
Ո՞րն է քնելու համար իդեալական ջերմաստիճանը, ժամը. մեզ պետք են քարանձավային պայմաններ․ քնի խանգարման խորհրդատու
Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։
Արդյունքում՝ քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք վերականգնել ուժերն ու աշխատունակությունը, ինչը նվազեցնում է կյանքի որակը։ Քնի առաջնային խանգարումները լայնորեն տարածված են՝ ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների շրջանում։ Բայց երեխաների շրջանում հանդիպող խանգարումներն ավելի քիչ են պարզաբանված։
Երեխայի քնի խանգարման մասին զրուցել ենք քնի խանգարման խորհրդատու Լիլիթ Պիպոյանի հետ։
– Կարծես թե նոր մասնագիտության հետ գործ ունենք․ ո՞վ է քնի խանգարման մասնագետը։
– Քնի խորհրդատուներն այն մարդիկ են, ովքեր փոքրիկների հարցում աջակցում են ընտանիքներին, իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր ընտանիքի կարիքները։ Կարևոր է ծնողների զգացմունքների արժևորումը, որովհետև բնավ վատ ծնող չեն, եթե փոքրիկը վատ է քնում, ունի քնի հետ կապված խնդիրներ։
– Նորածինները դժվարությամբ են քնում։ Ինչպե՞ս կազմակերպել նրանց նորմալ քունը, և ընդհանրապես, որքա՞ն պետք է քնեն մինչև 1 և մինչև 7 տարեկանները։
– 0-3 ամսական բալիկների համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս միջինում քնել 14-17 ժամ, 4 ամսականից 11 ամսական բալիկների համար՝ 12-16 ժամ, 1-2 տարեկանների համար՝ 11-14 ժամ, 3-4 տարեկանների համար՝ 10-13 ժամ։
– Դասական երաժշտությունը որքանո՞վ է նպաստում հանգիստ քուն ունենալուն։
– Իրականում երաժշտությունը շատ լավ է՝ երեխային հանգստացնելու համար, սակայն քուն մտնելու ընթացքում ցանկալի է, որ երաժշտություն չլինի, որովհետև հնարավոր է՝ երաժշտությունը երեխայի ուղեղն ակտիվ պահի, քանի որ կան լադային որոշակի վայրիվերումներ, եթե միատոն երաժշտություն չէ։ Ցանկալի է միատոն երաժտությունը, ասում են՝ սպիտակ, վարդագույն աղմուկ և այն մինչև 3 ամսական փոքրիկներին հիշեցնում է մայրիկի արգանդում եղած ձայները՝ աղիների, արյունատար անոթների և այլն։
– Սենյակային ջերմաստիճանը որքանո՞վ է կարևոր հանգիստ քնելու համար։
– Անշուշտ, կարևոր է։ Իրականում մեր էվոլյուցիոն մեխանիզմներն աշխատում են դեռևս նախնադարյան մարդուն բնորոշ մեխանիզմներով։ Այսինքն, մեզ պետք են քարանձավային պայմաններ։ Ինչպե՞ս է եղել քարանձավում՝ սառը։ Նույնն էլ պետք է ապահովենք մեր փոքրիկների, ինչո՞ւ ոչ՝ մեզ համար։ Իդեալական ջերմաստիճանը 16 աստիճանից մինչև 22 աստիճանն է։ Ամռանը կարող է մի քիչ շատ լինել՝ մաքսիմում 24 աստիճան։ Ցանկալի է հնարավորինս զովացնել քնելու վայրը, որպեսզի երեխան ավելի խորը քնի։ Մինչև 6 ամսականը խորհուրդ է տրվում, որ բալիկը քնի այն սենյակում, որտեղ ծնողներն են։
– Ծնողներն են հիմնականում սահմանում երեխայի քնի ժամերը։ Պե՞տք է հետևել դրան, թե՞ երեխան կարող է քնել այն ժամանակ, երբ իրականում հոգնած է։
– Երեխայի նյարդային համակարգն այնպիսին է, որ չի կարող ինքնուրույն արգելակվել։ Ծնողի պատասխանատվության դաշտում է երեխային քնեցնելը և ժամի ընտրությունը։ Մոլորություն է, երբ ասում են՝ երեխան կհոգնի, կքնի։ Կարևոր է, որ ծնողները հասկանան՝ ի՞նչն է հանգստացնում իրենց երեխային, ի՞նչն է հաճելի՝ երաժշտությո՞ւնը, օրո՞րը, թե՞ այլ բան։
– Փոքրիկներն անընդհատ շարժման մեջ են․ սա շուտ չի՞ հոգնեցնում ու ապահովում հանգիստ քունը։
