Շուշիի Ղազանչեցոց տաճարի առաջին վերակառուցումն ու ճարտարապետի բացառիկ նամակը Կարեն Դեմիրճյանին

Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կառուցվել է 1868-1887 թվականների ընթացքում՝ ռուսաց կայսրեր Ալեքսանդր 2-րդի և Ալեքսանդր 3-րդի, ինչպես նաև Գևորգ 4-րդ կաթողիկոսի ժամանակ: 1888 թվականին Մարգար 1-ին կաթողիկոսը օծել է տաճարը և տեղի է ունեցել տաճարի պաշտոնական բացումը:

Տաճարի զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1858 թվականին: Զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը, ինչի մասին կա արձանագրություն. «(Կառուցվել է) զանգակատունը Գաբրիէլ Յովսէփեան-Բատիրեանցի յիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարեան-Խանդամիրեանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպէ և Ստեփանէ և բոլոր Ղազանչեցիների յիշատակին։ Փառք Աստծուն, և թող փրկուեն բոլոր կենդանի և մահացածների հոգիները։ 1858 թվականի ամառ»: (Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները», Երևան, 1988, էջ 360):

1920 թվականին Շուշիի ջարդերից և կոտորածներից հետո եկեղեցին փակվեց: Եկեղեցին ավերածությունների առաջին ալիքը ստացավ հենց այդ ժամանակ: Այն քոչվոր թուրք-թաթարական ցեղերի կողմից օգտագործվում էր՝ որպես պահեստ: Այդ շրջանում քանդվեց նաև եկեղեցու գմբեթը: Դա են վկայում այդ շրջանում պահպանված մի քանի լուսանկարները, որոնցում երևում է ավերված ու լքված տաճարը: Եկեղեցին շարունակեց լքված մնալ և ավերվել մինչև 1980 թվականը: Խորհրդային Միությունն այդ շրջանում որոշում կայացրեց Արցախում և Հայաստանում վերականգնել մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Այդ որոշման հիմքում կարևոր դերակատարություն ունեցավ Կարեն Դեմիրճյանը, ով 1974-1988 թվականներին ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարն էր:

Կարդացեք նաև

1981 թվականին Երևանից առաջին անգամ Արցախ է մեկնում ճարտարապետ Վոլոդյա Բաբայանը: Տեսնելով Ղազանչեցոց եկեղեցին, ճարտարապետը ցանկանում է իրականացնել այդ կարևոր գործը: Նախքան այդ մի շարք ճարտարապետներ ցանկացել են վերականգնել եկեղեցին, սակայն Խորհրդային Ադրբեջանի կողմից ճնշումների են ենթարկվել և հեռացել: Խորհրդային միության կողմից եկեղեցին վերակառուցելու թույլտվությունը կար, սակայն այդ ամենի հետ մեկտեղ՝ շատ էին արգելքները, վտանգներն ու խոչընդոտները: Խորհրդային Ադրբեջանի ներկայացուցիչները ևս պարբերաբար գալիս էին Շուշի: Նրանք ակտիվ միջամտեցին, որպեսզի եկեղեցին վերականգնվի, սակայն առանց գմբեթի և խաչի: Բնականաբար, ճարտարապետի կողմից դա չէր կարող ընդունվել և կատարվել: Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվում են 1981 թվականին: Այդ գործում շատ մեծ ներդրում է ունենում Կարեն Դեմիրճյանը: Դա է վկայում Կարեն Դեմիրճյանի թանգարանում պահվող Վոլոդյա Բաբայանի բացառիկ նամակը՝ ուղղված Կարեն Դեմիրճյանին, որում ճարտարապետն իր երախտագիտությունն է հայտնում և տաճարի վերակառուցումը նվիրում Դեմիրճյանի ծննդյան 55-րդ հոբելյանին.

«Բարիողջույն Մեծարգո ընկ. Դեմիրճյան Կ. Ս.

Թանկագին Կարեն Սերոբիչ թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել Ձեզ, ի հարգանք Ձեր ծննդյան 55-րդ ամյակի առթիվ, մաղթելով քաջառողջություն հաջողություն (ընտանյոք) և ղարաբաղյան երկարակեցություն: Իմ պաշտելի Կարեն Սերոբիչ Ձեզ ողջունում է Շուշիի հայը եկեղեցու վերակառուցող վարպետ Վոլոդյա Սեդրակի Բաբայանը: Ի պատիվ ու հարգանքի Ձեր մարդկային և ղեկավարական գերագույն հատկությունների, Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ այս փառահեղ եկեղեցու վերակառուցումը նվիրել Ձեր հոբելյանին…Անչափ ուրախ եմ և հպարտ իմ համեստ հնարավորությամբ իմ բազմաչարչար ժողովրդին օգտակար լինելու համար:

Խորին հարգանքներով ժողովրդի խոնարհ ծառա. Ձեզ միշտ պաշտող Վոլոդյա Բաբայան 2.04.87թ. Ստեփանակերտ»: (Նամակը պահվում է Կարեն Դեմիրճյանի թանգարանում):

Եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտվում են 1987 թվականին: Կարեն Դեմիրճյանի թանգարանում պահպանվում են բացառիկ իրեր և լուսանկարներ Ղազանչեցոց եկեղեցու առաջին վերակառուցման աշխատանքներից: Լուսանկարներում երևում են այդ շրջանում տաճարի տեսքն ու վերականգնման աշխատանքները:

Իսկ Ղազանչեցոցի վերականգնման աշխատանքային գործիքներն այլևս թանգարանային նմուշ են դարձել: Բնականաբար, պատահականություն չէ նաև ճարտարապետի կողմից Կարեն Դեմիրճյանին ուղղված նամակն ու տաճարի վերակառուցումը Դեմիրճյանին նվիրելու անկեղծ ցանկությունը, քանի որ առանց Դեմիրճյանի մասնակցության և գործունեության՝ այդ ամենը կյանքի չէր կարող կոչվել: Ցավալիորեն Ղազանչեցոցը առաջին վերականգնումից հետո երկար կյանք չունեցավ, քանի որ 1988 թվականին սկսվում է արցախյան շարժումը, արցախյան առաջին պատերազմը, և Ղազանչեցոցը նորից ռմբակոծվում է, ադրբեջանցիների կողմից դառնում զենքի պահեստ:

Շուշիի ազատագրումից և արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո Վոլոդյա Բաբայանը 1994-1998 թվականների ընթացքում երկրորդ անգամ վերակառուցում է Ղազանչեցոցը:

Սակայն 2020 թվականի պատերազմից հետո եկեղեցին դարձյալ օկուպացվեց ադրբեջանցիների կողմից: Պատմությունը չի փոխվել, թշնամին շարունակում է նախորդ դարի իր գործելաոճն ու արդեն մոտ 5 տարի շարունակ խոցված եկեղեցին իբր վերականգնում են, սակայն այն իրականում աղավաղվում է և քրիստոնեական տաճարը դառնում է մզկիթ:

Զ. Շուշեցի

Լուսանկարները և նամակը՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանի

Տեսանյութեր

Լրահոս