում է առաջին Համաեվրոպական խաղերը։ Ճի՞շտ է դա։ Իհա՛րկե սխալ է։ Մենք դրա մասին էլ ենք խոսել, որ ագրեսոր պետությանը ոչ մի ձևով չպետք է աջակցել։ Բայց դնենք մի կողմ, որովհետև կան շահեր, և այլն։
Մենք միշտ ասել ենք, որ բացասական մոտեցում ունենք Ադրբեջանին զենքի մատակարարման ցանկացած փաստի հանդեպ, որովհետև այդ պետությունն ահաբեկչական է, և այդ զենքը կարող է մի օր օգտագործվել նույն Ռուսաստանի դեմ, հատկապես, որ Սիրիայում կան 800 ադրբեջանցի գրոհայիններ, որոնք պայքարում են նաև Ռուսաստանի դեմ։ Այդ 800-ի գերակշիռ մասն Ադրբեջանի բանակի սպաներ և ենթասպաներ են։ Դա փաստ է։ Մյուս կողմից՝ եթե Ռուսաստանը մատակարարում է, կրկնեմ, առանց բղավելու, առանց շինծու հայրենասիրություն ցուցաբերելու, քանի որ բղավողը որևէ մեկից ավելի հայրենասեր չէ կամ ավելի պարկեշտ ձևով չի ծառայում այս երկրին և կյանքը չի դրել այս երկրի ծառայությանը, եթե ՌԴ-ն մատակարարում է, ուրեմն սա լեգիտիմ հիմք է նաև հայկական կողմին զենք տրամադրելու համար։
Չմոռանանք, որ մեր ամենահզոր զենքը՝ «Իսկանդերը», մենք Ռուսաստանից ենք ստացել։ Եվ փորձել այս ամենն ինտրիգներով, չգիտեմ ինչ ձևով խփել, հարվածել… Ադրբեջանը դա դիտավորյալ է ցուցադրում, փաստորեն, դրանով մեջքից խփում է Ռուսաստանին, որովհետև այդպիսի բաներ անելով՝ խարխլում է ռուս-հայկական համագործակցությունը։
Բայց ես ավելի քան վստահ եմ, մի քիչ սպասեք, ինչ էլ որ լինի, չի կարող Ռուսաստանը բալանսը չպահպանի, որովհետև սա նաև իր ազգային շահերից է բխում։ Հայկական գործոնն այնքան հզոր և այնքան մեծ կարևորություն ունի, այդ թվում՝ նաև նոր Ռուսաստանի համար, որ չի կարող այդ գործոնը որևէ երկիր անտեսել։ Պարզապես պետք է հասկանանք, որ սա աշխարհաքաղաքականություն է, բիզնես է, տարբեր խնդիրներ են, ամեն երկիր իր շահն է տանում, և սրանից չպետք է նեղանանք, սկսենք քայլեր կատարել մեր իսկ անվտանգության դեմ։
Շատ սառնասրտորեն մենք էլ մեր քաղաքականությունը պետք է վարենք։ Բայց ինչքան էլ տարօրինակ հնչի, այս սպառազինության մրցավազքն ինչ-որ տեղ հանդիսանում է խաղաղության և կայունության պահպանման գործոն։ Դրա ապացույցը նույն սառը պատերազմն է, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Խորհրդային Միությունն այնքան զենք ունեին, որ դա զսպում էր լայնածավալ պատերազմը, և այն ընթանում էր սառը ձևով, ինչը նաև մեզ մոտ է՝ տեղեկատվական, դիվանագիտական, մշակութային, հոգեբանական, հիբրիդային։ Սա ընդհանուր է, բայց կրկնեմ՝ բացասական դիրքորոշում ունենք, որովհետև Ադրբեջանի նման պետությանը զենք մատակարարելը ճիշտ չէ։