– Ոչ, մոլորություն է, երբ ասում են՝ թող շատ հոգնի, որ քնի։ Պատահում է, ծնողներն ասում են, օրինակ, 2 տարեկան բալիկը պետք է քնի 20։00-ին, բայց գալիս են մորաքույրը, հորաքույրը, հայրիկը, դե, պետք է խաղան հետը, ո՞նց կլինի քնի այդ ժամին։ Ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում, երբ երեխան արթուն է մնում։ Էլի նախնադարյան մարդուց եկած պաշտպանական մեխանիզմն է։ Մեր ուղեղը հասկանում է, որ միգուցե շուրջը վտանգ կա, որ քնած չենք, ու ուղեղը սկսում է օրգանիզմ արտամղել արթուն մնալու համար պատասխանատու հորմոններ, որպեսզի մեզ պաշտպանի վտանգից։ Նման դեպքերում երեխաները սկսում են անբնական ակտիվ լինել, անընդհատ շարժվել, դառնում են կամակոր, լացկան, դյուրագրգիռ։ Եվ արդյունքում՝ փոքրիկին 2-3 ժամ պետք է, որ հորմոններն օրգանիզմում իջնեն այնքան, որ նորից պատրաստ լինի քնելուն։ Այսինքն, եթե 20։00-ին չքնեց, մեկ էլ 22։00-ին կամ 23։00-ին կկարողանան քնեցնել փոքրիկին։ Պետք է անպայման հարգել երեխայի կենսաբանական ժամացույցը։
– Ցերեկային քունն արդյո՞ք կարևոր է, և մինչև ո՞ր տարիքը պետք է երեխաները քնեն ցերեկը։
– Ցերեկային քունը շատ կարևոր է։ Տարբեր է ժամանակահատվածը, թե երբ երեխան կհրաժարվի դրանից։ 2,5-3 տարեկան շատ քիչ փոքրիկներ կան, որոնք կարող են հրաժարվել ցերեկային քնից։ Պետք է դիտարկել, թե որքա՞ն է կարողանում փոքրիկն արթուն մնալ։ Երբ հրաժարվում են ցերեկային քնից, ծնողներին խորհուրդ կտամ ժամը 16։00-17։00-ի սահմաններում դիտարկել երեխայի վարքը և տեսնել, թե ինչպե՞ս է իրեն պահում փոքրիկը։ Եթե մինչև սահմանված ժամը հանգիստ է, հանդարտ տրամադրություն ունի, հնարավոր է՝ ցերեկային քնի կարիք չունի։ Իհարկե, կապ ունի այն, թե առավոտյան երբ է արթնացել։ Քնի պատրաստվում ենք առավոտյան՝ արթնանալու ժամից, ոչ թե գիշերը։
Շատ քիչ երեխաներ կան, որոնք ասում են՝ ուզում ենք քնել։ Երեխաները երբ ուզում են քնել՝ իրականում դա արտահայտվում է նրանց վարքում․ շատ գերհոգնած են լինում, դյուրագրգիռ, իսկ իրականում գերհոգնած են և ժամանակին չեն քնել։ Վարքը շատ լավ ցուցիչ է, որպեսզի հասկանանք՝ երեխան հիմա պետք է քնի՞, թե՞ ոչ։ Պատասխանատվությունը թողնել փոքրիկի վրա՝ բացարձակ չարժե, որովհետև նա չի կարող պատասխանատվություն կրել և որոշել՝ քնի՞, թե՞ ոչ։ Ի դեպ, մենք մեծ բացեր ունենք թե՛ պետական, թե՛ մտածելակերպի առումով։ Պետք է ունենալ որակյալ կրթություն, առողջապահական համակարգ, հոգեկան, ֆիզիկական զարգացման համար ենթակառուցվածքներ, ծառայություններ։ Մենք մեր մեքենաներն ավելի շատ ենք սիրում, քան մեր երեխաներին, որովհետև խաղահրապարակների փոխարեն՝ ամբողջը ավտոտնակներ են։
– Ինչպե՞ս երեխային նախապատրաստել քնելուն։
– Ընդհանրապես քնից մեկ ժամ առաջ ցանկալի է դադարեցնել բոլոր տեսակի խաղերը, երեխային բերել հանգիստ դաշտ, գրկել կամ որևէ գործողություն անել, որոնք հանգստացնում են փոքրիկին։ Ցանկալի է թուլացնել տան լուսավորությունը՝ 50-70 տոկոսով։ Պետք չէ միացնել սպիտակ, կապույտ լույսեր, որոնք արևածագի լույսերի նման են։ Կարող են լինել արևամուտին նման լույսեր՝ կարմիր, վարդագույն, մուգ դեղին։ Կապույտ լույսի դեպքում գլխուղեղ սխալ ինֆորմացիա է գնում, որ հիմա ցերեկային ժամ է ու կարող ենք ընկճել քնի հորմոնի՝ մելատոնինի արտազատումը, և ակտիվանա նյարդային համակարգը։
Քնի համար բավական նպաստավոր է լոգանքը։