
Թրամփի վարչակազմի համար հայ-ադրբեջանական հակամարտությունն օրակարգային թեմա է դառնում. պատճառները մի քանիսն են. Վերլուծաբան

Թրամփի վարչակազմի հերթական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման թեմային։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այս մասին նախօրեին Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին՝ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։
«Ես շնորհավորում եմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը ավարտին հասցնելու կապակցությամբ: Նախագահ Թրամփն անհամբեր սպասում է պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, քանի որ խաղաղությունն ու կայունությունը կապահովեն տարածաշրջանի տնտեսական զարգացումը: Տևական խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանային հակամարտությանը և անվտանգություն ու բարգավաճում կբերի Հարավային Կովկասին: Այնպես որ, մենք ողջունում ենք ձեզ խաղաղությանն ուղղված այս համարձակ քայլերի համար»,- նշել է Էրիկ Ջեյքոբսը:
Շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն իր X-ի էջում գրել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Ուոլցը նշել էր, որ խոսել է Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: «Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանն առաջընթաց մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես նրան ասացի, որ մենք հիմա պետք է ավարտենք այդ խաղաղության համաձայնագիրը, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք՝ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարն աշխարհին խաղաղություն և բարգավաճում կբերի, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»,- հավելել էր ամերիկացի պաշտոնյան:
Սրան հաջորդել էր նաև Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում ևս քննարկվել էր թեման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի վերջերս կայացած հանդիպմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ամերիկյան կողմը խնդրել էր Թուրքիային աջակցել Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերմանը։
168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Միացյալ Նահանգները, չնայած ակնկալիքներին, որ հեռավորություն է պահպանելու Հարավային Կովկասից, գործում է բավականին ակտիվ, փորձելով դուրս չմնալ աշխարհաքաղաքական մրցակցությունից Հարավային Կովկասում։ Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարծես օրակարգային հարց է Թրամփի վարչակազմի համար Հարավային Կովկասում։
«Կարծում եմ՝ դրա համար կա մի քանի պատճառ, որոնցից մեկն արդեն նշեցի՝ մրցակցությունն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ իս, այն է, որ նոր անկայունությունը խնդիրներ կստեղծի անխտիր բոլոր տերությունների համար, սակայն առավելապես կխանգարի Թրամփի աշխարհաքաղաքական ծրագրերի իրագործմանը։ Իսկ այդ ծրագրերը վերաբերում են Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին։ Իմ կարծիքով՝ իր նախագահության ընթացքում Թրամփը հակված է թույլ չտալ պատերազմներ ու էսկալացիա այն գոտիներում, որտեղ կարող է։ Սա է պատճառը, որ բացի Ադրբեջան այցերից, ամերիկյան կողմը Թուրքիայի հետ իր շփումներում քննարկում է այս հակամարտության հարցն ու համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը։ Սա շեշտվում է, քանի որ կա համոզմունք, որ համաձայնագրի ստորագրումը, ի վերջո, խաղաղություն կհաստատի տարածաշրջանում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, Երևան-Բաքու համաձայնագրի հարցում ընդհանուր առմամբ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս։
«Ըստ էության, Արևմուտքը, եվրոպական երկրները, Իրանը շահագրգռված են, ոդպեսզի կողմերն այն ստորագրեն, սակայն խնդիրն այն է, որ չստորագրումն ունի պատճառներ, կողմերի միջև տարաձայնություններն ու խնդիրները սպառված չեն։ Ավելին՝ Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, սակայն Հայաստանն այն որակում է՝ որպես նախապայմաններ, փաստաթուղթը ստորագրելու համաձայնություն չկա։ Սա ցույց է տալիս կողմերի միջև միջնորդի անհրաժեշտությունը, սա ցույց է տալիս նաև այն, որ առանձին այցերն ու նախաձեռնություններն անզոր են իրավիճակ փոխել, էական ջանքերի, հետևողական ու ազդեցիկ նախաձեռնությունների կարիք կա։ Ներկայումս չկա նման միջնորդ, կան առանձին նախաձեռնություններ, ինչպիսին Գերմանիայի նախագահի, Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչի, Իրանի ԱԳ նախարարի այցերն էին, սակայն, երբ երկու կողմերի կողմից ընդունված միջնորդ չկա, բանակցությունները կազմակերպված հունով չեն ընթանում»,- ասաց Իրակլի Մենաղարիշվիլին։
Այս ամենի հետ մեկտեղ՝ վերլուծաբանը գտնում է, որ իրավիճակի բարդությունն այն է, որ նման միջնորդ չի լինելու ներկայումս։
«Սակայն կփորձեն առանձին նախաձեռնություններով զսպել ու կառավարել ռեգիոնալ իրսվիճակը, սա է լինելու առաջիկայի ստատուս-քվոն»,- ասաց Իրակլի Մենաղարիշվիլին։