Երևանի կանխատեսելի ընտրությունները

Մայիսի 14-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ Նախնական արդյունքներն արդեն հրապարակվել են. հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ն՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 71.25%-ը (240 036 ձայն)։

«Ելք» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 21%-ը (70 731 ձայն), «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին՝ 7.75%-ը (26 109 ձայն)։

Քաղաքական և իրավական հարցերը մի կողմ թողնելով՝ պարզապես վերլուծենք այս պատկերը։

Նախ, Երևանի ավագանու ընտրություններն աչքի ընկան բավականին ցածր մասնակցությամբ։ Ընտրության իրավունք ունեցող ավելի քան 840 հազար ընտրողներից տեղամասեր գնացին 345 հազարը։ Մասնակցության մակարդակը՝ 41%։ Համեմատության համար նշենք, որ ընդամենը 40 օր առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններին մայրաքաղաքում մասնակցել էր շուրջ կես միլիոն մարդ։ Այսինքն՝ ԱԺ ընտրություններին չմասնակցած երևանցիների թիվը Երևանի ընտրություններին ավելացավ 150-155 հազարով։

Սակայն այս ամենը կանխատեսելի էր, և չնայած ՀՀԿ-ի հավաքած տպավորիչ 71.25%-ին՝ տեղի է ունեցել գրեթե նույնական ընտրություն, ինչպես ապրիլի 2-ին։ Դրա մեջ համոզվելու համար պետք է ընդամենը մի պահ վերանալ տոկոսներից և համեմատել ստացված ձայները։

Եվ այսպես, ՀՀԿ-ի օգտին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 240 036 մարդ։ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Երևանում ստացել էր 241 082 ձայն։ ՀՀԿ-ի ստացած ձայների թիվը կրճատվել է ընդամենը 1000-ով կամ 0.4%-ով։

«Ելք» դաշինքի օգտին Երևանի ընտրություններին քվեարկել է 70 731 մարդ, ԱԺ ընտրությունների ժամանակ՝ 69 465 մարդ։ «Ելք»-ի ձայներն ավելացել են 1200-ով կամ ընդամենը 1.8%-ով։

Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն և «Ելք»-ը այս պահին ունեն կայուն էլեկտորատ, որը 1 ամսվա ընթացքում չի փոխվել։

ԱԺ ընտրություններին մասնակցած մնացած 7 քաղաքական ուժերի ընտրողները՝ 150-155 հազար հոգի, մնացել են տանը։ Նրանց մի փոքր մասը՝ 26 հազարը, որոշել է ձայն տալ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը (թեպետ սա ընդամենը ենթադրություն է. հնարավոր է, որ ԵԾ-ի օգտին քվեարկել են ԱԺ ընտրություններին տանը մնացած մարդիկ)։

Կարճ ասած, այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի հավաքած տպավորիչ 72.25%-ը գրանցվել է ցածր մասնակցության շնորհիվ։ Այսինքն՝ համակիրների թվի աճ չկա։

Սա նաև անուղղակիորեն մեկ այլ բան է ցույց տալիս։ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի «տանող դեմքը» վարչապետ Կարեն Կարապետյանն էր։ Այս անգամ վարչապետի գործոնը բացակայում էր։ Ստացվում է՝ վարչապետով և առանց վարչապետի ՀՀԿ-ն մայրաքաղաքում հավաքել է գրեթե նույնքան քվե։ Սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ վարչապետի գործոնի դերն ԱԺ ընտրությունների ժամանակ չափազանցված էր, և ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել են հիմնականում առանձին թաղամասերում հեղինակություն և դիրք զբաղեցնող անձինք։

Ի դեպ, պատկերը բավականին հետաքրքիր է, երբ դիտարկում ենք ընտրությունների արդյունքները՝ ըստ Երևանի վարչական շրջանների։ Նախ նշենք, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկածների ամենաբարձր տոկոսը գրանցվել է Նուբարաշենում (85.5%), Նորք Մարաշում (80.02%) և Ավանում (78.95%)։ Իսկ ամենացածրը՝ 57.77%, Քանաքեռ-Զեյթունում։

Մենք առանձնացրել ենք ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի ստացած քվեների վիճակագրությունը՝ ըստ առանձին վարչական շրջանների։

Ինչպես տեսնում եք, ՀՀԿ-ի ձայներն ամենից շատ նվազել են Քանաքեռ-Զեյթունում։ Մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀԿ-ն այս վարչական շրջանում ստացել է 10 982 ձայն՝ ապրիլի 2-ի 17 099-ի դիմաց։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀԿ-ի ձայները նվազել են 3694-ով (13.1%-ով), Աջափնյակում՝ 1556-ով (5.4%-ով), Շենգավիթում՝ 1075-ով (2.6%-ով) և Նոր Նորքում։ Մնացած վարչական շրջաններում ՀՀԿ-ն ավելի շատ ձայն է ստացել, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ (ամենից շատ՝ 3781-ով, ՀՀԿ-ի ձայներն ավելացել են Էրեբունիում)։  (Տես աղյուսակը)։

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 5-ում դաշինքի ստացած ձայները նվազել են, 7-ում՝ ավելացել։

Վերջում մի խիստ սուբյեկտիվ հաշվարկ կատարենք՝ կապված ընտրակաշառքի հետ։ Ինչպես նշեցինք, ՀՀԿ-ն մայրաքաղաքում ստացել է 240 հազար ձայն։ Ենթադրենք, դրանք բոլորը ընտրակաշառքով գնված ձայներ են։ Ըստ շրջանառվող լուրերի՝ բաժանվել է 10-15 հազար դրամ ընտրակաշառք։ Ընդունենք առավելագույնը՝ 15 հազար դրամ։ Ստացվում է՝ ՀՀԿ-ն Երևանում բաժանել է 3.6 միլիարդ դրամ կամ 7.5 մլն դոլարի ընտրակաշառք։

Սա, կրկնենք, ընդամենը ենթադրություն է։ Ամեն դեպքում, այս 7.5 միլիոն դոլարը խիստ ուռճացված, առավելագույն թիվն է, որը կարող է բաժանված լինել։ Ու սա չափազանց տխուր եզրահանգումների տեղիք է տալիս։ Ստացվում է՝ ընդամենը 7.5 մլն դոլարով կարելի է գնել աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի իշխանությունը։

Մինչդեռ մյուս կողմից՝ ունենք կես միլիոն երևանցի, որոնք ընտրություններին չեն մասնակցում, իրենց համարում են անկաշառ և սկզբունքային քաղաքացիներ։ Ընտրակաշառքը դեր կխաղա՞ր, եթե այդ անկաշառ քաղաքացիների գոնե կեսը մասնակցեին ընտրություններին։ Մեծ հարց է։

Տեսանյութեր

Լրահոս