Բաժիններ՝

«Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ավելի շատ հոգեբանություն է». Արամ Ավագյան

Բռնցքամարտի հայկական դպրոցը եղել և մնում է լավագույններից մեկը: Լինելով հենակետային մարզաձևերից մեկը, հայ բռնցքամարտիկները միշտ էլ մրցունակ են եղել միջազգային ասպարեզներում: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներից մեկն է, ով վերջնականապես թողեց սիրողական բռնցքամարտը և տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ: Ավագյանն արդեն 3 անընդմեջ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը խոսքեց իր` պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու, ունեցած մենամարտերի, առաջիկա պլանների և բռնցքամարտի «էության» մասին:

-Արամ, կպատմեք, թե ինչպե՞ս և եր՞բ եք սկսել մարզվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Ֆիզիկապես շատ թույլ երեխա էի և բռնցքամարտով զբաղվելու հիմնական շարժառիթը ինքնապաշտպանվելն էր, ինչպես նաև սպորտային դաստիարակություն ստանալը: Հայրս էլ նախկինում բռնցքամարտիկ է եղել: Ի սկզբանե չէի սիրում բռնցքամարտը: Երեք ամիս էլ չէր անցել, երբ ցանկություն ունեի դուրս գալ: Շատ լավ հիշում եմ, դեռ 8 ամիս էր, ինչ մարզվում էի, մեծ փորձ չունեի և առաջին մրցաշարում հաղթեցի: Եվ հենց դրանից էլ սկսվեց մարզաձևի նկատմամբ սերը և հետաքրքրությունը:

-Ինչպիսի՞ն էր ընտանիքի անդամների արձագանքը:

-Բնական կլիներ, որ մայրս դեմ լիներ, սակայն կցանկանայի նշել, որ մայրս է ինձ տարել մարզումների: Միայն արդեն 14 տարեկանից հետո չէի ցանկանում, որ գան. շատ ծանր էին տանում մենամարտի ամեն դրվագ:

-Հիմա վերջնակապես թողեցիք սիրողական բռնցքամարտը և անցաք պրոֆեսիոնալի: Ինչո՞ւ այս որոշումը կայացրեցիք:

-Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերից հետո ես հասկացա, որ սիրողական բռնցքամարտում ինձ պահող ոչինչ չունեմ: Իմ նպատակն Օլիմպիական խաղերն էին, ես բոլոր շանսերն ունեին մեդալ նվաճելու համար: Չեմ ասում, որ այնտեղ որևէ մեկը բարձր էր կամ ցածր: Պատրաստ էի բոլորի հետ ճակատ ճակատի տալու: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ 25 տարեկանն այն տարիքն է, որ սիրողական ռինգում փորձ հավաքած տեղափոխվես պրոֆեսիոնալ ռինգ:

-Այդ դեպքում ի՞նչ է պետք ձեզ նպատակին հասնելու համար:

-Իհարկե աշխատասիրություն: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հաջողության մեջ 1 տոկոս մարդու տաղանդն է, իսկ 99 տոկոս աշխատասիրությունը:

-Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն թույլատրում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները ևս մասնակցեն Օլիմպիական խաղերին: Ամեն դեպքում գուցե կտեսնե՞նք քեզ Տոկիո-2020-ին:

-Հիմա կենտրոնացած եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա: Իմ նպատակը պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Գուցե 2019 կամ 2020 թվականին որոշում կայացնեմ վերադառնալ և օլիմպիական վարկանիշ նվաճեմ: Եվ ինչու ոչ, իրականություն դարձնեմ օլիմպիական երազանքս:

-Արամ, օրեր առաջ հերթական մենամարտն անցկացրեցիք պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ կասեք մրցակցի մասին:

– Հակառակորդս երիտասարդ բռնցքամարտիկ էր, բայց շատ, շատ համառն էր: Մի պահ տպավորություն ունեի, որ կարող եմ շուտ վերջացնել մենամարտս, սակայն նա մնաց ոտքերի վրա: Ես մեկ խնդիր ունեի այս մենամարտի համար՝ ռինգում 8 ռաունդ անցկացնելն էր, 8 ռաունդ զգալը, ինչը ես շատ լավ արեցի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դու ունես շատ ժամանակ մենամարտի ելքի վրա ազդելու համար: Սիրողական բռնցքամարտում միայն 3 ռաունդում պետք է օգտագործես քո ամբողջ «արսենալը», ի հակառակ դրան պրոֆեսիոնալ ռինգում պետք է գտնես հարմար պահը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է: Քեզ սթափ միտք և սառը դատողություն է պետք ռինգում:

-Երբ ռինգում եք, հիշո՞ւմ եք մրցակցի թույլ կողմերը, թե հույսը դնում եք ձեր առավելությունների վրա:    

-Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մինչ մենամարտի մեկնելը մի լավ ուսումնասիրում ես մրցակցին: Մարզումների ընթացքում աշխատում ես այն ուղղությամբ, որոնք օգտագործելու ես իր դեմ: Բայց երբեմն լինում է այնպես, որ ռինգում ես սկսում նրա թույլ կողմերը բացահայտել, որոնք մինչ այդ անհայտ էին:

-Ի՞նչ կամ ո՞ւմ եք լսում միայն ռինգում, մենամարտի ժամանակ:

-Վերջին մենամարտիս ժամանակ, որը 8 ռաունդից էր բաղկացած, լսում էի թե հանդիսատեսին, թե իմ մարզչին: Կարծում եմ, դա խոսում է այն մասին, որ դու հոգեբանորեն կայուն ես: Բայց բացի քո անկյունից, ոչ մեկի պետք չէ լսել:

-Արամ, եթե չլիներ բռնցքամարտը, ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք:

-Կարծում եմ ֆուտբոլիստ կդառնայի: Քանի որ ինչ ինքս ինձ հիշում եմ, բակում ֆուտբոլ էի խաղում: Շրջապատում հաճախ էին հարցնում՝ արդյո՞ք ֆուտբոլիստ չեմ: Բայց միշտ ասում էի` ոչ: Կարծում եմ, որ ֆուտբոլով կզբաղվեի, բայց ոչ մեր երկրում: Որքան էլ ցանկությունը մեծ լինի, մեր երկրում ֆուտբոլը այդքան էլ զարգացած չէ: Իհարկե, մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Կձգտեի մարզվել Իսպանիայում, և ինչու ոչ խաղալ «Ռեալ»-ում` իմ սիրելի ակումբում:

-Սովորաբար մասնագիտություն ընտրելիս ունենք սիրելի կողմեր, բայց ինչը չեք սիրում բռնցքամարտում:

-Չէի ցանկանալ ասել, թե ինչը դուր չի գալիս: Բայց սպորտի մեջ ամենաշատը չեմ սիրում ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքը: Սակայն ամեն առավոտ վազում և երեկոյան հենց այդ ֆիզիկական աշխատանքն եմ տանում:

 -Արամ, հիմա մի քանի բլից հարցեր: Սուրճ, թե՞ թեյ:

-Սուրճ: Մրցումներին ժամանակ շատ եմ օգտագործում:

-Թոմը, թե՞ Ջերին:

-Թոմը:

-Ֆուտբոլ, թե՞ թենիս:

-Ֆուտբոլ:

-Մարադոնա, թե՞ Պելե:

-Ռոնալդո (բրազիլացին):

-Սև, թե՞ սպիտակ:

-Երկուսն էլ:

-Շնորհակալություն, հաճելի զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Տաթև Դուրյանի և Արամ Ավագյանի արխիվից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս