Եվրասիա հիմնադրամը կաջակցի Հայաստանի և Վրաստանի փոքր ու միջին ձեռներեցությանը

Եվրասիա հիմնադրամը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ միտված եվրասիական տարածաշրջանի զարգացող երկրների փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը: Օրերս Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում անցկացվեց փոքր բիզնեսի աջակցման Եվրասիա հիմնադրամի Gazelle Finance ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք տարբեր ֆինանսական գործիքների միջոցով կֆինանսավորենք այդ ընկերությունները, որոնք կոչվում են գազելներ,»,- ասում է Gazelle Finance ծրագրի տնօրեն Ջեֆրի Լիբերթը:

«Գազել եզրը առաջ է քաշել MIT համալսարանի տնտեսագետներից մեկը, ով այդպես է բնութագրել փոքր և միջին արագ զարգացող ընկերությունները»,- ասում է ծրագրի ղեկավար Ստեֆանի Քոմսը:

Հայաստանն ու Վրաստանն այն երկրներն են, ուր առաջին անգամ կիրականացվի այս ծրագիրը: 28 միլիոն դոլարանոց հիմնադրամը, համագործակցելով տեղի բանկերի հետ, 100 հազարից մինչև մեկ միլլոն դոլարի վարկեր կտրամադրի տնտեսության տարբեր ճյուղերի հայկական և վրացական մանր ու միջին ձեռնարկություններին:

«Ընտրված երկրները շատ ճիշտ են ծրագրի մեկնարկի համար: Դրանք համեմատաբար փոքր երկրներ են, որտեղ առևտրային հաշվեկշռիռը հավասարակշռված է, տնտեսությունում և կառավարման համակարգում իրականացվել են բարեփոխումներ: Սա նոր նախաձեռնություն է, և մենք չափազանց ոգևորված ենք»,- ասում է Ստեֆանի Քոմսը։

Եվրասիա հիմնադրամը երկար տարիներ տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում: Հիմնադրամի նախագահ Հորթն Բիբի-Սենթրը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը նախկինում այս ոլորտում հիմնադրամին աջակցելու համար և ընդգծեց Գազելի կարևրությունը Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության կարողության զարգացման հարցում:

«Եվրասիա հիմնադրամը դիտարկում է Գազելը որպես կարևոր կամուրջ փոքր ձեռներեցության երազանքներն ու նրանց կարևողությունները միացնելու հարցում, որոնք այդ ընկերություններին կտրամադրեն համապատասխան միջոցներ աճելու և ընդլայնվելու համար»,- ասում է Բիբի-Սենթրը

Միջոցառմանը ներկա Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ևս ողջունեց նախաձեռնությունը:

«Շատ հեռանկարային մոտեցում է: 5 տարի ծրագրավորման արդյունքումկարծում եմբազմաթիվ հայկական ընկերությւոններ, որոնք արագ են աճում, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ կունենան»,- ասում է դեսպան Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցող ծրագրի ներկայացուցիչները անդրադառձան ծրագրի բովանդակությանը՝ ընդգծելով, որ Gazelle Finance-ին մասնակից ձեռնարկությունները կհամապատասխանեն տեղական օրենսդրությանն ու ծրագրի պահանջներին:

«Մեր կողմից տրամադրվող միջոցները 5 տարով են և չափազանց հարմարավետ են ընկերությունների համար: Այն չափազանց օգտակար կարող է լինել հատկապես բիզնեսի սկզբնական փուլում»,- ասում է Ջեֆրի Լիբերթը։

«Մենք փնտրում ենք այն ձեռնարկությունները, որոնք ունեն կայուն ցուցանիշներ, արագ զարգացող ընկերություններ, որոնք կարող են առաջ մղել տնտեսությունը»,- ասում է Ստեֆանի Քոմսը:

Հայաստանում և Վրաստանում ծրագրի հաջողության դեպքում այն կշարունակվի Ղրղըզստանում և Մոլդովայում: Ինչպիսի արդյունքներ կունենա Գազելը, ցույց կտա ժամանակը: Անվիճելի է սակայն, որ մանր ու միջին ձեռներեցության զարգացման խնդիրը շարունակում է չափազանց արդիական մնալ Հայաստանի, Վրաստանի և հետխորհրդային այլ երկրների համար:

Տեսանյութեր

Լրահոս