«Սերժ Սարգսյանին հաջողվել է տարբեր միջոցներով օրակարգից հանել տարածքների վերադարձի մասին խոսակցությունները»

Մեր զրուցակիցն է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, քաղաքական վերլուծաբան Դենիս Դվորնիկովը

Պարոն Դվորնիկով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական հայտարարությամբ են հանդես եկել և Ադրբեջանին մեղադրել հայկական դիրքերը հրթիռակոծելու և շփման գծից այն կողմ նպատակակետի հարվածելու մեջ: Սակայն այդ հայտարարությունը կարծես զսպող նշանակություն չունեցավ Բաքվի համար։ Ձեր կարծիքով՝ սահմանին իրադրությունն ինչպե՞ս կզարգանա, հնարավո՞ր է նոր էսկալացիա։

– Իրադրության սրացում, ցավոք, հնարավոր է ցանկացած պահի։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական էլիտայի ներսում սուր պայքար է ընթանում գոյատևման համար՝ ներկայիս տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում։ Շատերին արդեն հասկանալի է, որ ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ։ Զուտ այն պատճառով, որ այդ տարածքն օրգանապես ոչ մի անգամ կապված չի եղել այն ազգերի հետ, որոնք բնակվում են Ադրբեջանի Հանրապետությունում։ Սակայն որպես քաղաքական գործիք, որպես միջոց, որը շեղում է բնակչության ուշադրությունն իրական խնդիրներից, պատերազմը բավականին արդյունավետ գործիք է։

Պատկերացրեք, որ Ալիևի շրջապատից որևէ մեկը ցանկանում է նրան գահընկեց անել կամ ստեղծել քաղաքական ճգնաժամ։ Դրա համար բավարար է երկիրը ներքաշել նոր զինված հակամարտության մեջ, որում մեծ է ցավոտ պարտությունների հավանականությունը։ Սա՝ մտորումների համար։ Իրականում ամեն ինչ կարող է լինել ավելի բարդ, ավելի ցինիկ և ավելի վտանգավոր։ Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ նաև Ռուսաստանը, պետք է շատ լուրջ ազդեն Բաքվի վրա, ցույց տան, որ սադրանքների շարունակվելու դեպքում դիվանագիտական լուրջ պատասխան կլինի։ Պատերազմը ոչ մեկին պետք չէ։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կարո՞ղ է այս իրավիճակում Ադրբեջանին ագրեսոր ճանաչել, քանի որ նա ձախողում է խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ դա կարո՞ղ է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։

– Կարծում եմ՝ դրանք 2 տարբեր գործընթացներ են՝ Ադրբեջանի որպես ագրեսոր ճանաչումն ու Արցախի անկախության ճանաչումը։ Առաջին հերթին, ամեն ինչ կախված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Չի կարելի նստել և սպասել, որ ՄԱԿ-ը կամ պետություններից որևէ մեկն ինչ-որ բան կճանաչի։ Պետք է գործել, հավաքել հավաստի տեղեկություններ, ձեռք բերել դրանց անհերքելի ապացույցները։ Պետք է սկսել աշխատել փորձագիտական շրջանակների հետ, և ոչ թե՝ հարյուր-հազարավոր դոլարներ ծախսել հայկական ազգանուններով ռուսական գործիչներին Ստեփանակերտ տանելու վրա, որ հետո նրանք վախենան հրապարակային ասել, որ այցելել են չճանաչված հանրապետություն։ Ես լսել եմ նման հիմար և անիմաստ նախագծերի մասին։

Դեռևս լուրջ, մտածված և համակարգային աշխատանք չեմ տեսնում։ Կան առանձին երիտասարդ էնտուզիաստներ, ինչպես, օրինակ՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը կամ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բայց նրանք ավելի շուտ վառ բացառություններ են։ Մյուս իստիտուտներն աշխատում են կարծրատիպային եղանակներով, ոչ բավարար մոտիվացված, զգուշավորությամբ և վերապահումներով։ Այդ կերպ հնարավոր չէ արդյունքի հասնել։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի առաջին նիստում իր ուղերձում հայտարարեց, որ բանակցային սեղանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Կազանյան փաստաթուղթն է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և կարելի՞ է սպասել, որ խնդրի կարգավորման ուղղությամբ առաջիկայում ավելի արագ զարգացումներ կլինեն։

– Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս պետք է սպասել ինչ-որ ռադիկալ փոփոխություններ բանակցային գործընթացում։ Արցախը գտնվում է խոշոր գերտերությունների հետաքրքրությունների աշխարհագրական կենտրոնում։ Շատ բան կախված է Սիրիայում իրադրությունից, նրանից, թե ինչ զարգացումներ և գործընթացներ կսկսվեն Իրանում ընտրություններից հետո, Ադրբեջանի հանդեպ իշխանափոխության ինչ սցենարներ ի հայտ կգան, և այլն։ Ամենակարևորն այն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է տարբեր միջոցներով օրակարգից հանել տարածքների վերադարձի մասին խոսակցությունները։

Սակայն Ռուսաստանում եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջ քաշելով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը։ Ի՞նչ եք մտածում այդ մասին, և որքանո՞վ է դա հնարավոր։

– Խաղաղությունը հնարավոր կդառնա, երբ ադրբեջանական դպրոցների բոլոր դասագրքերը կվերանայվեն, երբ ԶԼՄ-ներն ու կրթական համակարգը կդադարեն քարոզել բացահայտ էթնիկ ատելություն։ Մինչ այդ պահը «խաղաղության մասին» խոսակցությունները, որն իբրև թե փորձում է երաշխավորել Բաքուն, պարզապես լուրջ չեն։ Ադրբեջանական հասարակությունը, ցավոք սրտի, ներծծված է և լի է ատելությամբ։ Դրա հետ պետք է ինչ-որ բան անել։ Ընդ որում՝ դա լրջորեն արգելակում է նաև հենց Ադրբեջանի զարգացումը։

Ռուսաստանը ծրագրում է նոր սպառազինության մատակարարում ՀԱՊԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Հայաստանին։ Դա ինչպե՞ս կփոխի իրադրությունն ու ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում։ 

– Պետք է սպասել, մինչև այդ սպառազինությունը տեղ կհասնի, հետևել, թե ում և ինչ են վաճառում, ով է լինելու այդ արտադրանքի վերջնական սպառողը, ինչ տեսականի է մատակարարվելու և այլն։

Որոշ փորձագետներ կարծում են, որ այս իրավիճակում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանն ի պատասխան՝ միակ արդյունավետ միջոցը ռազմականն է, քանի որ ագրեսորի հետ բանակցություններ վարելն անիմաստ է։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տեսակետներին։

– Միջազգային իրավունքը թույլ է տալիս կիրառել ոչ միայն պատասխան, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ պաշտապանելու համար քաղաքացիական բնակչությանը։ Երբեմն հակառակորդը դրդում է կոշտ պատասխան տալ։ Կանանց, երեխաների և տարեցների անվտանգությունը ցանկացած բանակի առաջնահերթությունն է։

Թուրքիան և Ռուսաստանը բարելավում են հարաբերությունները։ Սա ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի վրա։

– Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամությունն առասպել է։ Կամ վատ բեմականացված թատրոն է։ Տառացիորեն երեկ Թուրքիան խնդիրներ է հարուցել ռուսական ցորենի մատակարարների համար։ Իսկ դա Ռուսաստանի համար ռազմավարական ոլորտ է։ Որքան էլ այսօր փորձեն մոռացության մատնել կամ լղոզել ռուս օդաչուին խոցելու մասին քննարկումները, ամեն դեպքում այդ փաստը յուղոտ սահմանագիծ է առաջացրել մեր երկրների հարաբերությունների միջև։ Թուրքիան Ռուսաստանի համար, լավագույն դեպքում, ժամանակավոր իրավիճակային գործընկեր է, որի հետ մերձեցումը վտանգավոր է։

Տեսանյութեր

Լրահոս