
Գրառմանը հավանություն տալու համար քաղաքացուն հրավիրել են ՔԿ` հարցաքննության

Ֆեյսբուքյան ևս մեկ օգտատեր է նախօրեին տեղեկացրել, որ իրեն հրավիրել են Քննչական Կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն` հարցաքննության։
«Այսօր այսպիսի ծանուցագիր ստացա։ Գաղափար չունեի` ինչ առիթով կարող են ինձ կանչել։ Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել։
Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի, տեսա` չեմ լայքել»,- այս մասին ֆեյսբուքյան էջում նախօրեին գրել էր Անի Հակոբյանը` արձանագրելով, որ «դեմոկրատիայի բաստիոն»-ում պարզապես ուզում են վախի մթնոլորտ տարածել։
168.am-ը զրուցել է Անի Հակոբյանի հետ` փորձելով մանրամասներ ճշտել։
Այսպիսով, մասնագիտությամբ կինոգետ Անի Հակոբյանը իրեն համարում է երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի ու կարծում, որ պայքարի կարիք կա, սակայն զբաղվածության պատճառով նա հանրային ակտիվությամբ
աչքի չի ընկել և, հետևաբար, զարմանալի է համարում պատկան մարմինների հետաքրքրությունը իր ֆեյսբուքյան գործողությունների հանդեպ։
«Առնվազն տարօրինակ է այս ամենը։ Իսկ ո՞ւր կորավ իրենց հռչակած «դեմոկրատիայի բաստիոն»-ը, ազատ խոսքի, ազատ կարծիքի իրավունքը…»,- մեզ հետ զրույցում նշեց նա։
Ամեն դեպքում, մեր զրուցակցի համոզմամբ` հայ մարդն իր մեջ անպայման պետք է վառ պահի` Քրիստոնեության ճրագը և հայոց լեզուն, պատմական հայրենիքի սահմանները, Հայոց մեծ եղեռնի և բոլոր ժամանակներում հայրենիքի համար ընկածների, բոլոր հերոսների հիշատակը։
«Ես համարում եմ` ցանկը կարելի է շարունակել, բայց հենց այս երեք կետերում ամփոփված է ամենակարևորը, ու եթե այդ կետերը կասկածի տակ են դրվում, մեր «լինել-չլինել»-ն է սկսում երերալ։ Այդ կետերը ցուցիչ են,-շեշտեց մեր զրուցակիցը` հույսով,- Հայ ազգը պետք է կրկին սկսի հավատալ ինքն իր ուժին։ Այս անվերջ ինքնախարազանմանը պետք է վերջ տանք, մեր դրական կողմերը կրկին սկսենք գնահատել ու ոտքի կանգնելով առաջ շարժվենք։
Ի վերջո, ազգային արժանապատվությունը վերականգնվելու կարիք ունի»:
Անի Հակոբյանի հարցաքննությունը նախատեսված է ապրիլի 10-ին, բայց նա դեռ փաստաբանի չի դիմել։
«Անկեղծ ասած, առաջին անգամ եմ նման իրավիճակում. դեռ չեմ հասցրել հասկանալ` ինչ է պետք անել»,- պարզաբանեց Անի Հակոբյանը։
Անի Հակոբյանը ավարտել է ԵԹԿՊԻ կինոգիտական ֆակուլտետը,
աշխատել է «Ոսկե Ծիրան», «ԿԻՆ», «ՌեԱնիմանիա», «Ծիրանի Ծառ» կինոփառատոներում՝ որպես կինոգետ, նաև ֆիլմեր է ցուցադրել Հայաստանի կինոգործիչների միությունում։