
Փորձ է արվում քանդել արժեհամակարգը. հասարակությանն ատոմիզացրեցին, դարձրին հարաբերապաշտ. այսօր մենք նիհիլիզմի մեջ ենք. Ռուբեն վարդապետ Զարգարյան
«Երբ գրերի գյուտը տեղի ունեցավ, մինչ կստեղծեին ինքնուրույն գրականություն, մեր նախնիներն անցան թարգմանական գրականությանը: Եվ որպեսզի ուրիշի մտածողությունը, նվաճումները չբերվեին մեր իրականություն, ֆիլտր դրեցին, ու բերվեցին այն նվաճումները, որոնք համամարդկային էին, որոնք անհրաժեշտ էին մեր հասարակության, արժեքհամակարգի ու պետականության համար: Մինչդեռ երկաթե վարագույրը քանդվելուց հետո այն ամենը, ինչ այսօր գալիս է մեր երկիր, չի հանդիպել ֆիլտրի ու թափվել է աղբի պես»,- 168.am-ի «Լաբորատորիա» հաղորդաշարի ժամանակ ասաց Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով հասարակության ֆիլտրերին ու դիմադրողականությանը:
Նրա խոսքով՝ այդ աղբը գալիս է գործիքներով, և եթե ժամանակին դա հեռուստացույցն էր, այսօր հեռախոսներն են, ու պարզապես արգելելով դրանց կիրառությունը՝ մենք ոչ մի խնդիր չենք լուծի. մնում է կրթությունը:
«Ինֆորմացիոն անվտանգության կարելի է հասնել սոսկ կրթությամբ»,- ասաց հոգևոր հայրը՝ նշելով՝ սա գլոբալ, համաշխարհային խնդիր է:
Հայր Ռուբենը նկատեց՝ ամեն մի փլուզում սկսվում է մարդկանց ներաշխարհի փլուզումից:
«Առաջին հերթին թիրախը մարդու ներաշխարհն է: Երբ նվաճվում է մարդու ներաշխարհը, դրանից հետո հեշտ է նրան կառավարել: Ես տեսել եմ՝ ինչպես կաթիլ-կաթիլ հասարակությանը մատակարարվեցին մշակութային, հոգևոր, ժամանցային աղբ ու հոգեպիղծ արժեքներ: Իսկ սա չէր կարող հետագայում չունենալ իր հետևանքները: Հասարակությանն ատոմիզացրեցին, դարձրին հարաբերապաշտ: Մենք այսօր նիհիլիզմի մեջ ենք: Փորձ է արվում քանդել մեր արժեհամակարգը: Իհարկե, մեր հավատքն ու ավանդույթներն այնքան խորն են, որ մենք իսկապես կենսունակություն ունենք, բայց հինավուրց ծառն ինչքա՞ն կդիմանա, եթե այդ հարվածները շարունակվեն, չեմ կարող ասել»,- ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: