
«Իրանից ֆուրերով էժան ծաղիկ են ներկրում Հայաստան, լճացում են սարքում, «կոնտրոլ» չկա. այստեղ գյուղացին տառապում է՝ շուկայում իր մշակած ծաղիկը չի կարողանում վաճառել». ջերմոցատեր

Դեռևս նախորդ տարվա վերջին Արարատի մարզի Մխչյան և հարակից մի քանի գյուղերի բնակիչները, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը։ Նրանք բողոքում էին, որ գազի գրասենյակը գազի հաշվիչների վրա փականներ է դրել, չի թողնում ջերմոցային տնտեսություններում գազ օգտագործեն։
Մխչյանում ու հարակից գյուղերում մարդիկ ջերմոցներում հիմնականում մշակում են տարբեր տեսակի ծաղիկներ. Նրանք վստահեցնում էին՝ եթե արգելեն գազով ջեռուցել ջերմոցները, ապա դրանց մեծ մասը կքանդեն։
Մի քանի ժամ ճանապարհը փակ պահելուց հետո, ի վերջո, Մխչյանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը զրուցել էր բնակիչների հետ՝ հավաստիացնելով, որ առայժմ կարող են աշխատել այնպես, ինչպես մինչև այդ պահն աշխատել են, հետո խնդիրը կկարգավորեն։
Մխչյանի գյուղի բնակիչ Անդրանիկ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցը դեռևս չի լուծվել, սակայն առաջարկել են, որ գազի գծերը հզորացնեն, որպեսզի կարողանան ջերմոցային տնտեսություններն աշխատեն։
«Այս տարի պետք է աշխատանքները սկսեն, որպեսզի մինչև ձմեռ ավարտեն։ Մեզ դեռ չեն ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը, եթե հին գծերի գազի ճնշումն ուժեղացնեն, գյուղացին վնաս չի կրի, եթե չանեն, ապա գյուղացին գումար պետք է տա, թե որքա՞ն՝ չենք կարող ասել, հերթը դեռ դրան չի հասել»,- նշեց Անդրանիկ Բարսեղյանը։
Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, մեր զրուցակիցն ասաց՝ վերջին շրջանում Հայաստանում ներքին արտադրողի բիզնեսը «մեռած» վիճակում է, քանի որ Իրանից մեծ քանակով ծաղիկներ են ներկրվում Հայաստան։
«Իրանից էժան ծաղիկ են ներկրում Հայաստան, իսկ այստեղ գյուղացին տառապում է՝ գազը թանկ է, շուկայում իր մշակած ծաղիկը չի կարողանում վաճառի։ Մի քանի հոգի Իրանից ծաղիկը ֆուրերով բերում-լցնում են, լճացում են սարքում, հիմա շատ վատ վիճակ է։ Մենք էլ նույն ծաղիկն ենք աճեցնում, բայց ավելի լավ որակի, իսկ Իրանից ներկրածի որակն այդքան էլ լավը չէ։ Իրանում արտադրողն ի՞նչ խնդիր ունի. գազը՝ էժան, տեղեր էլ կան, որ ձմեռ չի լինում։
Իրանից ծաղիկներ ներկրողները մի քանի հոգի են, սրա վրա որևէ «կոնտրոլ» չկա, գոնե այնպես անեն, որ ներկրված ծաղիկն այստեղի ծաղկի գնով լինի, լավ, գոնե 10 տոկոս լինի։ Այստեղից վաճառվող ծաղիկները կես գնով բերում, տալիս են խանութներին»,- նշեց մեր զրուցակիցը։
Տնտեսվարողի խոսքով՝ Հայաստանում մշակված ծաղիկներն արտահանում են Ռուսաստան, սակայն արտահանման ծավալները վերջին տարիներին խիստ նվազել են՝ պայմանավորված Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմով։
«Վրաստան ենք արտահանում, էլի ոչինչ, գոնե այնտեղ կարողանում ենք տանել։ Իմ ջերմոցում, օրինակ, 3-4 տեսակ ծաղիկ եմ մշակում, բայց վիճակն այնքան է վատացել, որ մշակման ծավալները նվազեցրել եմ, ու ինձ նման շատերը։ Եթե այսպես շարունակվի, ու պետությունը «կոնտրոլ» չանի, հնարավոր է՝ շատ տնտեսվարողներ ուղղակի ջերմոցները վերացնեն, շատերն ասում են՝ ավելի լավ է՝ գնամ տաքսի քշեմ, քան ծաղիկ մշակեմ։
Հիմա ջերմոցներում կարող ենք բանջարեղեն էլ մշակել, բայց այս կողմի ժողովուրդը վաղուց ծաղիկ է մշակում։ Եթե մենք նորից անցում կատարենք բանջարեղենի մշակմանը, ապա դա նաև պետությանը ձեռնտու չէ, որովհետև եթե բոլորս շուռ գանք լոլիկի, վարունգի մշակման վրա, վաղը-մյուս օրն էլ դրանք չենք կարողանա վաճառել։ Սա պետության կողմից պետք է կարգավորվի։
Օրինակ, Հայաստանից Իրան ծաղիկ չենք կարող տանել, ոչ թե Իրանը չի թույլատրում, այլ ասում է՝ բեր, բայց 1 ծաղիկի մաքսազերծումը 1000 դրամ է, սա որևէ մեկին ձեռնտու չէ։ Իրանում իրենց գյուղացու մասին մտածում են, Հայաստանում՝ ոչ։ Մենք դեմ չենք, որ մեր հարևան Իրանից ծաղիկներ ներկրեն, բայց այստեղ մեզ մոտ պատկան մարմինները պետք է կարողանան գնային քաղաքականությունը, մրցակցությունն ապահովեն ներքին արտադրողի հետ»,- շեշտեց Ա. Բարսեղյանը։
Նա չի բացառում, որ եթե այս բարձիթողի վիճակը երկար շարունակվի, ապա ջերմոցատերերը կարող է ոտքի կանգնեն ու Կառավարության շենքի մոտ մեծ բունտ անեն։ Նա նշեց, որ նման դեպք նաև նախկին իշխանությունների ժամանակ է եղել, ժողովուրդը բողոքեց, ինչից հետո իշխանություններն արգելեցին ծաղիկներ ներկրել։
«Տեսեք, շուտով Հայոց ցեղասպանության տարելիցն է, Հարության տոնը, եթե ծաղիկների գները բարձրանում են, այդ ներկրողների համար մեկ է, թե որտեղի՞ց են ներկրելու, այդ թվում՝ Թուրքիայից։ Ինչպես ասում են՝ բիզնեսմենը հայրենիք չունի, հետևաբար՝ իրենց համար մեկ է՝ Թուրքիայի՞ց ներկրված ծաղիկը կդնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, թե՞ Հայաստանում մշակվածը։
Ինքս կակաչներ չեմ մշակում, բայց մշակողներ շատ կան, այս տարի շատ էին մշակել Ռուսաստանի համար, բայց չկարողացան արտահանել ու այդ մարդիկ հիմա «խրված» են վարկերի մեջ։ Այդ կակաչների սոխը, որ բերում են Հոլանդիայից, այդ սոխի գնով կակաչն են վաճառում, հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակ է»,- ընդգծեց Անդրանիկ Բարսեղյանը։